Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հո անմեղսունակների հավաքական չենք, այն, ինչ տեղի է ունեցել մեր իշխանության օրոք, չէր կարող տեղի ունենալ առանց մեզ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբեր 24,2023 16:25

«Մեր մեղավորությունը կա, բայց չեն կարող Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը, դուք կառավարել պրոցեսներ, որոնք աշխարհաքաղաքական կենտրոնների որոշման արդյունք են»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

Դիտարկմանը, որ այս իշխանությունը հայտարարում էր, թե Հայաստանում ու Արցախում ապագա կա, տեսանք, թե ինչ եղավ, Արսենյանը պատասխանեց. «Ես այն գործիչն եմ, որը անընդհատ բաց, առանց որեւէ բան թաքցնելու՝ ասել է իր տեսակետը Արցախի ղեկավարության, առաջնորդների գործունեության արդյունավետության հետ կապված։ Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ իմ ընկերը, ես խոսում եմ Արցախի ղեկավարության գործունության մասին, չեմ խոսում իմ եւ Արայիկ Հարությունյանի ընկերական հարաբերությունների մասին։ Նա շարունակում է մնալ իմ ընկերը, մաղթում եմ իրեն շուտափույթ ազատվել գերությունից։ Սակայն իմ գնահատականները, մասնագիտական գործունեության հետ կապված, չեն փոխվել»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքական թիմի մեղավորությունը Արցախի հարցում, Արսենյանը պատասխանեց. «Մենք ենք իշխանության, ո՞նց կարող է մենք մեղք չունենանք։ Մենք հո անմեղսունակների հավաքական չենք, որ ժպտալով նայենք, ասենք՝ բոլորդ մեղավոր եք, մենք մեղավոր չենք։ Իհարկե, մեր մեղքը կա, մեր մեղավորությունը կայանում է նաեւ նրանում, ու ավելի վճռական չեղանք ջանքեր գործադրելու, որպեսզի այդ երկխոսությունը տեղի ունենար, որպեսզի չստանայինք այս արդյունքը։ Ես անձամբ ինձ մեղադրում եմ, որ շատ ավելի մեղմ եմ խոսել ու միշտ դիմել եմ Արցախի ժողովրդին, ասել եմ՝ մի հատ հարցրեք ձեր ղեկավարներին, թե ինչ են ուզում ձեր գլխին անել։ Մենք ենք Հայաստանում քաղաքական իշխանությունը, այն, ինչ տեղի է ունեցել մեր իշխանության օրոք, չէր կարող տեղի ունենալ առանց մեզ։ Մենք դա շատ լավ պատկերացնում ենք։ Մենք փորձում ենք մեր ուժերի եւ հնարավորության սահմաններում կառավարել այն պրոցեսները, որոնք հիմա ընթանում են։ Սակայն նաեւ պետք է հաշվի առնենք հետեւյալ հանգամանքը, որ աշխարհաքաղաքական հոսանքներ կան, որի կառավարումը մեր հնարավորություններից դուրս է։ Իմ խորին համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետեւում կանգնած է նաեւ որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից լուռ համաձայնությունը։ Դրա համար Ադրբեջանը հանգիստ կարողացավ ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Այսինքն՝ բանակցությունների տապալումը բերեց նրան, որ ռազմական ճանապարհով, Ադրբեջանի համար «հակաահաբեկչական օպերացիայով» լուծվեց այդ խնդրի առկայությունը։ Սթափ է պետք նայել»։ Պատգամավորը նշեց, որ չի կարելի պահանջել, որ թեթեւ քաշային մարզիկը գերծանր քաշային մարզիկին նոկաուտ անի, այդպես չի լինում։

Արսենյանը հավելեց, որ խաղաղությունը Հայաստանի համար անվիճահարույց հարց է։ Հարցին, թե այս իրավիճակում որքանո՞վ է ճիշտ խոսել խաղաղության մասին, երբ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման համար, Արսենյանը պատասխանեց. «Խաղաղությունը որպես նպատակ դա չքննարկվող, անվիճահարույց թեզ է ՀՀ համար»։

Ըստ նրա՝ քարոզչական ու քաղաքական նպատակներով անընդհատ կարելի է իրականացնել պրոցես՝ հասարակության ուշադրությունն իր առօրյայից տանելու դեպի ազգամիջյան բախման, ազգամիջյան թշնամանքի հրահրման։ «Շատ լավ սխեմա է, որը ժամանակին իրականացվել է, մենք ավարտել ենք այդ պատմական փուլը։ Ցավոք սրտի, մեզ համար ավարտվել է ազգային աղետով, ազգային իղձերի փլուզմամբ։ Եվ որեւէ հեռատես, շրջահայաց մարդու համար դա պետք է լինի հետեւություններ անելու իրավիճակ։ Այդ արդյունքների վերլուծությունը շատ անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք սթափ իրականացնել մեր երկրի կառավարումը։ Արկածախնդրական մոտեցումների ավարտը միշտ լինելու է այնպիսին, ինչպիսին մենք տեսանք։ Այս մի դառը փորձից, հարվածից հետո գնալ մի անգամ էլ, հինգ անգամ էլ նմանատիպ ճամփով, դա նշանակում է՝ մենք սարսափելի հանցագործություն ենք կատարում մեր հասարակության եւ պետության առջեւ։ Արցախի հարցը մեզ համար ազգային իղձերի բլոկից հարց էր, որն իր արդյունքներով վերածվեց արկածախնդրության։ Մարդիկ, ովքեր իրենց վրա ստանձնել են պատասխանատվություն եւ ունակ են այդ պատասխանատվությունն իրացնելու, նրանք պետք է նաեւ ունակ լինեն երեւույթներին տալու ճիշտ գնահատական։ Եթե դու երեկույթին չես տալիս ճիշտ գնահատական ու հանդիսանում ես ժողովրդի առաջնորդ, քո ժողովուրդը վաղը չէ մյուս օրը կհայտնվի անդունդում։ Ինձ շատ եք դուք քննադատում նրա համար, որ ես ձեզ ասում եմ դառը ճշմարտությունը։ Ես շարունակելու եմ ձեզ դա ասել, որովհետեւ ձեր քննադատությունը չի ազդելու իմ սկզբունքների վրա։ Բազմաթիվ անգամ հնչեցրել եմ ուղերձներ Արցախի ղեկավարությանը, մանիպուլյատիվ նպատակներով քարոզչական հարձակում էիք սկսում Գուրգեն Արսենյանի վրա, փոխանակ ձեր թիրախը դարձնեիք այն պաշտոնյաներին, որոնք պարտավոր էին սպասարկել իրենց ժողովրդի շահերը։ Գուրգեն Արսենյանն իրենց ասում էր՝ ձեր վտանգը Բաքվից է, ձեզ սպառնում են Բաքվից, խոսեք Բաքվի հետ, գնացեք բանակցեք ձեր վտանգի աղբյուրի հետ, մինիմալացրեք այդ վտանգը, որպեսզի կարողանաք ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Չարեցին, միայն հոխորտում էին Հայաստանի հանդեպ, վերամբարձ ճառեր էին ասում, արդյունքը եղավ այն ձախողումը, որին բոլորդ ականատես եղաք։ Էլի Արսենյանն է երեւի մեղավոր»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությո՞ւնն էլ է արկածախնդրություն եղել, նա պատասխանեց. «Քաղաքական պլատֆորմի շարադրման ժամանակ քաղաքական կառույցն իր համար հռչակում է ամենամաքսիմալիստական թեզերը։ Դա կոչվում է քարոզչական, նախընտրական ծրագիր։ Երբ որ ավարտվում է ընտրությունն ու ձեւավորվում է իշխանություն, գործող իշխանությունը, ելնելով իր առկա հնարավորություններից ու պայմաններից, սկսում է իրականացնել այդ մաքսիմում նպատակները սպասարկելու գործընթաց։ Գործընթացի արդյունքում դու տեսնում ես կամ հաջողություն, կամ դիմադրություն ու սկսում ես սրբագրել քո նպատակները։ Այսինքն՝ տեսնում ես, որ անհնար է հասնել այս նպատակին, իրականացնում ես պլանի փոփոխություն, սպասարկում ես նպատակ, որն ավելի իրատեսական կարող է լինել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031