Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում

Դեկտեմբեր 21,2023 21:21

2023 թվականին Պարեկային ծառայությունը մեկնարկեց նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այսպիսով, այս տարվանից ծառայությունը ծածկում է հանրապետության ողջ տարածքը։

Կառավարության հովանու ներքո պրոֆեսիոնալ ու նոր գործելաոճով Պարեկային ծառայություն ունենալուն նախորդեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացվել են ներառական գործընթացներով՝ ԱՄՆ, Եվրամիության, ՄԱԶԾ և ԵԱՀԿ գործընկերների ու քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ։

Համագործակցության այդ շրջանակում նաև միջազգային արդյունավետ փորձը տեղայնացվեց և կիրառվեց Ոստիկանության ակադեմիայում կազմակերպված ուսումնառության ընթացքում։ Կրթական նոր ծրագրերից զատ, նոր է նաև ծառայության դուրս եկած պարեկների սպառազինությունն ու տեխնիկան, համազգեստն ու անգամ հանցագործությունների կանխման, բացահայտման և դրանց դեմ ամենօրյա անզիջում պայքարի ձեռագիրը։

Ամիսներ անց Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում կունենա նաև նոր, տեխնիկապես հագեցած, արդի չափանիշներին համապատասխանող վարչական համալիր։ Կառուցման աշխատանքներն ընթանում են լայն թափով։

Պարեկներն իրենց ամենօրյա ու շուրջօրյա ծառայության ընթացքում բացահայտում են հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների, ապահովում հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, չափազանց մեծ է պարեկների ներդրումը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում։ Այդ հանցատեսակի դեմ պայքարում պարեկներն արդյունքներ են գրանցում գրեթե ամեն օր։

Ծառայության ստեղծման առաջին իսկ օրից նշվել էր, որ ստորաբաժանման առաջնային խնդիրներից է քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքումն ու օգնություն ցույց տալը։ Այդ առումով նույնպես ակնառու է օգնության կարիք ունեցող քաղաքացուն օպերատիվ արձագանքելու պարեկների գործելաոճը։

Պարեկային ծառայության գործարկման և կայացման ուղղությամբ աննախադեպ աշխատանք է իրականացրել Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը, որում ներգրավված են եղել միջազգային և հասարակական կազմակերպությունների գործընկերներն ու շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչները։

Բարեփոխումների ռազմավարությամբ պայմանավորված՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև կանանց ներգրավվածությանը։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» խորագրով իրազեկման արշավները տալիս են ցանկալի արդյունք. կանանց ներկայությունը պարեկային ծառայությունում արդյունավետ է ու անհրաժեշտ։

Եվ այսպես, Կառավարության բարձր հովանու ներքո մեկնարկած և քաղհասարակության ու միջազգային գործընկերների աջակցությամբ կյանքի կոչված բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում, իսկ ծառայության զարգացման գործընթացը շարունակական է միշտ։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031