Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աուտիստիկ սպեկտրի խանգարման դեպքում վաղ միջամտությունը կարող է հիմնովին փոխել մարդու կյանքի որակը

Հունվար 10,2024 09:30

«Զարգացման պերվազիվ խանգարում» տերմինը, որը նախկինում բնութագրում էր երեխայի զարգացման հապաղումը, սոցիալիզացիայի ու հաղորդակցման հետ կապված խնդիրները, կրկնվող շարժումների ու ստերեոտիպային վարքագծի առկայությունը և այլն, այժմ չի գործածվում բժիշկների կողմից։ 2013 թ․-ից Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից աուտիստիկ խանգարումը, Ասպերգերի համախտանիշը, զարգացման պերվազիվ խանգարումը, զարգացման ոչ սպեցիֆիկ ընդհանուր խանգարումը վերաորակավորվել են «աուտիստիկ սպեկտրի խանգարում» եզրույթի ներքո։ Այս հայեցակարգը բժշկական տեսանկյունից զարգացման խանգարումներ ունեցող երեխաների ավելի հստակ ախտորոշման լայն հնարավորություններ է ստեղծում։

Իրականում աուտիստիկ սպեկտրի խանգարումների շրջանակը շատ լայն է, և եթե որոշ մարդկանց մոտ խանգարման դրսևորումները կարող են այնքան աննշան լինել, որ նկատելի չլինեն հասարակության համար, մյուսների դեպքում կարող են այնքան խորը լինել, որ հանգեցնեն հաշմանդամության։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող մարդկանց մեծամասնությունը, սակայն, գտնվում է այդ երկու վիճակների միջակայքում։

Աուտիստիկ սպեկտրի խանգարման ախտանշանները

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ, սովորաբար, խնդիրներ են առաջանում սոցիալական շփման ու փոխազդեցության ոլորտում, նկատվում են կրկնվող գործողություններ, նկատվում են բանավոր խոսքի խանգարումներ, շրջակա միջավայրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության սահմանափակումներ և այլն։

Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները կարող են՝

  • խուսափել հայացքով շփումից,
  • ունենալ խնդիրներ իրենց մտքերը բանավոր արտահայտելու հետ կապված,
  • ունենալ բարձր ձայն, ձայնի ոչ սովորական ռիթմ, ռոբոտանման խոսք,
  • զգացմունքների վերահսկման հետ կապված խնդիրներ և այլն։

Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները կարող են անընդհատ խաղալ նույն խաղերը, ունենալ ստերեոտիպային վարք, ավելի շատ հետաքրքրվել խաղալիքի մասերով, քան բուն խաղալիքով, սուր արձագանքել օրվա ռեժիմի հետ կապված փոփոխություններին և այլն։

Աուտիստիկ սպեկտրի խանգարման առաջացման պատճառները բացահայտված չեն․ հայտնի է, որ ռիսկի գործոններից մեկը ժառանգականությունն է, սակայն դեռ չկա որևէ հայտնի գեն, որը պատասխանատու է այդ վիճակների զարգացման համար։

Երեխաների մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարումները կարող են ախտորոշվել զարգացման պլանային հետազոտությունների ժամանակ կամ ծնողի, մանկաբույժի, ապա և հատուկ մասնագետների համագործակցության շնորհիվ։ Զարգացման այդ խանգարումներն ախտորոշող լաբորատոր թեստեր, ցավոք, գոյություն չունեն։

Աուտիստիկ սպեկտրի խանգարման վաղ ախտորոշումը կարևոր է

Առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս անգամ չնչին կասկածների դեպքում հնարավորինս վաղ դիմել ախտորոշման ու համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար, քանի որ, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, «աուտիստիկ սպեկտրի խանգարում» ախտորոշում ունեցող երեխաների մեկ երրորդը մոտ 6 տարեկանում արդեն կարող է ազատվել այդ խնդրից՝ համապատասխան թերապիա անցնելուց հետո։

Հիշյալ հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 1-3 տարեկան ԱՍԽ ունեցող 213 երեխաներ։ Բոլոր երեխաները ստացել են վարքագծային թերապիա։ Հետազոտության մասնակից երեխաներին կրկին ստուգել են 5-7 տարեկանում, և նրանցից 37%-ը 6 տարեկանում արդեն չի համապատասխանել Աուտիստիկ սպեկտրի խանգարման չափանիշներին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031