Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնո՞ւմ ես, թագերը գնում են, պոետները` մնում». Սիլվա Կապուտիկյանը` Առաջին տիկնոջը

Հունվար 19,2024 14:00

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքում փոփոխությունների մասին քննարկումները ԱԺ-ից դուրս եկավ հանրային քննարկումների դաշտ: Նախագիծը դրական եզրակացությամբ քննարկման էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Արդարադատության նախարարությունն առաջարկում էր վերանայել պատվավոր կոչումների շրջանակը: Ըստ արդարադատության փոխնախարարի, այդ կոչումները ժամանակավրեպ են, շատ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:

Հունվարի 16-ին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես եկավ արդարադատության նախարարությունը: Ըստ նախարարության` սխալ ներկայացվեց արդարադատության փոխնախարարի խոսքը, քանի որ փոխնախարար Արմենուհի Հարությունյանը նշել է «մի քանի հարգարժան գործիչների անուններ», որ նա ասել է, թե սիրում է, հարգում նրանց, բայց «շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում: Վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի եւ թողած գործի շնորհիվ»: Հիշեցնեմ, որ ԱՆ փոխնախարարը հարցրել էր. ով է ճանաչում Գեղունի Չթչյանին, Վլադիլեն Բալյանին, Դավիթ Բաբայանին, Ֆելիքս Սողոյանին, Նիկոլայ Ծատուրյանին, իսկ իշխանական պատգամավորների կողմից, որոնց անկեղծ չեմ ճանաչում, հնչեց միտք, թե այդ կոչումները տվել են լռելու համար, եւ որ նրանց ժողովրդական կամ վաստակավոր լինելը չի կարող ստուգվել, ճշտվել փորձագիտական որեւէ խմբի հայեցողութամբ: 17 կոչումներ են սահմանված, եւ քանի որ դրանք խաթարում են առողջ մրցակցությունը, ապա առաջարկվում էր հրաժարվել այդ կոչումները տալուց:

Բանաստեղծուհի, տասնյակ գրքերի հեղինակ, ՀԳՄ անդամ Հռիփսիմեին (Հռիփսիմե Հովհաննիսյան) հարցնում եմ, թե ինչպես է գնահատում, առհասարակ, այս անառողջ քննարկումները:

-Էս համատարած փոշիացումն արդեն մեր տեսողությունը դարձնում է կուրացուցիչ։ Բոլոր բնագավառներն էլ ավազե պտտահողմի մեջ են։ Հերթը հասավ վաստակի արժեւորմանը, որը ներկա վիճակից ուշադրությունը շեղելու մի անփառունակ ձեւ է, չհիմնավորված ոչ մի չափանիշով։ Ես հին մարդ եմ։ Քայլել եմ մեր մեծերի կողքով եւ տեսել եմ, թե գնահատականի չափը որքան պարտավորեցնող էր ժողովրդի առսջ, այն սիրո, մեծ նվիրումի մուրհակ էր, որը պիտի հասցեատերը արժանավայել մարեր։ Գնահատվողի չափանիշ էր, մետր, նշաձող, բարձր թռիչք ապահովվող։ Մի թանկ զգացողություն էր բարձրակետը տանող։ Հիմա այս համահարթեցումը գաջաջություն բերող ընթացք է, որտեղ չկա գագաթ, մեծություն, թացի եւ էլի թացի մխացող կրակն է, ուր թանձր ծխածածկույթը չի թողնում, որ կրակ լինի ու բոց։ Երկրի մշակութային նման սառնադաշտը դեմ է ոգեղենիկ ծաղկումին, կանաչությանը։ Եկանք հասանք այն կետին, որ ոչ ներկան է պտղաբեր եւ ոչ էլ կա վաղվա սերմացուն։ Եղածն էլ ներսից է ցեցակիր։ Դժվարին, անանցանելի այս ժամանակներում, ամեն խաղը ներկայացվել էր, մնում էր կոչումների գլխատո՞ւմը։ Այն ո՞ւր կտանի։ Եթե մեր ազգային ցավի, հոգսի վրա կարող է այն վիրակապեր դառնալ, թող լինի այդպես, բայց երեւույթն ավելի է խորացնում պետության, իշխանավորի եւ ժողովրդի միջեւ եղած կապը, օտարացումը, խզումը, դառնում է բաժանարար առու, իսկ մի ափից մյուսը գնացողը պիտի թրծված դերախաղաց լինի, կամ ունենա տարուբերվող ձեռագիր։ Կոչումազրկումը առաջընթաց չէ, այն թպրտոց է թռիչք չդարձող, անձեւ ինքնություն է։ Մինչդեռ երերուն է պաշտոնյայի աթոռը, ժամանակավոր, այն դեպքում, երբ նստատեղը երեք ոտքով է հենված հողին։ Չգիտեմ ինչու, մի դեպք հիշեցի։ Իմ սիրելի Մեծն վանեցի Կապուտիկյանը եւ հարգարժան տիկին Ռիմա Դեմիրճյանը նույն հիվանդանոցում էին հայտնվել։ Բանաստեղծուհուն տեղավորել էին կառավարական երկտեղանոց սենյակում, իսկ Ռիմա Աղասեւնային, ոչ գերապատվելի մի հիվանդասենյակ էին տվել։ Երբ ես ու Կապուտիկյանը իջանք տիկնոջը տեսության, վերջինս չկորցրեց իր հումորը։

-Ռիմա ջան, ասաց մտերմիկ ժպիտով,-հիմա Կարենը, եթե մեծ պաշտոն ունենար, գործարանում չաշխատեր, դու իմ սենյակում կլինեիր, ես` քո։ Տեսնո՞ւմ ես, թագերը գնում են, պոետները` մնում։

Չգիտեմ ինչու հիշեցի այս պատմությունը, չգիտեմ ինչու նորից ետ նայեցի, երբ արվեստների ոսկեդարն էր, իսկ մենք գիտեինք արժանավորին հոտնկայս ծափահարել։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ցավոք, Կապուտիկյանի արտահայտած հումորը հեգնանք է պարունակել Կարեն Դեմիրճյանի և Ռիմա Դեմիրճյանի պես արժանավոր մարդկանց նկատմամբ և թեկուզ հումորով, շատ տգեղ է եղել հիվանդ կնոջը ցույց տալ իրենց դիրքային առավելությունների փոփոխությունը հիվանդասենյակների “կլասներով” պայմանավորված։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031