Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց ո՞վ ասեց, որ Գյումրիի ստվերային կառավարիչը Սամվել Բալասանյանի որդին է». Դավիթ Առուշանյան

Դեկտեմբեր 12,2023 15:50

ՔՊ պատգամավոր, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «ՔՊ-Բալասանյան դաշինք» համագործակցության խզման մասին՝ ասաց, որ դե յուրե ՔՊ-ն մաս է կազմել կառավարման, բայց ընտրություններում ոչ մեկը չի հաղթել. «Ազնիվ գտնվելով գյումրեցիների հետ, որովհետեւ նրանք մեզ իրենց ձայնը տվել էին, որպեսզի կարողանանք իրագործել մեր նախընտրական ծրագիրը, բայց անհնարինության առաջ էինք կանգնել՝ այդ խնդիրները լուծել, դրա համար ուզեցինք ազնիվ լինել մեր գյումրեցիների հանդեպ: Այն փոփոխությունների համար, որոնց համար տվել էին իրենց ձայնը մեր ընտրողները, մենք ազնիվ գտնվեցինք եւ խզեցինք հուշագիրը «Բալասանյան դաշինքի» հետ»:

Հիշեցնենք, որ 2021-ին Գյումրիում ընտրությունների արդյունքներով 33 հոգանոց ավագանիում «Բալասանյան դաշինքը» ստացել էր 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը»՝ 4 մանդատ, ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ եւ որեւէ ուժ չուներ մեծամասնություն: ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքեցին համագործակցության հուշագիր եւ ստանձնեցին քաղաքի կառավարումը: Եվ ահա շուրջ 2 տարի անց նրանք որոշել են ազնիվ գտնվել գյումրեցիների հետ ու հայտարարում են «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին՝ ասելով, որ համագործակցության սկզբունքները խախտվել են, «Բալասանյան դաշինքը» ստվերային կառավարում է իրականացնում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

Հարցին՝ փաստորեն, ապագան տեղ չհասա՞վ Գյումրիում՝ Առուշանյանը պատասխանեց. «Ապագան միշտ տեղ է հասնում, ապագան կա: Մենք մանդատները վայր չենք դրել: Ունենք 11 ավագանի, որոնք իրենց աշխատանքով, կառավարությունն էլ ամբողջ ծավալով աշխատելու է, որ ապագան Գյումրիում լավ լինի»:

Հարցին՝ ՔՊ-ն ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր, որ ստվերային ուժեր են կառավարում Գյումրին՝ Առուշանյանը պատասխանեց. «Մեր մոտ այդ տպավորությունն է եղել, որ շատ պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվում քաղաքապետի հետ, քաղաքապետարանում աշխատող աշխատակիցների հետ, իքս փուլում այդ պայմանավորվածությունները կամ խզվում են, կամ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ են առաջանում եւ մեր մոտ տպավորություն է եղել, որ կան մարդիկ… անուններ չեմ կարող հստակ տալ: Կաշկանդվելու բան չունեմ, ուղղակի գուցե իմ սուբյեկտիվ կարծիքը չհամապատասխանի իրականության հետ, ստացվի՝ չարախոսում եմ»:

Հարցին՝ այդ ենթադրյալ ստվերային կառավարիչին, ավելի ճիշտ՝ որդուն վերջերս դեսպան չնշանակե՞ց Փաշինյանը, էլ ինչո՞վ է խանգարում՝ Դավիթ Առուշանյանը պատասխանեց. «Ենթադրեցիք, որ ստվերային կառավարիչը հենց ինքն է՝ Սամվել Բալասանյանի որդին, բայց ո՞վ ասաց, որ նա է ստվերային կառավարիչը, դուք նշեցիք դեսպանը ու ուղղորդեցիք: Մենք նման պնդում չենք արել, իսկ դեսպանի նշանակումը ԱԳՆ-ի տիրույթում է, իրենք են որոշել՝ ում են նշանակում»:

Հարցին՝ դեսպանին հետ կանչելու քննարկում ՔՊ-ում կա՞՝ Առուշանյանը պատասխանեց, որ պատգամավորները դա չեն որոշում, թե կառավարությունը ինչ կորոշի, չի կարող ասել:

Հարցին՝ հնարավո՞ր է անվստահության գործընթաց սկսեն եւ Վանաձորի, Ալավերդու «օպերացիան» նաեւ Գյումրիում լինի, զավթեք իշխանությունը՝ Դավիթ Սռուշանյանը պատասխանեց. «Մենք երբեւիցե իշխանություն չենք զավթել, Ալավերդին ուղիղ 180 աստիճանով հակառակ պատկերն է Գյումրիի հետ: Ալավերդիում օրինական ճանապարհով վերցրել ենք իշխանություն, Գյումրիում օրինական ճանապարհով հանձնել ենք իշխանությունը: Մեկը մյուսի հետ համեմատել ընդհանրապես տեղին չէ: Մենք 11 մանդատ ունենք 33 ավագանիների մեջ ու 11 մանդատով իմպիչմենտի գործընթաց սկսել կամ իշխանություն վերցնելու գործընթաց սկսել անհնարին է: Մեր օրակարգում նման բան չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031