Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հիմնանորոգում ենք մանկապարտեզներ ու դպրոցներ, աշխատավարձերը վերանայում ենք, ո՞նց եք կարծում, այդ մարդկանց թվում մեր աջակիցները կան, թե՞ չկան»․ Ավինյան

Սեպտեմբեր 11,2023 17:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութին,  ըստ որի՝ Տիգրան Ավինյանի հանրահավաքին Նոր Նորք վարչական շրջանում մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների եւ այլ պետական հաստատությունների աշխատակազմերը։

«Ես խնդրում եմ, հանկարծ որեւէ կտոր իմ այս պատասխանից չհանեք։ Առաջին հերթին բոլոր տեսակի վարչական ռեսուրսի չարաշահումներին մենք վերաբերվում ենք շատ վատ։ Եվ կոչ ենք անում՝ բոլոր դեպքերում, եթե որեւէ մեկին որեւէ սպառնալիքով, որեւէ պարտադրանքով, որեւէ նմանատիպ վերաբերմունքով որեւէ տեղ կհրավիրեն, թող իմանան, որ մենք ինքներս այդ արժեքներին դեմ ենք։ 2018 թվականի հեղափոխության արժեքները դա մերժում է, եւ, անկեղծ ասած, մենք դրա կարիքը չունենք։ Հետեւապես, խնդրում ենք դիմել ոստիկանություն, եթե կուզեն, թող դիմեն ինձ, թեկուզ անանուն, եւ ես խոստանում եմ անձամբ պատժել այն մարդուն, ով նման պրոցես է իրականացնում»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառման տրամաբանությունը 2018 թվականից առաջ մեկն է եղել՝ լեգիտիմացնել հետո կեղծվող, ընտրակաշառքով կազմակերպվող ընտրությունները։ «Հետեւաբար, քանի որ մենք նմանատիպ պրոցեսներն առհասարակ փակել ենք մեր կյանքից, Հայաստանի Հանրապետության պատմությունից, մենք նմանատիպ բանի կարիք չունենք։ Երրորդ, դուք մեզ հետ շրջում եք, տեսնում եք, թե ինչպես են դիմավորում մարդիկ։ Այո, բացասականն էլ կա, ոչ բոլորն են մեզ դրական դիմավորում, բայց խնդրում եմ տեսնել՝ քանի հոգի է մեզ դրական արձագանքում, քանի հոգի է բացասական արձագանքում։

Եվ վերջին ամենակարեւորը, երբ մենք ասում ենք, որ Երեւան քաղաքում հիմնանորոգում ենք պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, կառուցում ենք դպրոցներ, հիմնանորոգում ենք տասնյակ մանկապարտեզներ, էդ մարդիկ էնտեղ աշխատում են, շատ մարդիկ։ Երբ մենք ասում ենք, որ մանկապարտեզներում դաստիարակից մինչեւ տնօրեն բոլորի աշխատավարձերը վերանայում ենք, ո՞նց եք կարծում, այդ մարդկանց թվում մեր աջակիցները կան, թե՞ չկան»,- ասաց Ավինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930