Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան Հայաստանին թշնամական պետություն է նշանակել․ Զախարովայի եւ Պեսկովի հայտարարությունները գնահատում եմ որպես սպառնալիք»․Դավիթ Ստեփանյան

Սեպտեմբեր 05,2023 22:25

«Ռուսաստանը Հայաստանին նշանակել է թշնամի»,-այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփանյանն անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարություններին, ասում է՝ Ռուսաստանի այսօրվա իշխանությունն իրեն պահում է դասական փողոցային խուլիգանի պես․ «Երբ նա տեսնում է, որ իր հետեւում թույլ մարդ է կանգնած՝ փորձում է որքան հնարավոր է ճնշել այդ մարդուն, ստորացնել, մի բան պոկել, նստել վզին։ Երբ Մոսկվան տեսնում է, որ իր հետեւը կանգնած է թույլ պետություն, որի ղեկավարությունը չի ցուցաբերում բավարար կամք, նա փորձում է գնալ մինչեւ վերջ եւ լկտի պահանջներ է առաջադրում։ Ի՞նչ է նշանակում՝ «մենք Հայաստանից բացատրություն ենք պահանջում Հռոմի ստատուտի վերաբերյալ»։ Իսկ ով ասաց, որ մենք պարտավոր ենք այդ բացատրությունը տալ։ Այնպես որ ամեն ինչ կախված է մեր պահվածքից»։

Ստեփանյանի ներկայացմամբ՝ նույնիսկ ԱՊՀ այն երկրները՝ Մոլդովան, Ուկրաինան, որոնք հասցնում են Ռուսաստանի մռթին տալ, այդ երկրների հետ հաշվի են նստում, եւ իհարկե, այլ հարց է, որ հիմա այդ երկրները որոշակի զրկանքներ են կրում․ «Բայց կանցնի ժամանակ՝ ամեն ինչ հունի մեջ կընկնի։ Իսկ այսպիսի ագրեսիայի դեպքում գնալ զիջումների ճանապարհով , այդպիսի ցինիկ պահվածքի, անհիմն պահանջների դեպքում գնալ զիջումների, նշանակում է ուղղակի հետաձգել այն խնդիրները, որոնք մենք վաղ, թե՝ ուշ դա ստանալու ենք, եթե շարունակենք Ռուսաստանի այդ ցինիկ, լկտի որեւէ հիմք չունեցող պահանջներին ընդառաջ գնալ։ Հիմա սա է տեղի ունենում»։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, Ռուսաստանը շարունակում է իրականացնել անվտանգության երաշխավորի իր դերը։ Այս առնչությամբ Ստեփանյանն ասում է․ «Այդ սպառնալիքներն ունեն լայն աշխարհագրություն եւ ես այս սպառնալիքները դիտում եմ իսրայելա-իրանական հակամարտության ծիրում, Ռուսաստանի թուլացող ազդեցության ծիրում։ Որքան էլ Պեսկովը փորձի հոխորտալ ու կեղծ ժպիտով հայտարարություններ անել, ՌԴ-ն իրականում հնարավորություններ չունի, որպեսզի շարունակի մնալ մեր տարածաշրջանում այնքան, որքան ուզում է եւ այն ծավալով, որքանով ուզում է։ Մի կողմից՝ ՌԴ-ի սպառնալիքներն են, մյուս կողմից էլ՝ եթե մենք շարունակենք գտնվել ռուսական ազդեցության ծիրում, մեր գլուխները կախենք, եւ որքան հնարավոր է ցածր կախենք, հույսը դնենք, որ սպառնալիքը մեր կողքով կանցնի, այնքան շատ այդ սպառնալիքները բամփելու են մեր գլխին։ Այսինքն՝ ռուսական ազդեցությունից դուրս գալը դառնում է հրամայական։ Ես չեմ ասում, որ մեզ ՆԱՏՕ-ում են սպասում, արեւմուտքը գրկաբաց մեզ կսպասի, բայց այսօրվա աշխարհաքաղաքական, անվտանգային իրավիճակը, հաշվի առնելով Թուրքիայի դերը այս տարածաշրջանում, Ադրբեջանի սպառնալիքները, ռուսական ազդեցությունից դուրս գալ է պետք»։

Ստեփանյանի խոսքով՝ մենք չենք որոշում, որ ասենք՝ պետք է գնալ արեւմուտք կամ այլ կենտրոն։ Ըստ Ստեփանյանի, դա թելադրում է այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը․ «Հայաստանն այսօր որեւէ անվտանգային ճարտարապետությունից դուրս է։ Ռուսական անվտանգային ճարտարապետություն մեր տարածաշրջանում գոյություն ունի միայն թղթի վրա։ Այդ ճարտարապետությունը մեր երկրի անվտանգությունը չի ապահովում։ Դա մեզ համար խնդիր է, որը ունի մեզ համար էքզիստենցիալ բնույթ։ Այսինքն, մենք չունենք այլընտրանք։ Եթե մենք չենք փորձում ստեղծել նոր ճարտարապետություն կամ դառնալ այլ ճարտարապետության մաս, մենք կարող է վաղը կանգնենք ընդհուպ սուվերենության կորստի վտանգի առջեւ ու դա շատ հեռու չէ։ Հենց Ռուսաստանի, որը մեզ նշանակել է թշնամի, քայլերն են, որ ստիպում է Փաշինյանին անել այդպիսի հայտարարություն։ Ես կարծում եմ՝ Փաշինյանը մի բան էլ ուշանում է, մենք Հռոմի ստատուտը պետք է վաղուց ընդունեինք, վաղուց պետք է գործնական քայլեր անեինք, որպեսզի այդ ճարտարապետությունը փոխեինք։ Ճարտարապետություն ասելով՝ ես նկատի չունեմ միայն ՆԱՏՕ-ին, կա Հնդկաստան, որը մի երկիր է, որ ծավալապաշտական ծրագրեր ունի, իր ՀՆԱ-ով հասնում է Չինաստանին, եւ զարգացման մեծ պոտենցիալ ունի, այնպես որ, մենք ունենք Հնդկաստանի հետ համընկնող շահեր, ընդհանուր թշնամիներ, եւ ունենք հնարավորություն Հնդկաստանին բերել մեր տարածաշրջան, այնպես, ինչպես Ադրբեջանը բերել է Պակիստանին։

Այդուհանդերձ, ՌԴ-ն նորից առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։

Այս առնչությամբ էլ Ստեփանյանն ասում է՝ Զախարովայի եւ Պեսկովի հայտարարությունները գնահատում եմ որպես սպառնալիք։

«Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե ՌԴ-ն չի կատարում իր 97 թվականին ստորագրած պարտականությունները, եթե ՀՀ տարածքներն օկուպացվել են, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե նույնիսկ հայտարարության տեսքով ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն իրերն իրենց անունով չեն կոչում։ Հրաժարվում են հայտարարություն ընդունել եւ ճանաչել, որ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանը ագրեսիա է գործադրել ու օկուպացրել Հայաստանի տարածքը։ Այս պայմաններում հայ-ադրբեջանական սահմանին բերել ՀԱՊԿ դիտորդներ, նշանակում է հերթական անգամ մեր սահմանը դնել հարվածի տակ։ Մենք բերում ենք հերթական լրտեսներին, առանց այդ էլ ռուսական լրտեսական ցանցը բավականին ընդլայնված է Հայաստանում, մենք ավելի ենք մեծացնում այդ ցանցը ու հերթական անգամ հնարավորություն ենք տալիս մեր զինվորին թիկունքից հարվածելու»,-ասում է Դավիթ Ստեփանյանը։

Նա վստահ է՝ Ռուսաստանի նման քայլերը մի բանի են հանգեցնելու՝վաղ, թե ուշ լքելու են տարածաշրջանը, որովհետեւ Հայաստանում շատ քչերը ՌԴ-ի հետ կապված պատրանքներ ունեն․ «Մոսկվան Հայաստանին թշնամական պետություն է նշանակել։ Իր պարտականությունները չի կատարում։ Այլընտրանք չկա, այդ չգործող անվտանգային ճարտարապետությունից դուրս պետք է գալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930