Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանրային մուլտիպլեքսում չհեռարձակվող ռուսական հեռուստաընկերությունների վերաբերյալ առարկություններ չունենք». Տիգրան Հակոբյան

Հոկտեմբեր 09,2023 22:55

Aravot.am-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը(ՀՌՀ) արդյոք դիտարկե՞լ է մեր հեռուստաալիքները հետեւյալ համատեքստում՝ դրանցում հնչե՞լ են Ռուսաստանի հասցեին ատելության խոսք, ապատեղեկատվություն եւ այլն, հատկապես որ դիտարկվել էին ռուսական հեռուստաալիքները եւ հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ էին հայտնաբերվել:

Ըստ մեր ձեռքի տակ եղած ուսումնասիրության, ռուսական ալիքների եթերից հնչել էին նման արտահայտություններ՝«Փաշինյանը ծախեց Ղարաբաղը», «Հուդա, որը դավաճանել է իր ժողովրդին», «Ինչո՞ւ են մեր տղաները զենքով պաշտպանում ղարաբաղցիներին» եւ այլն:

«Հանձնաժողովի կողմից դիտարկվող ալիքները մշտադիտարկվում են թշնամանքի խոսքի, ապատեղեկատվության, քրեական պատասխանատվություն ենթադրող արարքների բովանդակության առումով: Դրանք բռնության կոչերն են, սահմանադրական կարգի բռնի տապալումը եւ այլն: Մենք դա անում ենք:

Բայց այստեղ խնդիրն այլ է. միջպետական համաձայնագրի առումով դիտարկում ենք ռուսական 2 ալիքները միայն նրա համար, որովհետեւ նրանք ըստ միջկառավարական պայմանագրի ՝ հեռարձակվում են մեր հանրային մուլտիպլեքսում: Նույնը նրանք կարող էին անել, եթե մեր Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվեր իրենց հանրային մուլտիպելքսում: Իսկ այն ռուսական հեռուստաընկերությունները, որոնք չեն հեռարձակվում մեր հանրային մուլտիպլեքսում, բնականաբար, չենք կարող դիտարկել եւ որեւէ առարկություն ունենալ: Ինչքանով նրանց ասածը մեզ դուր կգա կամ չի գա, դա իրենց ներքին գործն է:

Ինչպես արդեն նշեցի, խնդիրը միայն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տվել, որ 2 ռուսաստանյան ալիք հեռարձակվի մեր հանրային մուլտիպլեքսում, իսկ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա։ Հանրային մուլտիպլեքսը ստեղծվում է միայն քո տեղական ալիքների համար, որոնք քո պետական լեզվով սպասարկում են քո երկրի օրակարգը: Նրանց իրավունքն է քննադատել իշխանություններին:

Բայց քանի որ ռուսական ալիքներն օտար հեռարձակող են եւ տեղ են ստացել մեր հանրային մուլտիպլեքսում, ըստ միջկառավարական պայմանագրի, նրանք բովանդակային սահմանափակումներ ունեն: Խոսքը գնում է միջկառավարական պայմանագրի կետերի խախտման մասին: Եթե միջկառավարական պայմանագիրը չլիներ, եւ այդ ալիքները հեռարձակվեին, օրինակ, միայն մեր կաբելային ցանցերում, որեւէ առարկություն չէինք կարող ունենալ, բայց քանի որ հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսում, ստիպված ենք դիտարկել եւ ռուսական կողմին տեղեկացնել միջկառավարական պայմանագրի վերաբերյալ իրենց խախտումների մասին, ինչը եւս մե՛նք չպետք է անենք:

Ըստ միջկառավարական պայմանագրի, բանակցություններ վարողը եւ խորհրդակցություններ իրականացնողը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը չէ, այլ Հայաստանի լիազոր մարմինն է՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության»:

Հարցրինք ՝ ինչպե՞ս են տարբերակում, գնահատում՝ ո՞րն է թշնամանքի խոսքը:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ առաջնորդվում են միջազգային չափորոշիչներով ու սահմանումներով, քանի որ մեր օրենսդրության մեջ թշնամանքի խոսք եզրույթ չկա: Նրա խոսքով, երբ մշտադիտարկում իրականացնելիս որեւէ արտահայտություն դիտարկվում է թշնամանքի խոսք, վարույթ են բացում:Դրա հետ չհամաձայնող հեռուստաընկերությունը կարող է դիմել դատարան, եւ վերջնական եզրակացությունը դատական իշխանությունը տա:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031