Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը

Հոկտեմբեր 24,2023 12:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, նրանց դեղապահովման, իմունականխարգելման և ամբողջությամբ անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք բռնի տեղահանվածներին հավաքագրելով ու գրանցելով առաջնային օղակին` կազմակերպելով նրանց պատշաճ բուժօգնությունը: Այս պահին արդեն ունենք 45 հազարից ավելի հավաքագրված պացիենտներ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ գործընթացը շարունակվում է», – նշել է Արտակ Ջումայանը:

«Առողջապահական ծրագրերի ընդլայնման այս հնարավորությունը պետք է օգտագործենք շատ աշխատանք անելու ու ավելի մեծ արդյունքների հասնելու համար` ամրապնդելով մեր գործակցությունը»,- ասել է Թիերի Կովաքսը:

Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրելու և փոխգործակցության արդյունքում ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու համատեքստում:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: