Լրահոս
Օրվա լրահոսը

Թայֆայականությունն է խոսում, որովհետեւ այդ մարդիկ քաղաքական ընդդիմախոսությամբ չեն զբաղվում. Արսեն Բաբայանը՝ «Սիներջիի» տնօրենի եւ աշխատակիցների խափանման միջոցի փոփոխության մասին

Փետրվար 27,2024 15:23

Փաստաբան Արսեն Բաբայանը առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող մեղադրյալների խափանման միջոց կալանքի փոփոխությունը համարում է թայֆայության գործոնի հետեւանք:

Նա նկատեց, որ այդ գործով անցնող էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հանդեպ վարույթ իրականացնող մարմինը ոչ թե կալանքի միջնորդությամբ դատարան մտավ, այլ հենց տնային կալանքի պահանջով, ըստ Արսեն Բաբայանի՝ շատ պարզ պատճառով. «Որովհետեւ թայֆայականությունն է խոսում, որովհետեւ այդ մարդիկ քաղաքական ընդդիմախոսությամբ չեն զբաղվում: Այդ մարդիկ եղել են ու երեւի շարունակում են լինել այս իշխանությունից: Քաղաքական հետապնդման դասական հիմնավորումն այստեղ է երեւում: Որովհետեւ, օրինակ՝ Տաթեւիկ Վիրաբյանն ու մյուսները դժգոհում են այս իշխանության գործողություններից, դժգոհ են այս իշխանությունից եւ ասում են՝ այս իշխանությունը պետք է հեռանա: Իսկ այ էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող անձինք մեղադրվում են բյուջեն թալանելու մեջ, միլիոնավոր դոլարներ գողանալու մեջ, բայց չեն դժգոհում այս իշխանություններից»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց այս իշխանության քաղաքական ընդդիմախոսների «ճակատագիրը», որոնց համար կիրառվում է կալանքը որպես պատիժ. «Սա ապացուցվում է նաեւ վերջին դեպքերով: Աշոտյանին ինչո՞ւ են կալանքի տակ պահում, ասում են՝ իբր կարող է ազդեցություն ունենալ, որովհետեւ նախկին պաշտոնյա է: Բա որ միլիոնավոր դոլարների գողության մեջ կասկածվող անձին, որը մի երկու օր առաջ նախարար էր, տնային կալանք ես տալիս, ազդեցություն չի՞ կարող ունենալ: Սա է հենց հիմնավորում, որ Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ու կալանքը կիրառվում է որպես պատիժ, այսինքն՝ ինչքան կարողանանք նստեցնենք գաղափարով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829