Լրահոս
Օրվա լրահոսը

Խարխլված արդարադատություն

Մայիս 25,2026 12:00 Share

2018 թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում անհայտ անձի կողմից ապօրինի կերպով Էդգար Մհերի Գյուլազյանին զգալի չափերի՝ 2, 94 գրամ, «մարիխուննա» տեսակի թմրամիջոց իրացնելու փաստի առթիվ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 18101918 քրեական գործը: Այնուհետև 2018թ. հուլիսի 24-ին վերը նշված նյութերով՝ նույն հոդվածով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է թիվ 30101518 համարը: 2019թ. փերվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12157819 քրեական գործը:

2019թ. մարտի 1-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 12157819 քրեական գործի նյութերով մի խումբ անձանց՝ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի կողմից իր կատարած այլ հանցանքը թաքցնելու նպատակով Էդգար Մհերի Գյուլազյանին դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելը պատվիրելու, Սարգիս Հովհաննեսի Ֆարմանյանի կողմից այն կազմակերպելու և Նարե Զորիկի Ներսիսյանի կողմից այն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով, և հարուցված քրեական գործին շնորհվել է թիվ 12104219 համարը: Նշված գործով տուժող է ճանաչվել Էդգար Մհերի Գյուլազյանը:

2019թ. մարտի 2-ին Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը սպանություն կատարելու և կազմակերպելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Էրեբունի և Նուբարաշեն շրջանների քննչական բաժին: Նույն օրը՝ 3 ժամը լրանալու կապակցությամբ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը դուրս է եկել քննչական բաժնից և հեռացել ահայտ ուղղությամբ: Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել նշված քրեական գործով կասկածյավ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ մեկ այլ որոշմամբ Շուշանիկ Արիստակեսի Ալեքսանյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

2019թ. մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը որոշում է կայացրել վերացնել Էդգար Մհերի Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչ Հ. Ավետիսյանի 14.08. 2018թ. որոշումը:

2019թ. մարտի 4-ին նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 12104219 քրեական գործով Ռուբեն Արտաշեսի Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան թիվ 124219 քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը 2 ամիս ժամանակով կիրառելու վերաբերյալ, նույն օրն էլ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել: 05.03.2019թ. թիվ ԵԴ/0139/06/19 որոշմամբ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

2020թ. հունվարի 22-ին հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Սարգսյանը ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ թիվ 127-րդ սահմանապահ ջոկատի ծառայողների կողմից հայտնաբերվել և փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությանը:

2020թ. հունվարի 23-ին, ժամը 20:10-ին Ռուբեն Սարգսյանը ձերբակալվել է:  2020թ. հունվարի 25-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան թիվ 12104219 քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մեղադրյալի մասնակցությամբ կրկին քննարկելու և այն ուժի մեջ թողնելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը և Ռուբեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Կալանքի սկիզբը հաշվել Ռուբեն Արտաշեսի Սարգսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2020թ. հունվարի 22-ից: Մինչ առ այսօր Ռուբեն Սարգսյանը իրեն առաջադրված ապօրինի մեղադրանքի հիման վրա գտնվում է անազատության մեջ:

2020 թ. մարտի 16-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 59100620 քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Սարգսյանին 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխել, լրացնել և վերջինիս կրկին մեղադրանք առաջադրել 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը որոշում է կայացվել թիվ 59100620 քրեական գործով Ռուբեն Սարգսյանին ներգրավել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք առաջադրել 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Թիվ ՇԴ/0008/01/20 քրեական գործով 18.01.2022 թվականին հրապարակվել է դատավճիռ և վճռել է Սարգիս Ֆարմանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 38-266-րդ հոդվածի 1-ին մասով վերջնական պատիժ նշանակել 16 տարի ազատազրկում, իսկ Նարե Ներսիսյանի նկատմամբ նույն հոդվածներով՝ 11 տարի ազատազրկում, պատժի սկիզբը հաշվելով 2019 թ. մարտի 2-ից։

Ինչ վերաբերում է Ռուբեն Սարգսյանի մեղադրանքի համառոտ բովանդակությանը, ապա ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից Սարգիս Ֆարմանյանին նյութապես շահագրգռելու եղանակով սպանությունը պատվիրելով, այնուհետև Ս. Ֆարմանյանին, սպանությունը կատարող Ն. Ներսիսյանին և դրան օժանդակող Գնել Ստեփանյանին ցուցումներ տալով կազմակերպել է 2018 թ. մարտի 7-ի գիշերը` լույս մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներարկելու եղանակով Էդգար Գյուլազյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելը, իսկ 2019 թվականի ընթացքում ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլատվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր, 2020թ. հունվարի 22-ին` ժամը 23:21-ի սահմաններում, նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որտեղ բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից:

          Վերոնշյալ քրեական վարույթի նկարագրական մասից երևում է, որ այդ քրեական վարույթը հարուցվել է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց իրացնելու փաստի առթիվ: Այնուհետև նշված քրեական վարույթը միացվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթին: Հատկանշականն այն է, որ վարույթը նախաձեռնվել է Էդգար Գյուլազյանի կողմից զգալի չափերի թմրամիջոց իրացնելու փաստի առթիվ, սակայն նշված ժամանակ վերջինս մահացած է եղել: Նշված մասով որևէ քննություն չի իրականացվել և գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն իրականացնելու արդյունքում ինչ-ինչ հանգամանքներում տեսադաշտում է հայտնվել Ռուբեն Սարգսյանը, ով դեպքը լինելու ժամանակ գտնվել է քրեակատարողական հիմնարկում, տուժող՝ Էդգար Գյուլազյանին առևանգելու դեպքի կապակցությամբ։ Պատիժը կրելուց հետո վերջինս վերադարձել է իր տուն։ Այնուհետև, 2019 թ. մարտի 2-ին  2-րդ կարգի հաշմանդամ Ռուբեն Սարգսյանին Երևան քաղաքի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Էրեբունի և Նուբարաշեն ոստիկանության բաժին՝ Էդգար Գյուլազյանի ենթադրյալ սպանության փաստի առթիվ։ Նույն օրը՝ 3 ժամը լրանալու կապակցությամբ Ռուբեն Սարգսյանը դուրս է եկել քննչական բաժնից և վերադարձել իր տուն։ Վերջինս մինչև 2019 թ. մարտի 10-ը գտնվել է տանը, այնուհետև տեղափոխվել է Սյունիքի մարզ իր բիզնեսի հետ կապված որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով և մի քանի օր մնացել այնտեղ։ Դրանից հետո Ռուբեն Սարգսյանին մոլորության մեջ գցելով կանչել են Իրան և  ապօրինի ազատությունից զրկելով պահել այնտեղ մոտ մեկ տարի։ Նշված փաստով բազմաթիվ անգամ վերջինս բարձրաձայնել է պատկան մարմիններին, սակայն վարույթ իրականացնող մարմինները որևէ քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Այնուհետև Իրանի Հանրապետությունում մի քանի ծանոթ հայերի օգնությամբ մազապուրծ փախել է, և ՀՀ-ի սահմանը հատելով մուտք է գործել և մի որոշ ժամանակ անց ձերբակալվել սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից և տեղափոխվել ԱԱԾ քննչական մարմին։

Այս պահի դրությամբ` դատաքննության ընթացքում որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց մեղադրանքի կողմը չի ներկայացրել: Մեղադրանքի հիմքում դրված են Արտակ Ոսկանյանի իրարից տարբերվող ցուցմունքները և «Տեցի կրուգ» կոչվող հատվածում գտնվող մարմնավաճառների ցուցմունքները, ինչպես նաև գրավոր ապացույցներ՝ մարմնավաճառների հեռախոսային խոսակցությունները, որոնք դեպքի կազմակերպման, կատարման և այլ հանգամանքների վերաբերյալ ոչինչ չի ասվում։ Այս պահի դրությամբ  դատարանում ցուցմունքներ տված վկաների մեծամասնությունը հայտնում են, որ ցուցմունքները տվել են ոստիկանների անմիջական միջամտության ներքո։ Նույնիսկ մեղադրանքի հիմքում ընկած փաստերի վերաբերյալ ցուցմունք  տված Արտակ Ոսկանյանը հայտնեց, որ իրեն ստիպել են, որ գրած ցուցմունքների տակ ստորագրի, քանի որ իր մոտ հայտնաբերվել էր թմրանյութ և ստիպված է այդ քայլին գնացել, ինչպես նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել թմրանյութ և ասել, եթե ցանկանում ես այս թմրանյութը քոնը լինի, ապա պետք է թղթի տակ ստորագրես։ Եվ այսպես շարունակ ոստիկանների աջակցությամբ Ռուբեն Սարգսյանի, Ն. Ներսիսյանի և Ս. Ֆարմանյանի վերաբերյալ  հարուցված քրեական գործը ուղարկվել է Երևան քաղաքի քրեական դատարան։

Հատկանշականն այն է, որ Ռուբեն Սարգսյանին առաջադրվել է մի մեղադրանք, որի նկարագրական մասում նշվում է, որ այդ արարքը կատարել է, որպեսզի Էդգար Գյուլազյանը վերաքննիչ քրեական դատարանում իր դեմ ցուցմունք չտա։ Սակայն առաջին ատյանի քրեական դատարանում պատկերն այլ է եղել, տուժող Էդգար Գյուլազյանն հօգուտ Ռուբեն Սարգսյանի  ցուցմունք է տվել, մասնավորապես դատարանում նշել է, որ Ռուբեն Սարգսյանը առևանգման հետ ընդհանրապես կապ չունի։ Նույնիսկ նման պայմաններում Ռուբեն Սարգսյանին ապօրինի ազատությունից զրկել են։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա Էդգար Գյուլազյանի ցուցմունքի՝ «Մոտեցել է Անիին, նա քաշքշել է իրեն՝ նախատելով, թե ինչու է իր հեռախոսահամարն ինքն ուրիշներին տվել: Այդ պահին նկատելով Գոռին՝ զարմացել է, նա մոտեցել է իրեն և հարցրել, թե որտեղ է եղել, ինչու է փողերը տարել: Գոռի հետ սկսել են իրար քաշքշել և միմյանց փոխադարձ հարվածել, այնուհետև Հ.Թորիկյանն է մոտեցել՝ փորձելով իրենց բաժանել և հորդորելով միմյանց չհարվածել: Գոռին առաջարկել է նստել նրանց ավտոմեքենան և պարզաբանել, թե ինչու է իրեն հարվածում կամ ինչ է անում այդտեղ: Նստել է այն ավտոմեքենան, որից Գոռն էր իջել՝ մեքենայի հետնամասում, որպեսզի իրեն տեսնող չլինի: Մեքենայում ևս միմյանց քաշքշել են, այդ ժամանակ մեքենան է նստել Ռ. Սարգսյանը, ով տեսնելով իր վիճակը՝ Գոռին նախատել է: Նա իրեն հարցրել է, թե ինչու է հեռացել և գործերը մատնել ձախողման, այդ պատճառով իրեն ապտակել է և մեքենայից իջել: Վարորդին խնդրել է մեքենան վարել դեպի իրենց տուն, որպեսզի պահեստի բանալիները վերցնի, այնուհետև գնան Ռուբենի հետևից՝ զրուցելու համար: Բանալիները վերցնելով՝ ուղևորվել են Գյումրի, ճանապարհին՝ Մանթաշ գյուղի տարածքում, նկատել են ոստիկանության աշխատակիցների, որոնք իրենց մեքենան կանգնեցրել և վարորդի փաստաթղթերն են ստուգել, այնուհետև շարունակել են ճանապարհը: Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները կրկին կանգնեցրել են մեքենան, իրենք իջել են մեքենայից, ոստիկաններն ավտոմեքենան ստուգել են և զենք են հայտնաբերել: Այնուհետև իրենց տեղափոխել են Արթիկի ոստիկանության բաժին, որտեղ ենթարկվել են անձնական խուզարկության: Ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ Սպիտակից Գյումրի է գնացել, աշխատել է Ռ. Սարգսյանին պատկանող գազալցակայանում, իր վիճակի հետ կապված հայտնել է, որ թեթև վիճաբանության հետևանք է, իրեն չեն առևանգել: Ոստիկանության աշխատակիցները վախեցրել են, իբր իր ընկերները հայտնել են, որ զենքը պատկանում է իրեն, դրանով կատարվել է սպանություն, որի համար կենթարկվի քրեական պատասխանատվության և եթե չի ուզում դատվել, պետք է ասի, որ իր կամքին հակառակ է նստել մեքենան: Ցուցմունքը քննիչն է արձանագրել: Ոստիկանության աշխատակիցներն ասել են նաև, որպեսզի իրեն ազատ արձակեն, պետք է եղբայրն իր ասածները հաստատի: Քննիչի և ոստիկանության աշխատակցի հետ գնացել են Սպիտակ, որտեղ մատնացույց է արել վիճաբանության վայրը: Նրանց հորդորով ինքը նշել է, որ իր եղբայրը մեքենայով կանգնած է եղել վիճաբանության վայրի մոտ: Այնուհետև գնացել են Սպիտակի ոստիկանության բաժին, այնտեղից վերցրել եղբորը, գնացել իրենց տուն, որտեղ հագուստները փոխել է, քանի որ հագին եղած հագուստները պետք է ուղարկվեր փորձաքննության և վերադարձել են ոստիկանության Արթիկի բաժին: Ոստիկանության աշխատակիցների հորդորով եղբորը ներկայացրել է դեպքը և նրան խնդրել իր ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք տալ: Հրաժարվել է Ռուբենի, Գոռի և Արայի հետ առերես հարցաքննվել, քանի որ իր ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել, սակայն ոստիկանության աշխատակիցների սպառնալիքի ներքո՝ նրանց հետ առերես հարցաքննվել է: Քննիչի թելադրանքով գրել է, որ ցանկանում է Ռուբենը, Գոռը և Արան պատժվեն, քանի որ ըստ քննիչի՝ նրանք ընդամենը վարչական տույժի էին ենթարկվելու, այնուհետև իրեն ազատ են արձակել՝ հաջորդ առավոտյան ներկայանալու պայմանով: Հանդիպելով փաստաբանին՝ հայտնել է, որ սխալ ցուցմունք է տվել, նրա խորհրդով դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն իրեն լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ իրականությանը համապատասխան ցուցմունք է տվել»։

Այսինքն նշված ցուցմունքից և վերևում նշված վերլուծությունից հետևում է, որ պետության ներկայացուցիչները՝ ոստիկանության աշխատակիցները համառորեն կատարում են գործողություններ, որի արդյունքում Ռուբեն Սարգսյանը հայտնվում է անազատության մեջ։ Պետությունը ներկայացնող մարմինները փոխարենը պարզեն ոստիկանության աշխատակիցների նման վարքագիծը, ավելի են բարդացնում իրավիճակը, որի արդյունքում անմեղ քաղաքացիները հայտնվում են «ճաղերի հետևում»։ Նույնիսկ հեղափոխությունից հետո արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում չի գործում։ Տարբեր տեսակի փոփոխություններ է իրականացվել ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատախազությունում և դատարաններում, սակայն փոփոխությունները որևէ ձևով չեն ազդել արդար դատաքննություն իրականացնելուն։ Հակառակը, արդի իրականությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ վկաները դատարաններում հանցագործության մասին հաղորդում են տալիս, սակայն այդ հաղորդումները մնում են անհետևանք, իսկ անհետևանք մնալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում նոր թափ են առնում հանցագործությունները։ Իրականում հանցանք կատարած անձինք քայլում են ազատության մեջ, իսկ անմեղները՝ ովքեր պայքարում են իրենց արդարության համար, գտնվում են անազատության մեջ։ Անմեղներ ասվածը նշանակում է, որ իրենց կողմից ենթադրյալ արարքը կատարելու համար  քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, այլ ինչպես դա ցանկանում են պետությունը ներկայացնող ոստիկանության աշխատակիցները։ Արդարադատություն իրականացնելիս ինչ է նշանակում «ես լսել եմ Նարեն ինչ-որ մեկին սպանել է» նախադասությունը, իրավապահ համակարգը՝ հանձինս ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության և դատարանների մանրամասն քննություն չիրականացնեն, այլ բավարարվում են զուտ ցուցմունքներում՝ առանց ձեռք բերման աղբյուրի նշած բառերով։

Նշվածը հիմնավորվում է նրանով, որ առկա է դատաբժշկական եզրակացություն, որի համաձայն Էդգար Գյուլազյանը մահացել է արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել մեթամֆետամին և կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ։ Հայտնաբերվել է  նաև թունավորմանը բնորոշ արագ մահվան պատկեր, այն է՝ ներքին օրգանների գերարյունություն մանր արյունազեղումների թոքերի շճաթաղանթների տակ և սրտամկանում։ Այսինքն՝ վերջինս մահացել է թունավորումից, որի հետ ընդհանրապես Ն. Ներսիսյանը, Ս. Ֆարմանյանը և Ռուբեն Սարգսյանը առնչություն չունեն։ Դա հիմնավորվում է այս պահի դրությամբ հետազոտված ապացույցներից և վկաների ցուցմունքներից։ Նույնիսկ նշված եզրակացության հիման վրա քննիչը 14.08.2018 թվականին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Բացի այդ, խափանման միջոցը փոխելու հետ կապված 01.10.2025 թվականին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ռուբեն Սարգսյանի վերաբերյալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ընդունել է վարույթ, սակայն առ այսօր որևէ տեղեկություն չկա։

Վճռաբեկ դատարանի կողմից քննություն չիրականացնելու հետ կապված, որպես բողոքի ակցիա, Ռուբեն Սարգսյանը 2026 թվականի մայիսի 12-ից գտնվում է հացադուլի մեջ։

Այս ամբողջից հետևում է, որ արդարադատությունը գտնվում է խարխլված վիճակում և նոր արդարադատության մարմիններ ստեղծելու համար պետությանն անհրաժեշտ է բավականին մեծ ռեսուրս, որը չունի, որպեսզի այն վերականգնվի։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031