Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյան․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չկա որեւէ կետ, որեւէ սահմանում, որ ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է ապահովեն 3-րդ կողմի ուժերը, մասնավորապես ՌԴ սահմանապահները»

Հունվար 23,2024 19:21

«Հայաստանի հանրապետությունը միջանցքի մասով որեւէ պարտավորություններ չի ստանձնել ո՛չ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով եւ ո՛չ էլ հունվարի 11-ի փաստաթղթով, որով ըստ էության բացվում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, եւ ոչ էլ հետագա որեւէ հայտարարությամբ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «․․․Զանգեզելանից Նախիջեւան անցնող բեռներն ու մարդիկ չպետք է ստուգվեն․․․» հայտարարությանը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է, այլեւ շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային  ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ «Ընդ որում, մեզ համար հարցը ոչ միայն բուն Ադրբեջան-Նախիջեւան կապի մասին է, այլ ընդհանրապես տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման, ենթակառուցվածքներ, որոնցից Հայաստանն էլ պիտի օգտվի։ Օրինակ երկաթուղային ենթակառուցվածքները եւ նախիջեւանյան հատվածը»։

Միրզոյանն ասաց, որ մի շարք դեպքերում, այդ թվում՝ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ՀՀ ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի ոչ պաշտոնական շփումներում եւ ընդհանրապես բազմաթիվ դրվագներում հանգել են համաձայնության, որ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն ամբողջական հարգանքով երկրների ինքնիշխանության եւ  իրավազորության նկատմամբ, ինչպես նաեւ համաձայն հավասարության եւ փոխադարձության սկզբունքների։

«Ի՞նչ է ասում Ադրբեջանը։ Ասում է՝ այո, եւ այն, ինչ մենք ակնկալում ենք, այդ սկզբունքները չեն խախտվում։ Ես գոնե այդպես կարող եմ եզրակացնել։ Մասնավորապես, ինչպես Ադրբեջանի նախագահն  ասաց իր վերջին հարցազրույցում, իրենք պահանջում են, որ ադրբեջանական բեռներն ու ուղեւորները կարողանան հատել ՀՀ սահմանը, անցնել Հայաստանի տարածքով եւ Ադրբեջանից հասնեն Նախիջեւան ու հակառակը՝ առանց որեւէ մաքսային վարչարարությանը, առանց անձնագրային վերահսկողության, եւ այս ենթակառուցվածքը պետք է լինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո։ Ըստ էության  կարող եմ ասել, որ երեք պահանջն էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում է ենթադրում։ Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որեւէ երկրի քաղաքացի մեր սահմանն անցնի առանց սահմանային վարչարարության։ Իհարկե, մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, ժամանակակից աշխարհն ու թվային տեխնոլոգիաները բավականին արդյունավետ լուծումներ կարող են տալ։ Բայց գաղափարապես, որ որեւէ մեկը հատի ՀՀ սահմանը, անցնի ՀՀ տարածքով եւ մյուս կողմից դուրս գա ու ՀՀ համապատասխան մարմինները պատշաճ չտեղեկանան, մեզ համար անընդունելի է։  Նույնը մաքսային վարչարարության մասով։ Մենք պատրաստ ենք քննարկել այս կամ վերաբերելի վճարն ինչպես պետք է արվի կամ չափն ինչքան պետք է լինի, կարող են լինեն կառուցողական, փոխզիջումային լուծումներ առհասարակ չի կարող լինել, որ  ՀՀ տարածքով բեռներ անցնեն առանց մաքսային հսկողության։ Սա հենց միջանցքային  այն տրամաբանությունն է, որը մեզ համար ընդունելի չէ եւ որի մասին մշտապես ասել ենք»,-ասաց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չկա որեւէ կետ, որեւէ սահմանում այն մասին, որ այս ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է ապահովեն  3-րդ կողմի ուժերը, մասնավորապես ՌԴ սահմանապահները․ «Ճիշտ հակառակը, բավականին պարզ եւ ուղիղ նշվում է, որ ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ-ն։ Մենք այսօր էլ պատրաստ ենք Հայաստանում ե՛ւ այդ տարածքում կամ որեւէ այլ տարածքում գործող, կառուցվելիք որեւէ ենթակառուցվածքի անվտանգությունը երաշխավորել եւ ակնկալում ենք, որ այն երկրներով, որոնցով  այս փոխհամաձայնության արդյունքում, եթե այն ձեռքբերվի, մեր ապրանքներն ու քաղաքացիները պետք է անցնեն, այդ երկրները պետք է երաշխավորեն այդ քաղաքացիների եւ բեռների անվտանգությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031