Լրահոս
Օրվա լրահոսը

«Խրախուսանք չկա, տույժեր՝ ինչքան ասես»․ ինչո՞ւ են բացասական գնահատվում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դատապարտյալների զեկույցները

Փետրվար 02,2024 12:26

«3-րդ անգամ մտնում եմ դատարան՝ մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել։ Քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների զեկույցներս բացասական են։ Սա էլ է իմ համար հանելուկ»,-ասում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ Նրա խոսքով՝ 2 միավոր չի հերիքում, որպեսզի քրեակատարողական ծառայության զեկույցը լինի դրական։

«Ինձ թվում է՝ պրոբացիայի ծառայությունը նայում է քրեակատարողական ծառայության զեկույցին, հետո նույնը գրում․ եթե այդ երկու կառույցներն առանձին են գործում, ապա ինչո՞ւ քրեակատարողականի զեկույցը ստացվում է, պրոբացիայինը՝ մի քանի օր հետո»,–ասում է մեր զրուցակիցը։

«ՀՀ քրեական օրենսգրքի» 86-րդ հոդվածի համաձայն․ դատապարտյալը վաղաժամկետ կարող է ազատվել, եթե 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, 15 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երկրորդը, 30 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը, նոր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը` նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու եւ այն վերացվելու դեպքում, ազատազրկման ձեւով նշանակված պատժի ոչ պակաս, քան 20 տարին` ցմահ ազատազրկման դատապարտված լինելու դեպքում:

Դատապարտյալի վարքագծի վերաբերյալ զեկույցները կազմում են քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները։ Ըստ գործող կարգի, դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը, պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն, պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, եւ չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով, դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

Դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում դատապարտյալի տարիքը պատիժը կրելու, ինչպես նաեւ հանցանքը կատարելու պահին, հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ռեցիդիվի առկայությունը, կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնած լինելը, քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները, մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին, ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, սոցիալական միջավայրը, առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը եւ բուժման արդյունքը, հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները, դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

«Հո՞ բոլորս չենք կարող աշխատել կամ սովորել, որ կարողանանք միավորները դրական զեկույցի համար ապահովվել։ Կամ միջոցառումներին քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ընտրյալներին է մասնակից դարձնում»,–ասում են նրանք։

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արման Սարգսյանը խորհուրդ է տալիս՝ պարզել, թե քանի դատապարտյալ է խրախուսանք ստացել։ «Տույժ որքան ասեք կտան, բայց խրախուսանքի ինստիտուտը չի գործում, ինչպես կարո՞ղ ենք ապահովվել անցողիկ 28 միավորը, որպեսզի դրական զեկույց ունենանք, հետո ասում են կոռուպցիոն ռիսկերը նվազեցվել են»,–ասում է Արմանը։ Վերջինս նաեւ նկատել է․ պայմանական վաղաժամկետ ազատման ճանապարհին գտնվող դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի վարչակազմերը փորձում են խոչընդոտել։ «Կոպիտ ասած՝ ընկնում են հետեւից, որ տույժ տան, որպեսզի դատարանը չազատի»,–ասում է Արմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ նշեց, որ ինքը դեմ է համաներման ինստիտուտին, չնայած ինքն էլ ժամանակին ազատվել է համաներմամբ։ Երկրի ղեկավարը կարեւորեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի բարելավումը։

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ արդեն ստեղծվել է ապահովության, անվտանգության եւ սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով աշխատանքային խումբ՝ փոխնախարար Լեւոն Բալյանի գլխավորությամբ։ Խումբը առաջիկա ամիսներին պետք է ներկայացնի պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի փոփոխության նախագիծը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829