Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւավճարները կրճատեք․ տրանսպորտի 100 դրամը չպիտի բարձրանա, պետությունը պարտավոր է սուբսիդավորի»․ քաղաքապետարանում քննարկում են տրանսպորտի թանկացման հարցը

Փետրվար 09,2024 22:00

Երեւանի ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը։

Հիշեցնենք, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետին առաջարկել էր հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից, որպեսզի դրա վերաբերյալ առաջարկությունները քննարկվեն, հետո նորից ընդգրկվի օրակարգում։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ կարմիր գծերի ներդրման ժամանակ ակտիվ համեմատություններ էիք անում Թբիլիսիի հետ, ինչո՞ւ տրանսպորտի դեպքում նույնը չեք անուն, Թիֆլիսում տրանսպորտն ավելի էժան է։

Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց՝ միջազգային փորձն ուսումնասիրում են․ «Բայց եթե դուք բանավեճը պատկերացնում եք այնպես, որ գտնում եք մի քաղաք, որտեղ ավելի էժան է, եւ դրանով միանշանակ հիմնավորում, որ մեզ մոտ չի կարող ավելի թանկ լինի, ես առաջարկում եմ Տալինի օրինակը, որտեղ բնակիչների համար տրանսպորտը անվճար է, կարող եք պնդել, որ մեզ մոտ էլ դառնա անվճար։ Որպեսզի գնագոյացումը հասկանանք, թե որ քաղաքն ինչ սակագին ունի, պետք է հասկանալ ամբողջ բյուջետային կառուցվածքը, որովհետեւ գուցե նրանք ավել սուբսիդավորվում ունեն այլ աղբյուրների հաշվին։ Իսկ եթե դուք ավելի ցածր գին եք առաջարկում, ապա հիմնավորում բերեք, եթե առաջարկում եք գինը պահել նույնը, կխնդրեմ առաջարկեք սուբսիդավորումն ինչի՞ հաշվին պիտի լինի, օրինակ նշեք ոլորտները, որտեղից ավել հարկ հավաքվի»։

Իսկանդարյանն ասաց՝ մեր խմբակցությունը ունի նախագիծ, որով առաջարկում է 100 դրամ թողնել ու հնարավոր կլինի այլ փաթեթների շնորհիվ էժանացնել․ «Մենք առաջարկում ենք ինքնարժեքն իջեցնել, ոչ թե մտածենք, թե ինչպես թանկացնենք»։

Փոխքաղաքապետն ասաց, որ ինքնարժեքի իջեցումը մեթոդներից մեկն է, իշխանությունը դա էլ է կիրառում, բայց դա անվերջ չէ․ «Երբ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ ենք նախատեսում բերել, ինքնարժեքի իջեցման նպատակով է։ Ես սիրով կծանոթանամ ձեր առաջարկին, բայց մի փոքր թերահավատ եմ հաշվարկներին, դժվար եմ պատկերացնում, որ ձեզ հասանելի է այն տեղեկատվությունը, որի հիման կարող էիք հաշվարկել, թե ճեղքը որքան է»։

Գրիգորյանն ասաց, որ 8,6 եւ 12 մետրանոց ավտոբուսներն էլեկտրականով փոխարինելու կարճաժամկետ ծրագրեր չկան, քանի որ դա նոր շարժակազմ է, 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսները կարող են գնագոյացման վրա դրական ազդել, ոչ էլեկտրական շարժակազմը գնագոյացման վրա թանկ է նստում։

Ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ համաձայնվեց, որ այսօրվա տոմսի գինը ինքնարժեքը չի փակում, բայց առաջարկություն արեց իշխանությանը․ «Իշխանությունը պարտավոր է իրեն զոռ տա պարգեւավճարները կրճատի ու ժողովրդի բեռը թոթափի։ Գույքահարկը 2026-ին հասնում է աստղաբաշխական մակարդակի, դա նույնպես պետք է ուղղվի սոցիալական շերտի խնդիրները լուծելուն։ Քաղաքապետն ասում էր, որ քաղաքի եկամուտներն աճել են, ուրեմն պետք է գումարներն ուղղվեն այդ ուղղությամբ։ Թաղապետարաններին հատկացվող գումարները կրճատեք»։

Մանուկյանը պահանջեց, որպեսզի քաղաքային իշխանությունը ներկայացնի, թե ինչպես է ձեւավորվում տոմսի ինքնարժեքը, աուդիտ հրավիրել եւ ուսումնասիրել այդ ՓԲԸ-ի աշխատանքը․ «Իշխանությունը պարտավոր է իր շռայլ ծախսերից ու կոռուպցիոն դրսեւորումները պետք է կրճատեն ու քաղաքացիների բեռը թոթափի»։

Նա նաեւ հետաքրքրվեց՝ ինչու կանաչ պարտատոմսեր թողարկում ու դրանց հաշվին ձեռք բերեն էլեկտրական ավտոբուսներ, դրանք էականորեն կնվազեցնեն ինքնարժեքը։

«Ես խոսել եմ հավաքարար տիկին Լալայի հետ, ասում է՝ ես ունեմ 4 երեխա, ստանում եմ 120 հազար դրամ, իմ ընտանիքի վրա տրանսպորտի ծախսը մեծ բեռ է, բա ո՞նց ապրենք։ Պետությունը պարտավոր է սուբսիդավորի ու 100 դրամը չպիտի բարձրանա»,-ասաց Մանուկյանը։ Նա նաեւ հավելեց, որ ՔՊ-ի քաղաքական վերնախավը երբ այս թեմային անդրադառնում է ու նշում, թե էն ժամանակ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ ու ասում՝ էն ժամանակ գազել էր, հիմա «Ման» ավտոբուսներ են, տեղին չէ։

Ի պատասխան Մանուկյանի, Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ես հասկանում եմ, որ ձեր ասածները պոպուլիստական առումով լավ են հնչում՝ պարգեւավճար մի ստացեք, դրանով սուբսիդավորեք, բայց ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմի, այդ թվում՝ թաղապետարանների, պարգեւավճարների ու սուբսիդիայի թվերն իրար հետ աղերս չունեն։

Նա ասաց, որ կանաչ պարտատոմսեր թողարկելու գաղափարը մշտապես իշխանության օրակարգում է։

Ինչ վերաբերում է Մանուկյանի մյուս դիտարկումներին, փոխքաղաքապետն ասաց՝ կոռուպցիոն դրսեւորումների մասին եք խոսում, դրանք կասկածներից ավել չեն գնում։

«Եկեք քաղաքական ղեկավարության դաշտ չգանք։ Եթե ես սկսեմ անդրադառնալ այն անձանց ովքեր, ժողովրդի ընկալմամբ ձեր քաղաքական ղեկավարությունն է, լավ տեղ չենք հասնի»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա վստահեցրեց, որ բացի ներկայումս շրջանառվող գներից, լինելու է արտոնության փաթեթ, որը թիրախավորելու է առանձին խմբերի․«Որոնց համար դրամատիկ է լինելու այն փոփոխությունը, որը նախատեսում ենք իրականացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829