Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ոչ մարզական կրքերը չեն հանդարտվում

Փետրվար 01,2024 18:06

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի ասուլիսների սրահում խոսեց բուհի անելիքների եւ բուհի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մասին:

«Ցավոք, վերջին մեկ տարում մեր ինստիտուտի շուրջ ծավալվող իրադարձությունները բացասաբար էին ազդում ինչպես ինստիտուտի համբավի, այնպես էլ մեր աշխատանքների վրա: Հիմա մենք պետք է կարողանանք կարճ ժամանակում ինստիտուտին վերադարձնենք աշխատանքային բնականոն հուն: Նախկին ղեկավարից մենք ստացել ենք ծանր ժառանգություն՝ կառավարման ճգնաժամ, որն ազդել է նաեւ ուսումնական գործընթացի վրա: Մոտավորապես մայիս ամսին կասեցվեց ռեկտոր Դավիթ Խիթարյանի գործունեությունը, նրա հանդեպ հարուցվեց քրեական վարույթ, որը մինչեւ հիմա շարունակվում է: Եվ այդ ընթացքում ինստիտուտը բավականին ցնցումների մեջ ընկավ, որովհետեւ սկսեցին տարբեր կարծիքներ հնչեցվել՝ կապված ինստիտուտի ղեկավարի հետ: Բայց մինչեւ այդ էլ վեճերը հասունանում էին: Արդեն կար կառավարման սուր ճգնաժամ: Մի քանի անգամ ես շեշտել եմ ու հիմա էլ շեշտում եմ. մի բուհում, որտեղ շուրջ 2500 ուսանողի պարագայում կա 166 դասախոս եւ 159 վարչական աշխատող, այդ բուհը չի կարող նորմալ գործել: Նախատեսված չակերտավոր բարեփոխումների դեպքում դուրս կմնար իմ նշած դասախոսական կազմի եւս 40 տոկոսը: Հասկանալի է, այդ պայմաններում ինստիտուտը չէր կարող իր բնականոն գործունեությունը շարունակել, ինչի համար անհամաձայնություն հայտնեցինք ինստիտուտի այն ժամանակվա ղեկավարության հետ:

Ես՝ որպես ինստիտուտի հիմնական՝ մարզչա-մանկավարժական ֆակուլտետի դեկան, բարձրաձայնեցի այդ խնդիրները, եւ խնդիրներն առաջ եկան: Սկսեցին անտեսվել դասախոսների կարծիքները, լսելի չէր ուսանողների ձայնը: Ես որպես դեկան չէի կարող անհաղորդ մնալ այդ ամենին ու սկսեցի բարձրաձայնել իմ գործընկերների պրոբլեմները, ինչի համար խնդիրներ ունեցանք արդեն նախկին ռեկտոր պարոն Խիթարյանի հետ:

Պիտի կրկին շեշտեմ. մեկ տարի ինստիտուտը զբաղվել է ամեն ինչով, բացի իր բուն գործունեությունից: Հիմա մենք շատ արագ պետք է կարողանանք այդ խնդիրները լուծել, որովհետեւ ինստիտուտի առաքելությունը կրթություն եւ գիտություն տալն է»,-ասաց Տիգրան Սիմոնյանը:

Ռեկտորի ժ/պ-ն տեղեկացրեց, որ ինստիտուտը միջպետական պայմանագրի հետ կապված Ճապոնիայի կառավարության հետ պայմանավորվածություն կար, որ դեսպանատանը կտրամադրի մի կլորիկ գումար ինստիտուտի կարատեի եւ ձյուդոյի դահլիճը նորոգելու համար: «Դահլիճը վերանորոգվել է, բայց դեսպանատունը գործը չի ընդունում, որովհետեւ պրոբլեմներ է տեսնում: Բացահայտվել են որոշ կոռուպցիոն ռիսկեր, եւ երկու տարի մեր ձյուդոիստներն ու կարատեիստները ստիպված տարբեր դահլիճներում են մի կերպ մարզվում:

Ես ստիպված եմ եղել հենց այսօր պաշտոնական նամակով դիմել Ճապոնիայի դեսպանին՝ խնդրելով անձնական հանդիպում, որպեսզի մինչեւ այդ հարցերի իրավական դաշտում լուծում ստանալը, մեր ուսանողները չտուժեն: Այսպես, ցավոք, մեր ինստիտուտի անունը հոլովվել է մի քանի դատական նիստերում՝ նախկին ռեկտորի դեմ հարուցված կոռուպցիոն մի քանի գործերով»,-ասաց Տիգրան Սիմոնյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Դավիթ Խիթարյանը ասում է, որ պայքարում էր նախկինների, նախկին բարքերի դեմ, կարո՞ղ է ասել, թե ի՞նչ նկատի կարող էր ունենալ նա, Տիգրան Սիմոնյանը պատասխանեց. «Եվ ո՞վ է պնդում, թե նախկինների դեմ է պայքարում: Հարցն այն է, թե ում համար ենք նախկին: Մենք ունենք ակադեմիկոս Ֆրունզ Գաբրիելի Ղազարյան, որը հարգված է ամբողջ աշխարհում: Այդ մարդուն նախկի՞ն համարենք: Իհարկե՝ ոչ:

Նախկինի հետ կապված, պարոն Խիթարյանը չի ասում, որ ինքը նախկինում եւս աշխատել է այս ինստիտուտում եւ երկու տարբեր ռեկտորների օրոք նրան հանել են ինստիտուտից: Սա երրորդ անգամն է, որ իրեն հանում են ինստիտուտից: Եվ եթե չեմ սխալվում, այդ ամենը կապված է եղել ինչ-որ կոռուպցիոն ռիսկերի հետ: Անձը, որի նկատմամբ մի քանի դրվագներով գործ է բացված հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում, եւ նա բոլորին սկսում է մեղադրել կոռուպցիայի մեջ անհիմն, դա իմ կարծիքով անհեթեթություն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829