Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս օրերին արդեն հասցրել են շուրջ 67 հազար արցախցու օգնություն ցուցաբերել:
Նա բավականին վրդովված պատմում է, որ վերջերս մի շատ ցավալի ու տհաճ դեպք է տեղի ունեցել: Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի 40 հասցեում գործող «Մաշտոց» հյուրանոցը մերժել է վճարովի հիմունքներով արցախցիներին ընդունել։ Ասել են, որ արցախցիները կարող են հյուրանոցի մահճակալները կոտրել։
«Տեղահանման հենց առաջին օրերն էին: Արցախից տեղահանված մի ընտանիք քնում էր ավտոմեքենայի մեջ: Մենք սննդամթերք տրամադրեցինք այդ ընտանիքին, երբ իմացանք, որ ավտոմեքենայի մեջ են քնում: Վարձով բնակարան որեւէ կերպ չգտանք, մեր կամավորական տղերքից մեկն իր գրպանից գումար տրամադրեց, որպեսզի այդ մարդկանց սենյակ տրամադրեն հյուրանոցներից մեկում, մինչեւ տան հարցը լուծենք: Այս մարդիկ մեր կամավոր տղայի հետ գնում են «Մաշտոց» հյուրանոց, ներկայանում են, որ արցախցի են, տեղ չունեն քնելու, հյուրանոցի աշխատակիցը պնդում է, որ հինգ հոգի` ծնողները եւ երեք երեխաները, չեն կարող մի սենյակում քնել: Հայրն ու որդին առաջարկում են՝ գոնե միայն մորն ու երկու աղջկան ընդունել հյուրանոցում, ասելով, որ իրենք կշարունակեն քնել ավտոմեքենայի մեջ, սակայն կրկին հյուրանոցի կողմից մերժում են ստանում: Ասել են` ոչ: Այդ մարդիկ կիսաուշաթափ վիճակում են եղել, անգամ նստելու տեղ չեն տվել մարդկանց, անգամ մի բաժակ ջուր չեն առաջարկել, ես հույս ունեմ, որ նման մարդկանց բիզնեսը մի գեղեցիկ օր կփակվի, ու այդ հյուրանոցի տերերը սոված-ծարավ կհայտնվեն արցախցիների կարգավիճակում»,- նշում է դերասանուհին:
Մենք դիմեցինք «Մաշտոց» հյուրանոց` հասկանալու համար, թե ինչու են արցախցիներին մերժել: Որքան էլ զարմանալի թվա, հյուրանոցից խրոխտ հայտարարեցին՝ այո, մերժել ենք։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































