Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի պատասխանը վկայում է ապօրինությունների մասին»

Դեկտեմբեր 06,2023 13:30

Ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը

Երեւանի քաղաքապետարանը վերջապես ուղարկեց Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան սեփականատեր, «Սասուն» ազգագրական երգի- պարի համույթի, «Գաթա բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի պահանջած տեղեկատվությունը:

Դա ավագանու 2016 թվականի «Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2017թ. ծրագրի վերաբերյալ» որոշումն էր:

Երեւան քաղաքի ավագանին որոշել էր հաստատել նշյալ 2017-ի ծրագիրը, ընդունել ի գիտություն, որ հողամասերն օգտագործման, այդ թվում սահմանափակ օգտագործման տրամադրելու եւ օտարման ենթակա հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ հողային օրենսգրքին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքերին, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Ն.286 որոշմանը եւ հողային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան:

Ըստ այդ որոշման, հողամասերի եւ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից: Իսկ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» Ն-912 որոշմանը համապատասխան:

Ինչ վերաբերում էր քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքերի ճակատագրին, 7 տարի առաջ ավագանին որոշել էր՝ «համայնքային բյուջեներից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման 2009 թվականի փետրվարի 5-ի «Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» 172-Ն եւ 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» 682 որոշումներին համապատասխան:

Հավանաբար արժե հիշեցնել, որ այդ նույն տարիներին 99 տարի ժամանակով էին տրվում հողամասերը կամ՝ մշտական: Հողամասերը ձեռք բերողների համար սահմանվում էր նաեւ տարաժամկետ վճարման իրավունք:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանին հարցրեցինք, թե ինչ տվեց այս պատասխանը, ինչի համար էր անհրաժեշտ այս տեղեկատվությունը: Նա ասաց. «2017 թվականին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Օկտագոն» կազմակերպությանն է տրամադրվել հողատարածք Թումանյան 2 անցուղի 5/9 հասցեով, որի մեջ է մտնում նաեւ իմ՝ Ա. Մանուկյանի հողատարածքը, հիմք ընդունելով տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումները։ Ի պատասխան դիմումիս՝ քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքաշինական գործում նշված տվյալները չեն հայտնաբերվել։ Դա վկայում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի եւ ապօրինությունների մասին, չնայած այն հանգամանքին, որ նշված հասցեում կառուցվող շենքի շինթույլտվության փաթեթում առկա են բազմաթիվ կեղծիքներ, այն տրվել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ կրկին «կարկուտ» տեղաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գլխին. բետոն, քարեր, շինարարական ցեխ……Տասներկու հարկանի շենքը, որը կառուցվում է նրա բակին, տանը կից, նաեւ նրա հողում, անվտանգային որեւէ միջոցներ չի ապահովում: Այս բակում կարող են այդ պահին գտնվել Անդրանիկի երեք մանկահասակ երեխաները, նրա ազգագրական խմբերի անդամները, բայց ո՞ւմ ասես: «Ունե՞ք ընտանիք, ունե՞ք երեխաներ, որեւէ մեկի բակում այսպիսի հանցագործություն լինո՞ւմ է»,-հուզված հարցնում էր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

«Առավոտ» օրաթերթ
05.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031