Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավորներ չեմ ուզում փնտրել․ մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել նման իրավիճակ և′ Արցախի քաղաքական դաշտում, և′ Հայաստանի»․ Գայա Արզումանյան

Հոկտեմբեր 05,2023 23:18

«Կարծում եմ՝ հնարավոր էր խուսափել այս խայտառակ վիճակից, եթե ունենայինք լավ ու խելացի ղեկավարներ, եթե միևնույն չլիներ Հայաստանում ապրող հայերից շատերին, թե ինչ է կատարվում Արցախում»,-Aravot.am-ի հարցին՝ հնարավոր չէր արդյոք խուսափել այս իրավիճակից և ելքի ի՞նչ ճանապարհներ եք տեսնում, այսպես պատասխանեց արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։

Երգչուհուն հիշեցրինք՝ մի առիթով հարցազրույցներից մեկում բառացիորեն նշել էր․ «Ես ուղղակի պինդ ասում եմ՝ Արցախը արցախցունն է, ու պիտի այդ տան դուռը բացվի, որ ես գնամ իմ տուն, իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, պաչեմ։ Դա իմն է»։ Ու փաստեցինք՝ ցավոք, այսօր փաստացի արցախցուն իր տնից բռնի կերպով դուրս հանեցին և հարցրինք՝ այս իրավիճակի մեղավորներն ովքե՞ր են։ Գայա Արզումանյանը պատասխանեց․ «Ես՝ որպես արցախցի ու հայ ցավում եմ ստեղծված իրավիճակի համար։ Մեղավորներ չեմ ուզում փնտրել․ արդեն շատ ուշ է։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել նման իրավիճակ և′ Արցախի քաղաքական դաշտում, և′ Հայաստանի։ Կարծում եմ՝ բոլոր մեղավորները կպատժվեն ժամանակի ընթացքում։ Չէ՞ որ պատմությունն է մեզ ապացուցում, որ միշտ ներքին դավաճաններ են լինում հայ ազգի մեջ»։

Զրույցի ավարտին երգչուհին ասաց․ «Գիտեք՝ ինչ եմ մտածում․ մենք բոլորս հեռացել ենք Աստծուց, ու սա դրա նշանն էր։ Իսկ վերջում կասեմ, որ գալու է ժամանակը, երբ մենք ենք լինելու տերը մեր հողի, մեր սուրբ Արցախի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գայա Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031