Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը մերժեց «Շշի Մելոյի» գործով դատախազի բողոքը վարույթ ընդունել

Դեկտեմբեր 14,2023 13:30

Կարող ենք փաստել, որ վերջապես ավարտվեց 2019 թվականի օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի՝ Range Rover մակնիշի ավտոմեքենան եւ նրան ուղեկցող Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու գործով դատաոդիսականը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2023թ. նոյեմբերի 27-ին 28 հատորանոց գործով քննարկելով մեղադրյալներ Պետրոս Էլբակյանի, Ջեմսիկ Մարտիրոսյանի եւ Արթուր Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, մերժեց:

Սա, թերեւս, ամենաաղմկահարույց գործը կարող էր համարվել, եթե չլինեին օր օրի աճող քաղաքական դատավարությունները: Մենք անդրադարձել ենք այս գործին («Շշի Մելոյի» մահափորձի գործով՝ արդարացումներ», «Առավոտ», 2022թ., հունվարի 26):

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով Պ. Էլբակյանը, Ջ. Մարտիրոսյանը եւ Ա. Մխիթարյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացվել են, ճանաչվել եւ հռչակվել է նրանց անմեղությունը՝ հանցագործություններին նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ջ. Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնեմ, երեք ամբաստանյալներն էլ հայտարարել էին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները «գործով չպարզված անձանց հետ… դեռեւս չպարզված ժամանակահատվածում», ստանալով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» սպանության պատվերը, «հանցանքը կատարելու համար միավորվել են կազմակերպված խմբի կազմում: Հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, կայուն խմբի վերոհիշյալ անդամներից՝ Պետրոս Էլբակյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը հանդիսանալով Շիրակի մարզի բնակիչներ, դեպքին նախորդող ժամանակահատվածում բնակություն են հաստատել Երեւանում: Հանցավոր խմբի մյուս անդամ Արթուր Մխիթարյանը, հանդիսանալով Պետրոս Էլբակյանի մորեղբոր որդին, աջակցել է վերջինիս Երեւան քաղաքում կացության համար պայմանների ստեղծմանը»: Մեղադրական եզրակացության համաձայն, նրանք ձեռք էին բերել ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք, ապա հետեւել Մելիք Մանուկյանին, թե երբ է «Սարանիստ» ՍՊԸ-ից դուրս գալիս, ներս մտնում, հետեւել ապակե տարաների արտադրամասի, կից ավտոկայանատեղիի անցուդարձը:

Կոտայքի մարզի դատախազի պաշտոնակատար Ա. Մելիքյանի, ամբաստանյալ Պ. Էլբակյանի պաշտպան Գ. Մելիքյանի, ամբաստանյալ Ջ. Մարտիրոսյանի պաշտպաններ Ա. Մելքոնյանի, Է.Արամյանի, Վ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մարտի 24-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագանը՝ խնդրելով մասնակի՝ Պ. Էլբակյանին, Ջ. Մարտիրոսյանին եւ Ա. Մխիթարյանին արդարացնելու մասով բեկանել եւ փոփոխել այն, վերջիններիս մեղավոր ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում եւ նշանակել արդարացի պատիժ: Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները, այն է` վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ:

Բողոքաբերի պնդմամբ` բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10, Արարատ Ավագյանի եւ Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 եւ այլ որոշումներին, ինչպես նաեւ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Բողոք բերած անձը փաստարկել է նաեւ, որ ի թիվս այլնի, խախտվել են քրեադատավարական մի շարք նորմերի պահանջները:

Բողոքաբերի փաստարկներից մեկն այն էր, թե. «առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կամ առերեւույթ որեւէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը»: Վճռաբեկ դատարանը հանգել էր այն հետեւությանը, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031