Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 8 սենյակ լաբորատորիաներ, 150-ից ավելի տելեգրամյան ալիքներ․ Փաշինյանը հանձնարարեց փնտրել խոշոր մատակարարողներին

Փետրվար 01,2024 14:26

Կառավարության նիստում այսօր քննարկվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։

«Ես, տարբեր մարմինների հետ շփումների ընթացքում, արձանագրել եմ, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում նրանց աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։ Այստեղ ես որոշակի ճեղքեր եմ տեսել, որ պետք է փակել։ Խնդիրն այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ավելի համակարգված եւ միջգերատեսչական մակարդակում պայքար ծավալելն է»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ՆԳՆ-ին հանձնարարվել է այդ ուղղությամբ ռազմավարություն մշակել։

Փաշինյանն ասաց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ծավալվում է մեծ տեմպերով․ «Խնդիր ունենք վերլուծելու արձանագրված ցուցանիշները, որովհետեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բացահայտման դեպքերը շատացել են։ Դա լատենտ հանցագործություն է։ Բացահայտման թվերի աճը գուցե ցույց է տալիս պայքարի արդյունավետությունը, մյուս կողմից էլ դա վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի հսկայական մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով։ Մենք դեպքեր ունենք, երբ սոցցանցով տեղի ունեցող հանցագործությունները բացահայտել ենք, բայց լուրջ համակարգման խնդիր ունենք»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն ասաց, որ անցյալ տարի թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան։

«Վերջին շրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բարդացել է, քանի որ մեխանիզմները սկսել են փոխվել։ Իրավապահ համակարգին հայտնի նախկին մեխանիզմները․․․ պատկերավոր ասեմ՝ թմրանյութը տվեցին, փողը վերցրեցին եւ օպերատիվ մարմինը գնաց-բռնեց՝ այլեւս գոյություն չունի։ Հիմնական մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առքուվաճառքը։ Այս պահին իրավապահ համակարգը նոր մեթոդ է մշակում։ Անցած տարի 150-ից ավելի տելեգրամյան ալիքներ ենք բացահայտել, 8 սենյակ լաբորատորիաներ ենք բացահայտել։ Մենք սկսել ենք փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։ Անցած տարի մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան։ Քննչական ճանապարհով 30 տելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մասնակիցներ»։

Փաշինյանն էլ ասաց, որ ֆինանսական շարժերն ավելի շատ վերլուծելու կարիք կա, քանի որ այդ թմրանյութի համար վճարվում է, իսկ այդ փողերը մեծ են․ «Այստեղ կարեւոր է, որ մենք այդ ֆինանսական շարժն ավելի շատ տեղորոշելու հնարավորություն ունենանք։ Երբ մենք թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա մենք կարող ենք գտնել մեկ փաթեթ։ Մենք ուրիշ տեղ պետք է փնտրենք, որտեղ ոչ թե մեկ փաթեթ է, այլ մեծ մատակարարումներ են: Այս առումով ֆինանսական հոսքերի վերլուծությունը շատ կարեւոր է։ Այս առումով շատ կարեւոր է հասկանալ, թե կրիպտոարժույթների հետ ինչ ենք անում։ Ակնհայտ է, որ այդ փողերի մի մասը ներդրվում են կրիպտոարժույթների մեջ։ Կարեւոր է կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականության շարունակականությունը նաեւ այս հարցի հետ կապված։ Կանխիկի շրջանառության կրճատումն ի՞նչ կարևոր էլեմենտ ունի, որ այդ գումարը ոչ միայն ծախսվում է, այլեւ գումարի հետագիծն է երեւում՝ գումարը որտեղից է եկել եւ ինչ ծավալներով է ծախսվում»։

Վարչապետն ասաց , որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարվում, մեր դպրոցներում եւ բուհերում այդ առումով․ «Պրոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են։ Եթե մենք դեպի Հայաստան տոննայով կամ հարյուրավոր կիլոգրամներով դեպքեր ենք բացահայտում։ Մեր մեթոդները պետք է փոխենք։ Հին մեթոդներով, կարող է՝ մեր կողքով անցնեն, մենք գլխի չընկնենք, թե ինչ է կատարվում: Շատ եմ կարեւորում շնագիտական ծառայությունների զարգացումը, այստեղ միջազգային համագործակցությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829