Երեւանի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուց հետո ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ։
Ըստ այդմ՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Մարատ Թոխյանը։
Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանը։
Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Հանրապետություն» խմբակցությունը։ Թեկնածուն նույն խմբակցությունից Հայկ Սահակյանն է, որն էլ ընտրվեց այդ պաշտոնին։
3 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը մասնակցեցին ավագանու 37 անդամներ, եւ բոլորի դեպքում էլ կողմ քվեարկած ավագանու անդամները 32-ն են, դեմ` 5։ Ըստ էության, «Հանրային ձայն» խմբակցությունն է դեմ քվեարկողը։
Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը մասնակցեց ավագանու 35 անդամ, կողմ քվեարկեցին 31 անդամ, դեմ՝ 3 ։ Ձեռնպահ քվեարկող չի եղել։

The first session of the newly elected Yerevan Council of Elders, where the new Mayor of Yerevan will be elected takes place in Yerevan Municipality
Հիշեցնենք , որ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնում ընտրելու քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ, անվավեր քվեաթերթիկ չկար, վավեր թերթիկները՝ 37։ Ավինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ «Հանրապետություն» խմբակցությունը քվեարկեց Երեւանում իշխանություն ձեւավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության օգտին։ Այսինքն, «Հանրապետություն» խմբակցությունը քվեարկել է Տիգրան Ավինյանի օգտին, իսկ «Հանրային ձայնը» դեմ է քվեարկել։
Նիստին չեն մասնակցել «Ազգային առաջընթացն» ու «Մայր Հայաստան» դաշինքը։ Եթե «Հանրային ձայնն» էլ նիստին չմասնակցեր, ապա քվորում չէր լինելու, նիստը չէր կայանալու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

















































