Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղսունակ վիճակից դուրս գալու ժամանակը

Նոյեմբեր 04,2023 10:00

1905 թվականի առաջին ռուսական հեղափոխությունից մեկ կամ երկու տարի անց  Նիկոլայ Երկրորդն իր մոտ է կանչում իր թիկնազորի («ախրանկայի») ղեկավար գնդապետ Ալեքսանդր Սպիրիդովիչին եւ պահանջում է զեկուցել, թե ովքեր են ռուս հեղափոխականները՝ բոլշեւիկներն ու էսեռները: Սպիրիդովիչը, հավանաբար, չափից դուրս մանրամասն զեկույց էր պատրաստել, եւ կայսրը խնդրում է մեկ նախադասությամբ ներկայացնել, թե ինչ են ուզում այդ մարդիկ: Գնդապետի պատասխանը հետեւյալն էր՝ նրանք ուզում են իշխանություն, բայց չեն ցանկանում սովորական կարիերա անել: Ւսկապես, նորմալ, սովորական վիճակում ոչ մի դատ չշահած փաստաբանը, միջին մակարդակի հրապարակախոսը կամ չկայացած լեհ հոգեւորականը դժվար թե բարձր պաշտոններ զբաղեցնեին: Միայն հեղափոխական ալիքն էր, որ մակերես բարձրացրեց Լենինի, Տրոցկու կամ Ձերժինսկու նման «ինֆերնալ տաղանդներին»:

…Ժան-Պոլ Մարատը ինքնուս բժիշկ էր եւ անասնաբույժ, գրում էր պոեմներ եւ տրակտատներ: Նրա գիտական եւ գեղարվեստական գործերի վրա բոլորը ծիծաղում էին: Բայց սկսվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, նա հրատարակում էր «Ժողովրդի բարեկամ» թերթը, որը գործիք էր դարձրել՝ իրեն ծաղրողներից վրեժ լուծելու համար՝ հռչակելով նրանց «հակահեղափոխական»: Ովքեր երբեւէ թթու խոսք էին ասել անհաջողակ անասնաբույժի հասցեին, տարվում էին կառափնարան: Իսկ երբ Մարատը սպանվեց իր լողասենյակում, նրան «հեղափոխության սուրբ» հռչակեցին:

Հեղափոխություններ չեն կարող չլինել՝ դրանց պետք է վերաբերվել որպես անխուսափելի չարիքի: Պարզապես դրանցից հետո իշխանության եկած հեղափոխականները «հունի մեջ են ընկնում» մի դեպքում՝ արագ, մյուս դեպքում՝ դանդաղ, իսկ երրորդ դեպքում՝ ընդհանրապես խելքի չեն գալիս: Ամեն ինչ կախված է սովորելու ունակությունից ու ցանկությունից եւ ինքնասիրահարվածության աստիճանից:

Հինգ ու կես տարին, ինձ թվում է, միանգամայն բավարար է՝ հասկանալու համար, որ միջազգային հարաբերություններում (նախեւառաջ), ինչպես նաեւ տնտեսության, կրթության, մշակույթի մեջ, իրավապահ ոլորտում պետք է առաջնորդվել ոչ թե «հեղափոխական արժեքներով», այլ պետության կուտակած ժառանգությամբ եւ մասնագետների եզրակացություններով: Հիշո՞ւմ եք, 2018 թվականին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ծրագիր ուներ Հեղափոխության թանգարան հիմնելու: Անմեղսունակության այդ մակարդակը դեռեւս պահպանվում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Արդիական թեմա է և ես հոդվածի վերնագիրն ինքս իմ համար խմբագրեցի ու դարձրի «Անմեղսունակներին բժշկի տանելու ժամանակը», քանի որ անմեղսունակներն անմեղսունակ վիճակից ինքնուրույն չեն կարող դուրս գալ և չեն էլ ուզենա դուրս գալ, քանի որ ինչպես ասում են այդ վիճակն իրենց «բեսամթ դզել ա»:
    Այսօր հայ ազգի թիվ 1 ամոթը անմեղսունակների ներկայիս մանկապարտեզին իշխանությունում թողնելն է: Այդ մանկապարտեզի անդամները խիստ պաշտպանված են զգում իրենց, երբ տեսնում են թիկնապահներով և ոստիկաններով շրջապատված իրենց «թխսի» ցինիկ, անկաշկանդ ու անպատժելի վիճակը: Նման դեպքում անմեղսունակ «ճուտիկները» հավաքվում են «թխսի» շուրջը և նույնքան լկտի ու անկաշկանդ թքում իրենց քննադատողների երեսին, կարտոֆիլ վաճառողի կարտոֆիլի պարկը քացով գլորում և կարտոֆիլը փոցոցում թափում, թղթակիցներին բերման են ենթարկում, անբավարար քվեներով Երևանի քաղաքապետ նշանակում, հայրենասեր իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում, Արցախը թուրքին են հանձնում, բայց հպարտանում, որ չկա աշխարհի մի ուրիշ երկիր, որը կարողանար միանգամից 100 հազարից ավելի փախստական ընդունի և այլ լկտիություններ:
    Ինձ թվում է, որ այս դեպքում ոչ թե անմեղսունակներն են մեղավոր, այլ առողջները, որոնք անմեղսունակներին չեն կարողանում խիստ անհրաժեշտությունից ելնելով բուժման տանել: Այդպիսի անուժ առողջները չեն կարող լիարժեք առողջ համարվել և չեն էլ կարողանա վայելել այլ երկրներից մեզ հետևող հասարակությունների հարգանքը:
    2008 թվականին իրեն առաջնորդ համարող մի պերճախոս հռետոր հայտարարեց, որ պատրաստվում է մաքրել «Ավգյան ախոռները», բայց 10 տարի անց այդ նույն հռետորին հաջողվեց այլոց օգնությամբ իշխանության բերել իր ազգակործան պատուհաս հոգեզավակին, որպեսզի այդ ախոռներն ավելի կեղտոտվեն, Արցախը հանձնվի թուրքին և ինքը մեծամտությամբ կրկին հայտարարելու իրավունք վաստակի. «Բա որ ասում էի լավ չեք ապրելու, Սերգո ջան»:

  2. Հ.Շ. says:

    Յեղափոխութիւնների վերաբերեալ նախադիպային տուեալները գիտնալն ու նշելը, միշտ օգտակար գործ է: Սակայն ափսոս, անոնց մասին բաւարար չափով չի խօսուիր, չի գրուիր, մինչեւ որ տեղի ունենայ յաջորդ նոյնանման, հաւաքական խելագարութիւն մը:

    Իսկ հակառակ վերեւ յիշատակուած այդ բոլոր իրականութիւններին, * յեղափոխութիւն * բառը միշտ էլ կը պահէ քնարերգական, վիպապաշտ հմայք մը: Ճիշդ է որ այդպէս է, մանաւանդ պատանիների եւ երիտասարդների մօտ, որոնք ընդհանրապէս շատ բան չեն գիտեր նախկին յեղափոխութիւնների մասին. բայց կան ամէն տարիքի մարդիկ, որոնք այդ տարօրինակ յուզումները կը զգան, կը թրթռան, մինչ խօսքը, առաջին հերթին՝ ամէն բան ջարդել փշրելու խորտակելու մասին է, առանց որեւէ լուրջ, իրապաշտ, շօշափելի, իրականալի ծրագրի մը, թէ՝ ի՞նչ պիտի կառուցուի, եւ մանաւանդ՝ ինչպէ՞ս, այդպէս վայրագօրէն փճացուած այդ ամէնին տեղը:

    Երեւանի 2018ի գարնան, երբ որ կը ջանայի ահաւոր հոսանքին դէմ բանականութեան ձայն մը հնչեցնել, ինձանից աւելի տարիքոտ (եւ վստահաբար աւելի հարուստ, իր կեանքում շատ աւելի օգտուած դրամատիրական կարգերից, եւ որ նաեւ, ի տարբերութիւն ինծի, միշտ էլ գործնականօրէն համագործակցած էր նախկին վարչակարգերի հետ ) անձ մը, ուսեալ ֆրանսահայ մը (որ ուրեմն իրենց յեղափոխութեան մասին սորված էր գոնէ դպրոցում), ինծի կոչեց՝ յետադիմական. réactionnaire:

    Ես ալ իրեն միայն պատասխանեցի որ, լաւ գիտնալով թէ ուր կը գնան յեղափոխութիւնները, որպէս փաստաբան, ես չեմ ուզեր դառնալ՝ Տանթօն. ոչ տառացի, ոչ ալ փոխաբերական իմաստներով:

    Չնայած, յիշեալ փաստաբանին գլուխը կտրող, իր յեղափոխական ընկեր Ռոպեսփիէրն ալ, փաստաբան էր…

    Սակայն վերեւի պատմական, օգտաշատ դասընթացքին մէջ, պէտք էր թերեւս յիշել որ վերջում, յեղափոխականները զիրար կը մաքրագործեն: Մեծ դուխո՛վ:

    Երեւի այլեւս այդ յոյսը մնաց միայն, Հայաստանի պարագային… Մաքրագործում բառին ոչ մարմնային իմաստով անշուշտ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930