ԱԺ այս ընտրությունները հերթական են, սակայն մի շարք պատճառներով դրանք տարբերվելու են սովորական ընտրություններից, քանի որ 2020-2026թթ. մի շարք արտառոց իրադարձություններ տեղի ունեցան մեր երկրում. արցախյան 44-օրյա պատերազմն իր բոլոր հետեւանքներով՝ մոտ 5 000 զոհ, մոտ 10 000 եւ ավելի անհետ կորածներ եւ վիրավորներ, որը էական ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա: 2023թ. Արցախը հայաթափվեց, 120 000 մարդ լքեց Արցախը:
Կարծում եմ՝ լրիվ փոխված կլինեն գործող իշխանության եւ ընդդիմադիր ուժերի դիրքերը: Իրականացվող սոցիոլոգիական հարցումներին այնքան էլ չի կարելի վստահել, քանզի բոլոր հարցումները կատարվում են ոչ անկախ դիտորդների կողմից, ամեն քաղաքական ուժ ինքն է իրականացնում իր հարցումները, հետեւաբար, ինչպես կարելի է վստահել դրանց հավաստիությանը:
Ընդդիմադիր հատվածում մեկ նոր ուժ հաստատ կլինի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդի դերում կուսակցությունն առայժմ տեսնում է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանին, իսկ թե վերջնական արդյունքում օրենսդրական ինչ պատկեր կլինի, բացարձակապես հայտնի չէ: Ամեն ինչ կախված կլինի Սամվել Կարապետյանի քաղաքացիության եւ գրանցման հետ:
Եթե ԿԸՀ-ն չգրանցի Սամվել Կարապետյանին, ապա իրավիճակը լրիվ բարդանում է, քանզի կուսակցության համար առաջ է գալիս նոր առաջնորդի կամ նոր ֆորմատով ընտրության հարց, որը կապված կլինի մի շարք բարդությունների հետ: Մեկ բան է Սամվել Կարապետյանի պարագան, մեկ այլ բան՝ Նարեկ Կարապետյանի, լրիվ այլ բան է կուսակցության ֆորմատի փոփոխության հարցը: Բացառված չէ, որ հանգամանքների փոփոխության հետեւանքով կուսակցությունը պարտադրված գնա նոր դաշինքի կազմավորման ճանապարհով, որն էապես կփոխի սպասվող ընտրությունների ընթացքը: Կուսակցությունում ամեն ինչ կախված կլինի առաջնորդի ընտրությունից եւ այս հարցում ԿԸՀ-ն կփորձի ամեն կերպ չգրանցել Սամվել Կարապետյանին, եթե հաշվի առնենք, որ ԿԸՀ նախագահը նախկին ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից, ընկեր Վահագն Հովակիմյանն է, որին մի շարք պատճառներով բնավ ձեռք չի տալիս Սամվել Կարապետյանի թեկնածության գրանցումը, որպես Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակից: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը կանաչ ճանապարհ է ստանում եւ նրա շանսերն անհամեմատ ուժեղանում են: Այս դեպքում էապես հեշտանում է Վահագն Հովակիմյանի հիմնական խնդիրը՝ այն է, Սամվել Կարապետյանին խաղից հանելը: Եվ եթե մեկ այլ ոչ պակաս կարեւոր խնդիր էլ լուծվի՝ Ռոբերտ Քոչարյանին հրաշքով չգրանցեն, ապա Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները կդառնան շատ մոտ նրա վարչապետ դառնալուն:
Կարդացեք նաև
Հայաստանի մնացած քաղաքական ուժերի գրանցումն այնքանով է կարեւոր, թե ինչ նոր ընդդիմադիր դաշինքներ կլինեն եւ ընտրական շեմը չհաղթահարած որքան ձայներ որ կուսակցություններին կգնան: Ամեն դեպքում, մի քանի կուսակցություն հայտ կներկայացնեն ընտրություններին մասնակցելու եւ ՔՊ-ից, եւ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքից բացի, «Բարգավաճ Հայաստան» դաշինքը եւս հավանաբար մինիմալ շեմը կհաղթահարի, իսկ մնացած կուսակցություններն ու դաշինքները մինիմալ շեմը հավանաբար չեն հաղթահարի:
Եթե մինչեւ ընտրությունները «հրաշքով» կնքվի հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագիրը, քանի որ ընդդիմությունը գործող իշխանությունների համար անխոչընդոտ, ազատ ճանապարհ տվեց միայնակ օգտվելու, կնքելու հայ-ադրբեջանական, այսպես կոչված՝ «խաղաղության» համաձայնագիրը, ապա անկախ ընտրության արդյունքներից, կլուծվի Հայաստանի առջեւ դրված բոլոր բացասական հարցերը ու Հայաստանում ամեն ինչ իսպառ կավարտվի, քանի որ կստորագրվի թուրք-ադրբեջանական այն համաձայնագիրը, որը կուզի Ադրբեջանը: Այսինքն, կլինի Հայաստանի վերջին պատմական՝ թուրք-ադրբեջանական պետություն, որը կհավերժի հողագնդի վրայից վերջին հայի իսպառ վերացումից հետո:
Հիմա ընտրությունների չեղարկման վտանգների մասին:
Չեմ ցանկանում նշել օրենսդրական բոլոր դրույթների մասին, որոնք կարող են չեղարկել անգամ կայացած ընտրությունները, եթե անգամ հաղթող ուժ կամ ուժեր կան: Կարծում եմ, որ ՔՊ-ն իր ուզած արդյունքներին չհասնելու եւ ընդդիմադիր որեւէ ուժի կամ ուժերի կողմից իշխանությունների համար անսպասելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, ՔՊ-ն ամեն ինչ անելու է արտակարգ դրություն սահմանելու եւ կայացած ընտրությունները չեղյալ հայտարարելու համար: Նրա կողմից ամեն ինչ արվելու է անորոշ ժամկետով ընտրությունները հետաձգելու համար: Եթե ՔՊ-ն վտանգներ չտեսնի, այդ դեպքում կնշանակի նաեւ ընտրությունների անցկացման երկրորդ փուլ, որի ընթացքում եւս կարող է իրագործել արտակարգ դրության վերը նշված սխեման: Որքան իշխող ուժին հարկավոր է, այդքան անգամ նա կարող է հետաձգել ընտրությունները, անգամ միչեւ հաջորդ 5 տարվա վերջին օրը: Արտակարգ դրության սխեման շատ մանրամասն օրենքի ուժ է ստացել եւ այն կարող է բազում անգամներ կիրառվել, մինչեւ իշխանությունների ցանկալի արդյունքի հասնելը: Ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծ թվով ձայներ ստանալու պարագայում տեր կկանգնի այդ ձայներին, փոքրաթիվ ձայների եւ հակառակորդի մեծ թվով ստանալու պարագայում ՔՊ-ն կհայտարարի արտակարգ դրություն եւ ընտրության արդյունքները չեղյալ կհամարի: Այս իրավիճակն անորոշ անգամներ կարող է ձգձգվել՝ մինչեւ որեւէ արդյունքի հասնելը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
18.04.2026


















































