Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան․ «Հայաստանի առաջնությանը մասնակցում են ամբիցիոզ երիտասարդ շախմատիստներ, որոնք մի օր պետք է իրենց խոսքն ասեն հայկական շախմատում»

Հունվար 11,2024 22:15

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ եւ  կանանց 79-րդ առաջնությունների բացման արարողությունը։ ՀՇՖ փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ողջունելով շնորհավորեց մասնակիցների ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթեց ազնիվ պայքար, որպեսզի հաղթեն ավելի ուժեղները։

Այնուհետեւ, գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը շախմատիստներին հիշեցրեց կանոնները, ծանոթացրեց նորամուծություններին եւ պատասխանեց առաջնության մասնակիցներին հետաքրքրող լրացուցիչ հարցերին, որից հետո կազմակերպվեց վիճակահանությունը։

Aravot.am-ը զրուցեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ։

-Ինչո՞վ է այս առաջնությունը տարբերվում նախորդ առաջնությունից։

-Թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններին մասնակցում են 10-ական շախմատիստներ։ Նպատակը նախ եւ առաջ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի չեմպիոնին որոշելն է։ Նրանք, ինչպես գիտեք, համալրում է ազգային հավաքականների կազմը։ Այս առաջնության առանձնահատկությունն այն է, որ 2024 թվականը նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի տարի է, որը կայանալու է սեպտեմբերին, Հունգարիայում։ Այնպես որ, չեմպիոնը հաստատուն տեղ կունենա մեր ընտրանիում եւ թիմակիցների հետ Հայաստանի ֆեդերացիայի պատիվը պաշտպանելու հնարավորություն կստանա։

– Ծանոթանալով մասնակիցների կազմերին՝ տեսնում ենք, որ երկու առաջնություններում էլ բավական թվով նոր անուններ կան։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։

-Այո, դա այդպես է։ Եվ ըստ ընդհանուր վարկանիշի, կազմերն ավելի ցածր են, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է սերնդափոխությամբ։ Այն բանից հետո, երբ Լեւոն Արոնյանը դուրս եկավ Հայաստանի հավաքականի կազմից, իսկ ավելի ուշ մի շարք շախմատիստներ երեւի համարում են, որ արդեն չպետք է խաղան Հայաստանի առաջնությունում, հավաքականների, հատկապես, տղամարդկանց,  կազմը ավելի երիտասարդացել է։ Մի կողմից, ցավում ենք, որ առաջնության միջին վարկանիշը նախորդ տարիների համեմատ ավելի ցածր է, բայց մյուս կողմից էլ, այստեղ խաղում են բավականին ամբիցիոզ երիտասարդ շախմատիստներ, որոնք մի օր պետք է փորձեն իրենց խոսքն ասել հայկական շախմատում։ Թեեւ իմ կարծիքով նրանց եւ փորձառուների  միջեւ ինչ-որ կտրուկ սահման գոյություն ունի ու ֆավորիտներ կան, բայց անակնկալներն, իհարկե, չեն բացառվում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031