Լրահոս
Օրվա լրահոսը

«Փափուկ ուժը կարևոր զենք է». Զարեհ Սինանյան

Հոկտեմբեր 27,2023 23:00

Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:

Համագումարի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՍԴ դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ,  բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների նվիրվածությունը հայկական շահերի պաշտպանության գործում: «Քաջատեղյակ եմ, որ այսօր այստեղ են մարդիկ, ովքեր մասնակցում են աշխարհում հայկական շահերի պաշտպանության գործին տարբեր ուղղություններով: Փափուկ ուժը կարևոր զենք է, և հայկական սփյուռքի կողմից դրա թիրախային օգտագործումը և արդիական ընկալումը կարող է հանգեցնել էական փոփոխությունների հայկական շահերի պաշտպանության գործընթացներում: Կարծում եմ՝ սփյուռքյան տարբեր շրջանակների առավել լայն թափով ներգրավվածությունը լոբբիստական աշխատանքներում հայրենիքին աջակցելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը կարող է լինել»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է Հայ իրավաբանների համագումարի անցկացումը համազգային հիմնախնդիրների լուծման համատեքստում: Նա ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների դերը Հայաստանի իրավական գործընթացներին աջակցման գործում, ինչպես նաև նշել համագումարի շրջանակներում ընտրված թիրախային թեմաների արդիականությունը:

Ավելի վաղ համագումարի մասնակիցներն այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել:

Նշենք, որ հաջորդ երկու օրերի ընթացքում համագումարի հինգ պանելային նիստերին և չորս աշխատաժողովներին որպես նիստավարներ և բանախոսներ հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։ Նիստերի և աշխատաժողովների շրջանակներում հանդես կգան ՀՀ պետական գործիչները, ԱԺ պատգամավորները, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները։

Համագումարի հիմնական թեմաներն են սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում, հետպատերազմյան իրավական գործընթացները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, Հայկական ազգային շահերի  պաշտպանության և դրանց աջակցելու իրավական հիմնախնդիրները, հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները և այլն։

Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն է Team Telecom Armenia-ն: Այն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։

 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031