Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտամոռություն կամ եթիմը պահողին է…

Դեկտեմբեր 20,2023 13:00

Թե բոլոր իմաստներով ինչ է կատարվել նորանկախ Արցախում եւ Հայաստանում վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում եւ ինչ տեղի ունեցավ մեր օրերում, համարյա բոլորին է հայտնի, սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Կփորձեմ մի քանի խոսք ասել դրանց հետեւանքներից մեկի՝ Արցախի նախկին ղեկավարների ձերբակալության՝ Բաքու տեղափոխման հարցի զուտ բարոյական որոշ ասպեկտների մասին: Ես անձամբ ծանոթ չլինելով նրանցից եւ ոչ մեկին, ձերբակալումից մի քանի օր անց գրել եմ, որ ամեն ինչ պետք է անել մեկ րոպե շուտ նրանց ազատելու եւ Երեւան տեղափոխելու հրատապության մասին եւ կարծում եմ՝ դա ցանկացած հայի պարտքն է եւ ոչ ավելին: Ցավոք սրտի, ԶԼՄ-ներում երբեւէ տեղեկատվություն չկարդացի, որ այդ մարդկանց հարազատները, բարեկամները, մտերիմները, ընկերները, իրենց կողմից գործի նշանակված մարդիկ՝ փորձեին իրենց շրջապատներով՝ գոնե մեկ անգամ հավաք կազմակերպել՝ ի պաշտպանություն նրանց ազատագրման: Մի՞թե նրանք մարդու այնքան վատ տեսակ են, որ նման քայլ չձեռնարկվեց նրանց համար: Մի՞թե նրանք իրենց շրջապատից որեւէ մեկին լավություն երբեւէ չեն արել: Ասենք, գոնե որեւէ մեկին՝ թեկուզ աշխատանքի չեն տեղավորել եւ այսպես շարունակ: Բա, էլ ե՞րբ, եթե ոչ այսօր՝ նրանց նեղության ժամանակ, այդ մարդիկ չպետք է ամեն ինչ անեին, որպեսզի մնացած հայերը եւս միանային, քանակ կազմեին եւ դիմեին միջազգային կառույցներին՝ րոպե շուտ նրանց ազատելու՝ փրկելու համար: Իհարկե, նրանցից շատերը կասեն, որ իրենք ամեն ինչ անում են, հո պարտադիր չէ՞, որ իրենք բարձրաձայնեն դրա մասին, քանզի կարեւորը գործն է: Ես տեղյակ եմ, որ գոնե Ռուբեն Վարդանյանի մասով բազմաթիվ միջազգային կառույցներ, այլազգի հայտնի մարդիկ, գործարարներ, քաղաքագետներ մի շարք հայտարարություններ են տարածել, սակայն իմ խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ այդ մարդկանց շրջապատում գտնվողները պետք է գիշեր-ցերեկ դիմեին նաեւ վերը նշված կառույցներին, որպեսզի դրանք, բացի ամեն ինչից, իմանային նաեւ, որ այդ մարդկանցով՝ մարդկային բազմություններ են հետաքրքրված: Համենայնդեպս, իմ տեղեկատվությամբ ես այդ մարդկանցից շատերի մեջ ցավ չեմ տեսնում … Այն ցավը, որին արժանի են նրանք:

Էլ ո՞ւր մնաց, որ այդ նույն մարդկանց գոնե մի մասը մտածեր Արցախի կամ Հայաստանի մասին:

Հայրենիքը նաեւ այնտեղ ապրող մարդիկ են եւ եթե նրանց մասին չեն մտածում, ապա դա նույնն է, որ հայրենիքի մասին եւս չեն մտածում: Այն հանգամանքը, որ մենք նաեւ անձնապաշտ ժողովուրդ ենք եւ վերը նշված ղեկավարների մասով նման վերաբերմունք է ցուցաբերվում, այն էլ մոտիկների կողմից, ապա հայրենիքի մասով եւս ամեն ինչ հասկանալի է: Լիովին անհասկանալի է, թե հատկապես վերջին տարիներին ինչ կատարվեց այս փառահեղ ժողովրդի հետ, որ նրանք դարձան լրիվ անճանաչելի: Ամեն ինչ կարելի էր սպասել այս ժողովրդից, բացի այն, որ ճակատագրական պահերին նրանք կարող էին անտարբեր գտնվել անգամ հայրենիքին սպասվող լուրջ վտանգների պարագայում: Մի՞թե իսպառ մոռացանք այն առյուծ հերոսներին, որոնց կյանքի գնով ազատագրվեց Արցախը, որը դարձավ երկրորդ անկախ հայկական պետությունը: Դե պատկերացրեք, թե վերեւից նայելով՝ հիմա նրանք ի՞նչ են մտածում մեր մասին: Ավելի լավ է գետինը մտնենք, քան շարունակենք այսպես անպատիվ ապրել: Բոլոր ժամանակներում էլ շատ ավելի գերադասելի է եղել մեռնելը, քան անպատիվ ապրելը:

Ցավոք, զարմանալիորեն այսօր մենք ավելի գերադասում ենք երկրորդը: Ոչ մի արժեք չունեն այն մարդիկ, ովքեր միայն իրենց համար են ապրում: Իսկ վերջին մի քանի տարիները ցույց են տալիս, որ մենք հիմնականում այդպես ենք ապրում, որը մինչեւ այս պահն էլ չենք հասկանում: Ցավոք, մարդկանց մի շերտ կա, որոնց թվում է, թե իրենք անմահ են եւ թքած ունենալով բազում արժեքների վրա, ապրում են միայն իրենց ու իրենց շահի համար: Հենց դրանց պատճառով է տարանջատվում ազգը եւ ժողովուրդը, մարդիկ մեկուսանում, տարանջատվում են իրարից ու ընդհանուր խնդիրների նկատմամբ դառնում լրիվ անտարբեր, որի հետեւանքներն էլ այսօր կրում ենք բոլորս: Մարդիկ, վերջապես հասկացեք, հայրենիքն այն միակ բանն է, որ ծնողից էլ թանկ է եւ չի կարելի նրա հանդեպ այդպես վարվել: Հայրենիքը բոլորիս ծնողն է եւ երբեք չի կարելի նրան անտեր թողնել: Հայրենիքը՝ մարդն է, արյունն է, ծառը, ծաղիկը, ապրելու իմաստն է …, որի մասին կարելի է շատ երկար թվարկել: Ուղղակի, սա մի անվերջանալի թեմա է, որին չէի ուզենա մանրամասն անդրադառնալ, որպեսզի շատ չշեղվեմ հիմնական ասելիքից:

Մի խոսքով, պարզվում է, որ մենք նաեւ մարդու երախտամոռ տեսակն ենք, շուտ ենք մոռանում մեր սրբությունների եւ արժեքների մասին, որն էլ մեզ բերել է ստեղծված ողբերգական վիճակին, որից հազիվ էլ թե կարողանանք պատվով դուրս գալ:

Հայտնվել ենք օրհասական վիճակում, էլ ժամանակ չկա եւ եթե կտրուկ՝ շատ արագ, չկարողանանք ձերբազատվել նաեւ մեր երախտամոռ տեսակից, ապա ընդմիշտ կորցնելու ենք մեր ունեցած՝ վերջին մնացած ամեն ինչը …

Խոհեմություն ու խելք մեր ժողովրդին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031