Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Հայրապետյան․ «Գյուղերում արդեն չոբան չեք թողել, եկել են պարեկապահակ են աշխատում»

Դեկտեմբեր 01,2023 18:12

Ինչո՞ւ հենց 160 հազար դրամ, այլ ոչ օրինակ 36 հազար, քաղաքացիները հարցնում են՝ ինչու եք այդքան բարձրացնում ավտոկայանատեղիների վճարը։ Այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ավտոկայանատեղիների վճարների թանկացման վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ նման հարց տվեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Ասում էիք՝ կոպեկ առ կոպեկ վերցնելու ենք, տանք քաղաքացիներին։ Հիմա տպավորություն է, որ կոպեկ առ կոպեկ քաղաքացիներից եք վերցնում»,-հայտարարեց Սարգսյանը։

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց՝ բարձր գումարը սահմանված է հենց նրա համար, որպեսզի քաղաքացին, որն ունի հնարավորություն խուսափելու փոքր կենտրոնում երկար ժամանակով կայանելուց, խուսափի կայանումից։

«Ասում եք՝ հասարակական տրանսպորտը բավարար մակարդակի չէ։ Ընդունում եմ, բայց մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք կարող են հասարակական տրանսպորտից, օրինակ՝ ժամը երեքին, չորսին, հինգին օգտվեն, գան կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ իրենց մեքենայով գան ու իրենց ու ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ։ Նախագծի նպատակը շատ գումար հավաքելը չէ, որ ինչ-որ ծրագիր իրականացնենք։ Մենք ավելի շատ ոչ թե ուզում ենք, որ քաղաքացին վճարի մեզ այդ գումարը ու գա կենտրոն, այլ ուզում ենք, որ չվճարի կամ չգա կամ գա այլ եղանակով»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա նշեց, որ նախագծով Ա եւ Բ «զոնաներ»-ի են բաժանել, եւ օրինակ` Բաղրամյան պողոտայում կայանումը 24 հազար դրամ է․ «Եթե քաղաքացին Աբովյան փողոցում գործ ունի, կարող է Բաղրամյանում կայանի, մի քիչ էլ քայլի։ Մեզ մոտ մշակույթ է, որ ավտոմեքենան կայանում են աշխատանքի վայրից մեկ մետր հեռավորության վրա»։

«Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանն (լուսանկարում) էլ հայտարարեց՝ երեւանցիները թող չհավատան, որ առանց «փիառվելու» ու նկարվելու Սուրեն Գրիգորյանը կամ թիմակիցները երբեւէ մետրո են նստում․ «Եթե նստեիք, կտեսնեիք մետրոյի վիճակը։ Վերջին անգամ ձեր խմբակցությունից ո՞վ է ավտոբուս նստել։ Ձեր բերած «կոմֆորտնի» ավտոբուսների վիճակը տեսե՞լ եք, անվտանգությունը տեսե՞լ եք։ Գյուղերում արդեն չոբան չեք թողել, եկել են պարեկապահակ են աշխատում։ Տեսե՞լ եք՝ փողոցներում ինչ է կատարվում։ Ձեր զիբիլահանումները տեսե՞լ եք»։

Հայրապետյանի խոսքով՝ «Ասում եք բեռնաթափում ենք, 160 հազար դրամ։ Տիա՛րք, առաջարկ ունեմ՝ կես միլիոն դրեք, մենակ դուք կկարողանաք այնտեղ կայանել, որովհետեւ ձեր պարգեւավճարները միայն կհերիքի, որպեսզի կարողանաք 160 հազարանոց կարմիր գծերում կանգնեք։ Բոլոր կարմիր գծերն անցել եք, ՔՊ, հիմա էլ որոշել եք նորից մտնել քաղաքացու գրպանը։ Էս ի՞նչ եք անում։ Ձեր զիբիլը հավաքեք, քաղաքապետարանից երկու քայլի վրա բաց հանրային զուգարան եք սարքել Սուրբ Սարգիս եկեղեցու ստորգետնյա անցումը, դրա հոգսը քաշեք։ Ո՞ւմ եք խոստացել փոքր կենտրոնը, որ հիմա մի բան եք անում, որ 160 հազար միջին աշխատավարձ չստացվող քաղաքացին վճարի, որ կայանատեղի ունենա։ Ո՞վ է վճարելու։ Մենակ դուք։ Էդ որ ասում եք՝ թող քայլեն, ձեր քայլելը մեր տունը քանդեց, հիմա նորից հելնեն փողոցներով քայլելո՞ւ»։ ։

Փոխքաղաքապետ Գրիգորյանն ի պատասխան Հայրապետյանի հայտարարությունների, ասաց՝ քաղաքացիները տեսնում են՝ տեսախցիկներո՞վ ենք մետրո նստում, թե՝ ոչ։

Գրիգորյանը կրկնեց՝ նախագծով փոքր կենտրոնի բեռնաթափման հարցն են լուծում, եւ սա երեւանցիներին են խոստացել։ Գրիգորյանը Հայրապետյանի մյուս հայտարարություններին չանդրադարձավ, նշեց, որ չի ուզում հանրային քննարկումը խիստ քաղաքական քննարկման վերածել։

Հայրապետյանն առաջարկեց կայանատեղիներ կառուցել թեկուզ բակերում, նաեւ՝ ստորգետնյա․ «Եթե 200 միլիոնի խաղալիք եք առնում, կայանատեղիի հնարավորություն էլ ունեք։ Կենտրոնում աշխատող քաղաքացուն հարմար չի լինելու, մեքենայից զրկում եք, կայանի ու հինգ-վեց կանգառ գա, որ ժամանակին աշխատանքի հասնի։ Ամբողջ քաղաքը պարալիզացնելու եք»։

Գրիգորյանը հերքեց, որ 200 միլիոնի խաղալիք են գնել, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու առաջարկի հետ համաձայնեց։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031