Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ պետք է լիներ»

Դեկտեմբեր 12,2023 10:00

Հաճախ, երբ զարգացումները տեղի են ունենում բացասական կամ, առավել եւս, աղետալի սցենարով, մարդիկ, իրենց անճարակությունը, սխալներն արդարացնելու համար, բացականչում են՝ «այդպես էլ պետք է լիներ», «ամեն ինչ դրան էր գնում», «ուրիշ տարբերակ չկար»:

Չափազանց հեշտ է, ունենալով որոշակի արդյունք, խելացի ձեւանալ ու պնդել, որ դա միակ հնարավոր արդյունքն էր: Մինչդեռ պատմությունը (ինչպես եւ, ի դեպ, առանձին մարդու կյանքը) բաղկացած է պարբերաբար ի հայտ եկող հանգույցներից, «խաչմերուկներից», որտեղ կարելի է գնալ այս կամ այն ուղղությամբ, ընդունել այս կամ այն որոշումը:

Եթե Պուտինը որոշում չընդուներ Ուկրաինայի վրա հարձակվելու, Եվրոպայում հիմա պատերազմ չէր լինի: Եթե 1989 թվականին տանկերը Տանանմեն հրապարակում չճզմեին հարյուրավոր ուսանողների, Չինաստանի պատմությունն այլ ուղղությամբ կզարգանար: Եթե 1996 թվականին Տեր-Պետրոսյանն իր իշխանությունը զիջեր Վազգեն Մանուկյանին, Երրորդ հանրապետությունն ուրիշ ուղի կանցներ: Եթե 1998-ին Հայաստանում պալատական հեղաշրջում չիրականացվեր, Արցախի հարցով այլ զարգացումներ կլինեին: Լավ, թե վատ՝ նման դեպքերում կարելի է վիճել: Բայց պնդել, որ հին կամ նորագույն պատմության մեջ հնարավոր էր միայն մեկ սցենար, եւ դա հենց այն սցենարն է, որով իրադարձությունները զարգացել են, դա ֆատալիզմի յուրահատուկ դրսեւորում է: Ես դա կանվանեի «հետադարձ ճակատագրապաշտություն»:

Կուսակիցների առաջ իր վերջին ելույթում վարչապետ Փաշինյանը, հերթական անգամ իր տապալումներն արդարացնելու համար, պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի «լուծարումը» (այսինքն՝ կորուստը, հանձնումը, հայաթափումը) անխուսափելի էր, կանխորոշված էր 2016 թվականին: Եվ ընդհանրապես, մենք 30 տարի ժամանակ եւ ռեսուրս ենք ծախսել մի բանի վրա (այսինքն՝ Արցախը հայկական պահելու վրա), որն ի սկզբանե հնարավոր չէր:

Ես դեմ չեմ չոր պրագմատիզմին: Եթե Փաշինյանն այդ համոզմունքն ուներ, ապա 2018 թվականի մայիսին, գալով իշխանության, նա պետք է հայտարարեր. «Սիրելի ժողովուրդ, ԼՂ լուծարումն անխուսափելի է: Եկեք այդ խնդրի վրա ժամանակ, ռեսուրսներ եւ մարդկային կյանքեր չծախսենք»:

Բայց Հայաստանի իշխանության քաղաքականությունն այլ էր: 2020 թվականի պարտությունից առաջ Փաշինյանը պայքարում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման համար: Պարտությունից հետո նա խոստանում էր Շուշիի եւ Հադրութի «խաղաղ դեօկուպացիա», իսկ այնուհետեւ խնդիր էր դրել «Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության»: Լուծարման անխուսափելիության մասին որեւէ խոսք չկար:

Այստեղից ես կարո՞ղ եմ ենթադրել, որ «խաղաղության պայմանագրի» կետերը («անկլավները» եւ «ադրբեջանցիների վերաբնակեցումը») իրագործելուց հետո վարչապետը կհայտարարի, որ Հայաստան պետության լուծարումն անխուսափելի էր, եւ մենք՝ հայերս, իզուր ենք 35 տարի ծախսել այդ անիմաստ նախագծի վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաշինյանի այդ ըսածը, այն է որ՝ Արցախի հիմնախնդիրը, դիտմամբ, Ռուսաստանը տեւաբար առկախ պահեց, որպէսզի յանկարծ Հայաստանը իր *ձեռքէն չփախի*, կամ պարզապէս՝ Հայաստանը չկարողանայ զարգանալ, զօրանալ, հզօրանալ:

    Իսկ թէ ինչո՞ւ նա սկիզբէն չէր հասկացած այդ իրականութիւնը, պատճառը այն է որ ինք, իր ամբողջ վոհմակը՝ անփորձ, անգէտ, անատակ, մակերեսային անձեր են, որոնք գինովցան իրենց ներքին, փողոցային յաղթանակէն, եւ կարծեցի թէ նոյն կերպով, ինչ որ ասեն, ինչ որ ալ անեն, ոչինչ, ամէն բան լաւ է լինելու:

    Իսկ թէ հիմա՞ ինչու այսպէս են: Ամենախորքին մէջ, բացառապէս՝ վախի պատճառով: Աղէտի շարունակութեան վախը, զարհուրանքը:

    Սական, նախ Աղէտի սկիզբից առաջ, ու դրա առաջին հանգրուանէն ետք իսկ՝ երկրորդ անգամ մը եւս, քուէարկողները սրանց վստահեցան իրենց երկիրը: Ներառեալ այն քուէարկողները որոնք չքուէարկեցին:

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ.  Ի դէպ, 2018ի գարնան, իրօք՝ «ամեն ինչ սրան էր գնում». ու այդ ընթացքով, այժմու վիճակին հասնելու «ուրիշ տարբերակ չկար»:
     
    Սակայն շատերուս համար դա այդպէս էր, ոչ թէ որպէս յետադարձ ճակատագրապաշտութիւն, այլ ընդհակառակը, որպէս գալիքի յստակ կանխատեսում, նախազգուշացում, այդ հաւաքական խելագարութեան օրերին իսկ հնչող՝ տարրական բանականութեան ձայն, աղերսական ահազանք: Ամէնը, ի զուր:

    Այդ վիճակին մէջ գտնուող երկիր մը, այս տեսակ արարածների ձեռքը որ յանձնես, այդ աստիճանի, բացարձակ իշխանութեամբ, ի՞նչ կը սպասես որպէս արդիւնք, հետեւանք:

    Այնպէս որ… *յետադարձ անդրադարձ* ալ շատ կայ, վերջին տարիներին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031