Լրահոս
Օրվա լրահոսը

«Արատավոր պրակտիկան շարունակում ենք, այս կառավարությունը սկսեց դատախազներին, դատավորներին, քննիչներին ավել փող տալ»․ Արթուր Խաչատրյան

Հունվար 11,2024 13:57

«Մենք էլի այս արատավոր պրակտիկան շարունակում ենք, վճարումային սանդղակը քանդելու քաղաքականությունն էլի շարունակվում է։ Մենք երկրում ունեինք բարդակ, ով ինչ փող ասես ստանում էր։ Երկար ջանքերի շնորհիվ ստեղծվեց մի հատ ընդհանուր սանդղակ, որ դատախազը նախագահից ավելի չստանա, տարբեր պաշտոններ դասակարգվեցին։ Եվ հետո այս կառավարությունը սկսեց դատախազներին ավել փող տալ, դատավորներին, քննիչներին ավել փող տալ, համակարգը քանդվեց։ Սրանով հերթական մոտեցումն է, եթե աշխատավարձերն այսօր մրցունակ չեն, սանդղակը փոխեք, բայց բուն գաղափարախոսությունը՝ ընդհանուր աշխատավարձային սանդղակ ունենալու, չի կարելի քանդել»,- ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, դատախազը չպետք է ստանա երկրի վարչապետից ու նախագահից բարձր աշխատավարձ, բայց այսօր այդպես է։ Եվ դատավորների մի մասն ավելի բարձր աշխատավարձեր են ստանում, քան երկրի ղեկավարը։ Դա փաստացի այդպես է, իդեալականում այդպես չպետք է լինի, բայց ոչ թե այն պատճառով, որ դատավորների աշխատավարձը պետք է նվազի, այլ երկրի ղեկավարի կամ մյուսների աշխատավարձը պետք է բարձրանա։ Բայց մենք ունենք ֆինանսական սահմանափակումներ։ Դա է պատճառը, որ չենք կարողանում դա անել եւ ստիպված մենք գնում ենք այս ճանապարհով, ինչը, այո, ես համարում եմ կարկատան»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։

Նշենք, որ այս նախագծերի փաթեթի ներկայացման ժամանակ Գեւորգ Պապոյանն ասել էր, որ այսօր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան ոչ միայն Հաշվեքննիչ պալատում, այլ նաեւ ամբողջ պետական կառավարման համակարգում։

«Եվ հաշվեքննությունների իրականացման ժամանակ օբյեկտիվորեն մենք հաճախ չենք կարող անհրաժեշտ որակ ապահովել, քանի որ մասնագիտական պատրաստվածության խնդիր գոյություն ունի։ Եվ այստեղ հետաքրքիր մի մեխանիզմ ենք ստացել՝ որակավորման բարձրացմանը զուգահեռ՝ մարդկանց աշխատավարձերն էականորեն փոխվելու են։ Աշխատավարձերը պետք է կտրուկ բարձրանան, եւ ինչպես ԿԲ դեպքում է, Հաշվեքննիչ պալատում անալոգիան նույնն է լինելու՝ միջին շուկայականին համապատասխան պետք է լինեն։ Եթե 8-րդ, 9-րդ կամ 10-րդ մակարդակի որակավորման փուլերը հաղթահարած մասնագետները շուկայում ստանում են 1․5 մլն դրամ աշխատավարձ, ուրեմն պետք է Հաշվեքննիչ պալատում էլ ստանան 1․5 մլն դրամ»,- նշեց Պապոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031