ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր իրողություններին, իսկ խաղաղապահներին առնչվող հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ:
«Ինչպես գիտեք, ինչպես բազմիցս ասել ենք վերջին 1 տարում Ղարաբաղում իրավիճակը կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք Եվրամիության հովանու ներքո կայացած գագաթնաժողովին և վերահաստատեց իր դիրքորոշումը այս տարվա մայիսին և հուլիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովներում: Այսպիսով պայմանները, որոնցով ռուս խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 2020 թվականին ճշգրտվել են, իսկ այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո բնակչության զանգվածային գաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի»,-հայտարարել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ԼՂ-ում արդեն իսկ փակվել են ռուս խաղաղապահ զորախմբի մի շարք հենակետեր։
Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման և բանակցությունների ժամկետներին՝ Զախարովան ասել է, որ ժամկետներն ու ձևաչափերը հայտնի լինելու դեպքում դրանք կհրապարակվեն։

















































