Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Արցախի այս իրավիճակը բռնապետությունների պայքար է, իսկ գերիների փոխանակումը մարդկանց թրաֆիքինգ է»

Դեկտեմբեր 18,2023 13:47

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անցած շաբաթվա կարեւոր իրադարձությունները վերլուծելիս՝ անդրադարձավ նաեւ տարեվերջյան ամփոփիչ մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախի հիմնախնդրի եւ Հայաստանի դիրքորոշման մասին հայտարարությանը: Մասնավորապես նրա հերթական այն պնդմանը, որ Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

«Վաղուց մենք բոլորս էլ գիտենք: Այդ ասածը ճշմարտություն է և, ըստ էության, նորություն չի պարունակում: Դա այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, մյուս բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները հենվել են այդ տեսակետի վրա, որ եթե Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ընդունում է այդ իրողությունը, իրենք այլեւս այլ կեցվածք չեն կարող ընդունել:

Բայց, անկեղծ ասեմ, ես չեմ ընդունում այս մոտեցումը, որովհետեւ Հայաստանը, հայ ժողովուրդը պաշտոնապես որեւէ միջազգային վավերացված պայմանագրով նման ընդունում չի արել: Այսինքն, հայ ժողովուրդը եւ Հայաստանը չի ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում: Ընդամենը մի հոգի, մի պաշտոնյա, որը խաբել է հայ ժողովրդին, իշխանության է եկել այլ խոստումներով, մարդկանց ընտրություններից առաջ ասել է, որ ինքը գալիս է իշխանության, որ Արցախի կարգավիճակը ճանաչվի, Արցախը անջատվի հանուն փրկության, որ արցախցիների իրավունքները պետք է երաշխավորված լինեն, դա պետք է հիմնված լինի ինքնորոշման սկզբունքի վրա: Այդ խոստումներով եկել է իշխանության, շեղվել է իր խոստումներից, գնացել, ճնշումների տակ անցել է թշնամու կողմը, այսինքն՝ իրականացրել է պետական դավաճանություն, սկսել է թշնամու շահեր սպասարկել:

Եվ սա ընդունել որպես հայկական կողմի դիրքորոշում, ապօրինի մոտեցում է: Չի կարելի դա ընդունել, որովհետեւ Ռուսաստանը պատահական երկիր չի, Ռուսաստանը համանախագահող երկիր է, ոնց որ համանախագահող են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան: Բա նրանք այդ խնդրի կարգավորման սկզբունքներ են ընդունել, չէ՞: Հիմա եթե Հայաստանի մի պաշտոնյա այդ սկզբունքներից հրաժարվում է, իրե՞նք ինչի են իրենց սկզբունքներից հրաժարվում: Նրանք պիտի ասեն. այս խնդրի կարգավորման այլ մեխանիզմ է պետք, որովհետեւ համանախագահների նպատակը այդ խնդրի արդարացի լուծումն էր, ոչ թե ապօրինի լուծումը:

Այն վիճակը, որ հիմա կա, դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետեւանք է: Ադրբեջանը երբ որ անդամակցել է ԵԽ-ին, պարտավորություն է ստանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծի խաղաղ բանակցությունների միջոցով: Այսինքն, այլ լուծում անընդունելի է եղել: Հիմա ինքն այդ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իրականացրել է ցեղասպանություն, մարդկանց բռնի տեղահանում: Ու, օրինակ, Եվրոպայի Խորհուրդը չի արձագանքում, չի ասում՝ դուրս արի մեր կազմակերպությունից, որովհետեւ այդ կազմակերպությանը անդամակցել ես այդ պայմանով: Եթե դու խախտել ես անդամակցության գլխավոր պայմանը, դուրս արի: Ի՞նչ է նշանակում ԵԽ տարածքում 21-րդ դարում մարդկանց բռնի տեղահանություն, ունեզրկում: Սա Եվրոպայի Խորհուրդն է՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա եւ ինչ-որ հետամնաց բռնապետ, КГБ-ի գեներալի տղա՝ հորից իշխանություն է ժառանգել ու մի ինչ-որ թաքնված դիկտատորի հետ համաձայնության է եկել, բռնությունով ուժ է կիրառում:

Արցախի այս իրավիճակը բռնապետությունների պայքար է, իսկ գերիների փոխանակումը մարդկանց թրաֆիքինգ է: Հայտարարությունը կարդացեք: Ասում է. Հայաստանը հրաժարվում է, իր թեկնածությունը հանում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության» գագաթնաժողովը հյուրընկալելուց, աջակցում է, որ Ադրբեջանը դա կազմակերպի, երկու մարդասպան էլ հանձնի ու դրա դիմաց ռազմագերիներ ստանա: Արցախի համար այս երկու բռնապետությունների պայքարում կայացած բռնապետությունը հաղթել է թափթփված բռնապետությանը: Ու Եվրոպան, Ռուսաստանը, կանգնած, նայում են:

Ոչ, այս իրողությունների հետ չպետք է հաշտվել: Եթե դուք ձեր սկզբունքներով, արժեքներով եք առաջնորդվում, դրանց՝ միջազգային նորմերից, սկզբունքներից շեղվողներին պետք է կարգի հրավիրեք, կամ վռնդեք ձեր կազմակերպություններից: Իսկ Շարլ Միշելը ընդունում է Ադրբեջանի թեզերը: Այսինքն, ինչ Ալիեւը ասում է, համ Միշելն է կրկնում, համ Փաշինյանը: Փաստորեն, այսօր Եվրոպական Միությունը ղեկավարում է Ալիե՞ւը, Ալիե՞ւն է Եվրամիությանը եվրոպական արժեքներ թելադրում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031