Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը Հայփոստին հարակից հողամասերն ու բնակելի տները ճանաչում է հանրային գերակա շահ՝ World Trade Center կառուցելու համար

Մարտ 04,2024 21:57

Կառավարությունը Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում Սարյան 22 հասցեում գտնվող գույքին՝ Հայփոստ-ի շենքին հարակից տարածքները՝ շենք-շինություններ, բնակելի տներ եւ հողամասեր հայտարարում է հանրային գերակա շահ։ Այս մասին որոշման նախագիծը շրջանառության դրված e-draft.am-ում։

2023 թվականի սեպտեմբերի 7-ին կառավարության նիստում գործադիրն ընդունեց որոշում, ըստ որի «Ռենշին» ՍՊԸ-ին է օտարվում Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքը։  «Ռենշին»-ը ներդրումային ծրագրով պարտավորվել է «Հայփոստ»-ը վերածել Համաշխարհային առեւտրի կենտրոնի՝ World Trade Center (WTC)։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն դոլար։ «Ռենշին»-ը նախատեսում է մեկնարկային փուլում ներդնել շուրջ 211,553,497 մլն դոլար, ակնկալվում է, որ կստեղծվի 10 հազար աշխատատեղ։

e-draft.am-ում շրջանառության դրած՝  Հայփոստին հարակից տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը պայմանավորված է «Ռենշին»-ի՝ World Trade Center կառուցելու ծրագրով։

Նախագծի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունը նշված տարածքների օտարումը հիմնավորում է, որ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա. Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երեւանի կենտրոնում առկա հին եւ խարխուլ, ինչպես նաեւ տարերայնորեն տեղակայված շինությունները՝ փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարեւոր նշանակություն ունեցող Համաշխարհային առեւտրի կենտրոն անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երեւանի եւ ամբողջ հանրապետության համար,

բ. Ծրագրի իրականացումը կունենա նաեւ քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.

Հանրային գերակա շահ ճանաչվող գույքը ձեռք է բերող է հանդիuանում Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» ՍՊԸ եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ հիմնադրվող «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՓԲԸ-ն։

Նախագծում նշված է․«Ընդունելի ի գիտություն, որ օտարվող սեփականություն ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն` պետությանը զերծ պահելու ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետեւանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաեւ քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ»։

Օտարվող տարածքներում կան պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, որոնք օտարվելու են տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։

Օտարման ենթակա են մոտ 100 հասցեներ, ընդհանուր՝  13200.54քմ տարածք,  այդ թվում՝ Ֆրիկի, Կոզեռնի փողոցներում գտնվող բնակելի տներ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031