Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դա համարում եք թալան է, ուրեմն բոլոր բիզնեսով զբաղվողները թալանով են զբաղված». Բագրատյանը՝ կնոջ ապօրինի շահագործած ավազի հանքի մասին

Նոյեմբեր 16,2023 23:45

«Հետքը» հրապարակել էր, որ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործում։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չի իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։

Aravot.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն այսպես պարզաբանեց. «Հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այդտեղ որեւէ ապօրինի հանք գոյություն չունի, ավելին ասեմ՝ հանք գոյություն չունի, որ ապօրինի շահագործվի: Իրականում սա կատարվել է հետեւյալ կերպ. իմ տղան ԱՄՆ-ից մայրիկին լիազորել է ընկերություն հիմնադրել՝ այգեգործությամբ զբաղվելու համար: Վարձակալությամբ վերցրել են քաղաքացու տարածքը՝ այդ աշխատանքները կազմակերպելու նպատակով: Երբ որ հողային աշխատանքները հարթեցման կատարել են, պարզվել է, որ ավազի մնացորդներ կան»:

Բագրատյանը վստահեցրեց, որ այդ ժամանակ դադարեցրել են աշխատանքը, դիմել են  փորձաքննության. «Պարզվել է, որ առանձին մասեր 20-30% ավազ է պարունակում: Սկզբում դիմել են Երկրաբանական ֆոնդին՝ կա՞ այդտեղ հաստատված ավազի պաշար եւ հանքավայր, ստացել են բացասական պատասխան, որ ձեր նշած տարածքում որեւէ հանքավայր գոյություն չունի: Որից հետո դիմել են ՏԿԵՆ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե այս դեպքում ընկերությունը ինչպե՞ս պետք է վարվի, որովհետեւ պետք է հողը ազատել ավազից: Պատասխանել են՝ այդ իրավունքը դուք ունեք, մինչեւ 2 մետր խորությամբ կարող եք հողը մաքրել ավազից եւ իրացնել ձեր նպատակների, ձեր կարիքների համար»:

Ըստ Բագրատյանի, դիմել են նաեւ Շրջակա միջավայրի նախարարություն՝ ՇՄԱԳ փորձաքննության համար, բայց այս անգամ էլ նախարարությունը նշել է՝ քանի որ դա հանքավայր չի ու լիցենզավորման ենթակա գործունեություն չի, մենք ո՛չ լիցենզիա կարող ենք ձեզ տրամադրել, ո՛չ էլ ՇՄԱԳ տրամադրել, դա հանքավայր չի:

Այսքանից հետո ի՞նչ էր մնում անել պատգամավորի կնոջը՝ հանել ավազը, լվանալ ու վաճառել: Բագրատյանն ասաց, որ այնպես չի՝ իրավապահները չեն հետեւել, հետեւել են, վարչական ակտ են կազմել հոկտեմբերի 5-ին ու արձանագրել, որ լիցենզավորում ընկերությունը չունի: Բագրատյանենք ասել են՝ խնդրեմ նախարարությունների գրածը. «Հիմա պետք է այս վեճը այս ակտի հետ կապված նայենք՝ կա՛մ կընդունեն, կա՛մ չեն ընդունի: Տեսնենք»:

Հարցրեցինք՝ հաշվի առնելով, որ Շրջակա միջավայրի նախարարը, ՏԿԵՆ նախարարը ձեր թիմակիցներն են, հաշվի առնելով ձեր հանգամանքը, հնարավոր չի՞, որ նրանք աչք փակեն ու գրեն՝ լիցենզավորում պետք չէ, դուք էլ հանգիստ արդյունահանե՞ք ավազը՝ նա պատասխանեց. «Բացառում եմ այն իմաստով, որ բոլոր այս պատասխանների մեջ համապատասխան հոդվածի հղում է կատարված, այսինքն, պատասխան գրության մեջ նշված է, թե որ օրենքով է սա կանոնակարգվում»:

Այսինքն, նախարարները իրենց թիմակցի համար «լավություն» անելիս չէին կարող մի հարմար հոդված գտնել ու գրել: Ըստ Բագրատյանի՝ «Իրենք օրենքով են պատասխանել, ստեղծագործական աշխատանք չեն արել: Որեւէ մեկը հիմար չի, որ գրավոր տեքստին պատասխանի ազատ շարադրությամբ, պետք է հղում անես օրենքին: Մենք հենց դիմել ենք ու ասել ո՞ր օրենքով է կարգավորվում, ասեք, որպեսզի մենք համաձայն այդ կարգի աշխատանքներ իրականացնենք: Ընկերությունը բոլոր պատասխանները ստացել է»:

Թե այս ընթացքում որքա՞ն ավազ են արդյունահանել այդ տարածքից՝ Բագրատյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք, որ որոշ տարածքներում 20% է, որոշ տարածքներում ընդհանրապես չկա, որոշ տեղերում 30% է, բոլոր ծավալներն իրար հետ՝ 23 հազար խմ է»:

Նա ասաց, որ երբ պարզել են, որ այդ տարածքում ավազ կա, մեքենայով հողն ավազից լվացել, առանձնացրել են. «Ավազը, որպեսզի որպես աղբ չթափվի, նաեւ դիմել են համայնքի ղեկավարությանը, խնդրելով, որ եթե աղբավայր ունեն, կարող են տեղափոխել էլ: Եթե մենք աշխատանք չկատարեինք, կարող էինք ասել՝ այդպես տարեք, ոչ մի ծախս չէր լինի: Բայց արդեն լվանալուց հետո բնականաբար ինքը որոշակի գին ունի եւ պետք է այդ գնով վաճառես, որ գոնե քո ծախսերը դուրս գա, որովհետեւ վառելիք, տեխնիկա ես օգտագործում»:

Հարցին՝ ինչքա՞ն է հարստացել ձեր ընտանիքը այդ ավազի արդյունահանումից՝ Բագրատյանը պատասխանեց. «Չենք կարող հարստանալ, դրանք ամենօրյա ծախսեր են, որոնք վճարվում են աշխատակիցներին, տարբեր տեխնիկաներին, մեծ գումարներ են դրանք պահանջում, վարձակալությամբ են ամեն ինչը վերցրել: Շահույթը կերեւա տարվա վերջին ամփոփումից, ենթադրում եմ, որ այդտեղ շահույթ չի կարող լինել»:

Հարցին՝ դուք, օգտագործելով ձեր դիրքը, թալանո՞ւմ եք մեր երկրին պատկանող հանքերը ձեր ընտանեկան բարեկեցության համար՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքացին տնօրինում է դա 2005 թվականից եւ որեւէ գործունեություն չի իրականացրել: Դրանից հետո վարձակալությամբ տվել է եւ վարձ է ստանում, մենք 2 մլն 400 հազար վարձ ենք տալիս եւ եկամտահարկ ենք վճարում, այսինքն, ընկերությունն աշխատում է օրենքի համաձայն, եթե դա համարում եք թալան է, ուրեմն բոլոր բիզնեսով զբաղվողները թալանով են զբաղված: Բայց դա հանքավայր չի ու որեւէ կերպ հնարավոր չէ դիտարկել որպես հանքավայր: Եգիպտացորենի այգի է դառնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930