«Բոլորս էլ հասկանում ենք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որ նա իշխանությունից կհեռանա այնպես, ինչպես եկել է: Ուրիշ ձև չի լինելու: Դա չի լինելու այլ քաղաքական մեթոդներով, բացառվում է»,-այսօր, «Միասին» շարժման կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն այսօր կլոր սեղան-քննարկում էր նախաձեռնել՝ հիմնավորելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Քննարկման օրակարգային հարցերն էին՝ Արցախի հանձնումը եւ ՀՀ անվտանգության համակարգի, ազգային հաստատությունների կազմաքանդումը։ Քննարկմանը հրավիրված էին տարբեր քաղաքական եւ հասարակական միավորների ներկայացուցիչներ: Շարժման անդամները կարծում են, որ միասին պետք է որոշել՝ ինչպե՞ս հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն եւ դա պետք է անել միասին: Քննարկման մասնակիցները հիմնական հարցում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, համամիտ էին:
Արձագանքելով Վազգեն Պետրոսյանի՝ քաղաքական ուժերի լիդերների՝ ամբիցիաները մի կողմ դնելու դիտարկմանը, Հրանտ Բագրատյանն ասաց՝ ամեն ինչի էլ պատրաստ են հանուն երկրի. «Կարող եմ եւ վարչապետ աշխատել, եւ պահակ, ամբիցիաներ չունեմ». «Իրերի բերումով վարչապետության ամենամեծ փորձը կուտակված է ինձ մոտ։ Որպես գործող վարչապետ և ընդդիմադիր գործիչ, և որպես առաջին պատերազմի հաղթանակ կերտած մարդկանցից մեկը։
Իմ վարչապետության օրոք՝ 1992 թվականից, մենք լրիվ շուռ տվեցինք բանակի կազմակերպումը։ Մեր ժամանակ բանակը 65 հազար էր, քանի որ 1995 թվականների մասին եմ խոսում, գաղտնիք չէ, ներքին գործերը 11 հազար էր, որից 9 հազարը կարող էր կռվի կանգնել, 1200 հոգի էլ ունեինք ԱԱԾ-ում, չհաշված սահմանապահ զորքերը։ Այսինքն՝ Հայաստանն ուներ 75 հազար զինվոր։ Հիմա սրանք բանակում վերացրել են կրտսեր սպայական անձնակազմը, որը բանակի կորիզն է»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը դարձնում է ընդդիմության թշնամի, քանի որ մշտապես նրանց հորդորում են քաղաքականությանը չխառնվել, բայց իրականում հանում են ընդդիմության դեմ, ասում են, թե «ձեզ նախկինները ծախել են». «Բաքվի բանտերից «քսիֆ» է գալիս, թե այդտեղ խելոք մնացեք։ Էհ, Նիկոլը դրա վարպետն է, տանում է 5 հազար հոգի զոհում է, հետո ծնողներին փող է տալիս, ծնողներն էլ նրան ասում են՝ «վայ ես քո ցավը տանեմ»։ Իհարկե, կան ազնվաբարո մարդիկ։ Արցախցիներին ասում եմ՝ եկել եք, բարով եք եկել, ուժերս պիտի միացնենք, Հայաստանը պաշտպանենք, գուցե նաև Արցախը հետ բերենք, բայց այսպես Հայաստանն էլ Արցախ կդառնա։ Քանի՞ արցախցի դուրս եկավ կառավարության շենքի մոտ՝ ասեց՝ հերդ անիծեմ, մեզ տուն ու տեղից, հողից զրկեցիր: Ես մի կողմ եմ թողնում Նիկոլին, սա հենց իր ուզածն է։ Այսօր մեզ լայաղ չեն անում ասեն, թե մեր ԳՇ պետ Էդիկ Ասրյանը քանի կմ է պաշտպանում, հասարակ հարց եմ տալիս, նա այդ թիվը գիտի՞»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան


















































