Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է կառավարությանը՝ հասարակական նշանակության շենքերը բոլոր քաղաքացիների համար մատչելի դարձնելու հարցում

Նոյեմբեր 30,2023 13:36

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հասարակական նշանակության շենքերը մատչելի դարձնել բոլոր քաղաքացիների համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Դիմոքրըսի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը ներկայացրեց Երևանի 27 օբյեկտների (մետրոյի 10 և երկաթուղային 3 կայարանների, ինչպես նաև պատմական նշանակության 14 շենքերի) մատչելիության գնահատման արդյունքները։

Արդյունքները ներկայացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որը նույնպես գնահատված շենքերի թվում էր: Համագործակցության արդյունքում, ԱՄՆ ՄԶԳ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրն աջակցել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիային՝ ներգրավելով միջազգային փորձագետներ՝ 2023 թվականի օգոստոսին մատչելիության գնահատումն իրականացնելու համար: Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2022 թվականի N 250-Լ որոշումը, որը նախանշում է մատչելիությունն ապահովելու համար արդիականացման ենթակա կարևոր օբյեկտների ցանկը՝ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է թվարկված շենքերի գնահատումը։

Մատչելիության միջազգային չափանիշերին համապատասխանությունն ապահովելու համար Կոմիտեին անհրաժեշտ էր միջազգային փորձագետների խորհրդատվությունն ու առաջարկությունները:

Միջոցառման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը նշեց. «Մատչելիությունն ու հարմարեցումները պարտադիր չէ կապել բացառապես հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Հարմարեցված ճանապարհները, ճիշտ կառուցված թեքահարթակները կարող են հեշտացնել բոլորիս կյանքը՝ օրինակ տարեցների կամ մանկասայլակով երեխայի տեղաշարժն ապահովող ծնողների»։

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Անի Մանուկյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Կարևոր է ամեն օր հիշել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել լիարժեք և ակտիվ կյանքով իրենց համայնքում՝ հավասար իրավունքներով և ընտրության հնարավորությամբ։ ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտպանում է այս իրավունքները և հավատացած է, որ ներառական հանրությունը ժողովրդավարության հիմնասյուներից է և, որ հենց այս երկրներն ունեն ավելի մեծ հնարավորություն հասնելու զարգացման իրենց նպատակներին»: Միջազգային երկու փորձագետները, որոնք գնահատել են վերոնշյալ շենքերի մատչելիության ներկա մակարդակը և նախանշել հնարավոր փոփոխությունները, տեսակապի միջոցով ներկայացրեցին արդյունքներն ու առաջարկությունները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց. «Շենքերի մատչելիությունը գնահատելու համար մասնագետներ ներգավելու նպատակով դիմեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությանը, և այսօր ունենք միջազգային փորձագետների եզրակացությունները բոլոր շենքերի վերաբերյալ, ինչը մեզ թույլ կտա արդյունավետորեն շարունակել աշխատանքը»։ Դիմոքրըսի Ինթերնեշնլ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Վասերսթրոմն իր բացման խոսքում ասաց. «Հուսով ենք, որ Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում ծրագրի կողմից իրականացված մատչելիության գնահատումը կխթանի Հայաստանում հանրային նշանակության շենքերի մատչելիության բարձրացման գործընթացը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք՝ Հայաստանում հանրային նշանակության շենքեր մուտք գործելիս։ «ՀՀ օրենսդրության մեջ մատչելիության ապահովմանը միտված նորմերի պակաս չկա։ Չնայած դրանց առկայությանը, մեր երկրում շարունակում են նախագծվել և կառուցվել ոչ մատչելի շինություններ։ Այս իրավիճակում շատ կարևոր է կրթական համակարգի բարելավումը, մասնավորապես, ճարտարապետների և այլ մասնագետների վերապատրաստումները գործող նորմերի և «համընդհանուր դիզայնի» վերաբերյալ»։ 27 օբյեկտների մատչելիության գնահատման արդյունքները ներառող ամփոփ զեկույցը տրամադրվել է շահագրգիռ բոլոր կողմերին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930