Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ հրաժարվեցին մեկնաբանել․ բառերի փոխարեն «խոսում էր» քաղաքապետի կեցվածքը

Դեկտեմբեր 07,2023 17:23

Տեղեկացրել ենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ դեռ երկու տարի առաջ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը։

Պատճառը, ըստ ՔՊ-ի՝ այն է, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»։

Այսօր լրագրողները երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու եկած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից ու Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքվեցին, թե ի՞նչ է կատարվում Գյումրում, ինչո՞ւ երկու տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց կոալիցիայից։

Երկու պաշտոնյաներն էլ հրաժարվեցին մեկնաբանություններ հնչեցնել՝ պատճառաբանելով, որ երկրաշարժի 35-րդ տարելիցը հարմար օր չէ քաղաքական հարցերի անդրադառնալու։

Շիրակի մարզպետն ասաց․ «Այսօրվա օրը ինձ թույլ չի տալիս այդ հարցին պատասխանել, հաջորդ անգամ՝ ցանկացած ժամանակ, մեծ սիրով կպատասխանեմ։

Այսօր բոլորիս սրտերում այն հիշողություններն ու ապրումներն են, որ եղել են 35 տարի առաջ։ Ճիշտ է՝ շատ դեպքերում մեր քաղաքը, մեր այլ բնակավայրերը, որոնք երկրաշարժից տուժած են, վեր են հառնում, վերագտնում իրենց կորցրած փայլը, սակայն ես խնդրում եմ՝ այսօր քաղաքական հարցեր չտալ»։

 

Վարդգես Սամսոնյանն էլ՝ լսելով «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարության մասին հնչող հարցը, ընդհատեց․ «Որ խնդրեմ մի շարունակեք, եկեք մեր հարազատների հիշատակին նվիրված օրվան չանդրադառնանք, հետո «Բալասանյան դաշինք» կուսակցությունը կանդրադառնա այդ հարցին, հայտարարություն կանի»։

 

Գյումրու քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, մեզ բարևելով, հետաքրքրվում էին, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ավարտ է ունենալու այս ամենը։

Վարդգես Սամսոնյանի ու նրան ուղեկցող անձանց հանդարտ կեցվածքից ակնհայտ էր, որ նրանք ՔՊ-ի այս հայտարարությունից ոչ մի անակնկալի չեն եկել, նախապես տեղյակ էին, եթե ոչ՝ նախապես պայմանավորված։

Վարդգես Սամսոնյանը, որը հանգիստ ու համեստ անձնավորություն է, պայմանավորված որոշակի իրադրություններով՝ հաճախակի շփոթվող, այսօր բացարձակապես շփոթված չէր, այնպիսի տպավորություն էր, թե ոչինչ էլ չի եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031