Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին որևէ մեկը չի եկել, որ որևէ բան առաջարկի․ կոնդեցիների 60 տոկոսը համաձայն է, որ նորամուծություն լինի»․ Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյան

Մարտ 14,2024 12:45

«Այս պահին որևէ մեկը չի եկել, որ որևէ բան առաջարկի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Կոնդ» թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանը։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր. «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»։

Նաիրա Երեմյանը տեղեկացրեց՝ սպասում են մրցույթի 2-րդ փուլին, որը 2021-ի նոյեմբերից ձգվել է մինչ օրս․ «Մեր մտահոգությունն այն է, որ 2005-ին մենք ստացել ենք մեր վկայականները հիմքերը վերականգնելու հետ կապված ու մեր վկայականներում արձանագրել ենք, որ մեր գույքային միավորները չեն համապատասխանում վկայականում գրանցված չափերի հետ»։

Կոնդի բնակիչն ասաց, որ 2004-ից մինչ օրս պայքարում են, որ իրենց վկայականներում արձանագրվեն իրական չափերը․ «Տարիներ շարունակ ձգձգվեց․ 2021-ին մեր բնակիչների ակտիվ գործունեության արդյունքում կառավարությունը 52 միլիոն դրամ բյուջեից փոխանցեց, մրցույթ հայտարարվեց, և դրա արդյունքում եկան և ներքին արտաքին չափագրումներ արեցին։ Չափագրումներից հետո ընկերությունը միանգամից լուծարվեց, հետաքրքրիր է՝ ի՞նչն էր պատճառը, որ այդ ընկերությունը լուծարվեց։ Դրանից հետո դիմեցինք, որ ամբողջ գործընթացը ավարտին հասցվի։ 2021-ից Կադաստրի պետական կոմիտեն փաթեթով ներկայացրել է քաղաքապետարանին ու հիմա հարց՝ ինչո՞ւ 2021-ին չարեցին, մեր վկայականները մեզ չտվեցին, ձգեցին, բերեցին, հասցրին դեկտեմբերի 26-ին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասերի հետ կապված ճշգրտման հարցին։ Մեզ հետ կապված ճշգրտման հարց չկա, մենք արդեն վկայական ունենք, որտեղ նախկինում հրահանգ էին ստացել, որ պակաս չափագրեին, հիմա հարցը բարձրացնում ենք, որ իրական չափսերով տվեք մեր վկայականները»։

Լրագրողի դիտարկմանը՝ փաստացի հայտարարվում է, որ Կոնդ թաղամասն օտարվելու է և հարցին՝ որպես բնակիչ կո՞ղմ եք, որ օտարվի, Նաիրա Երեմյանը մինչ պատասխանելը հորդորեց օտարում բառը չօգտագործել։ Լրագրողի փաստմանը՝ Երևանի քաղաքապետն է այդ բառն օգտագործել, բնակիչն արձագանքեց․ «Միգուցե քաղաքապետի գլուխը խառն է եղել, եկել, ասել է օտարում, բայց մեզ մոտ կառուցապատման ծրագիր է։ Մենք՝ հինգ կոնդեցի այդ մրցույթին մասնակցում ենք։ Առաջին փուլում հաղթել է յոթ նախագիծ, հիմա սպասում ենք երկրորդ փուլին։ Կոնդեցիների 60 տոկոսը համաձայն է, որ այդտեղ նորամուծություն լինի, թարմություն մտցվի։ Այնպես չէ, որ բոլորը խարխուլ տներ են, 10 տոկոսը խարխուլ է, 40 տոկոսը միջին կարգի տներ, ունենք առանձնատներ՝ մեծ այգիներով, ջրավազանով։ Մարդիկ ծանոթ չեն Կոնդին, որ ասում են՝ խարխուլ տարածք է։ Որպես հին Երևան է Կոնդը։ Պետք այդ խարխուլ տները դուրս գան, դրանց փոխարեն լինի միքս՝ նորը հնի հետ համադրվելով։ Կոնդը գեղեցիկ զբոսաշրջային թաղամաս պիտի լինի։ 5-րդ տարին է մեր փողոցները լցված են զբոսաշրջիկներով»։

Հարցին՝ փոխհատուցման հարցով իրենց դիմե՞լ են, Նաիրա Երեմյանը պատասխանեց․ «Փոխհատուցման առումով դեռ դրա ժամանակը չի եկել, քանի որ ոչ նախագիծ ենք տեսել, ոչ էլ երկրորդ փուլի մրցույթ է եղել։ Ուղղակի շատերը կան, որ փոթորիկ են բարձրացնում, իհարկե, որոշ դեպքում հասկանում ենք, թե ինչի համար են դա անում։ Մեզ մոտ ոչ մեկ չի եղել, մեզ ոչինչ չեն առաջարկել»։

Նաիրա Երեմյանը նաև մտահոգված է, որ ասում են՝ կադաստրային արժեքի երկու տոկոսը քաղաքացին բերի, վճարի․ «Մեր ամբողջ խնդիրն այն է՝ քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, երբ պատկան մարմիններն իրենց գործը միտումնավոր չեն արել 2004-ից մինչ օրս։ 20 տարի պայքարում ենք։ Այն մարդիկ, որոնք նման խախտումները արել են, ազատ պտտվում են դրսում, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում մեր երկրում։ Եկան, նստեցին, քաղաքապետ աշխատեցին, տռզեցին՝ գնացին․ ոչ մեկը չի մտածում քաղաքացու մասին։ Իրենց չարածի արդյունքում կոնդեցին այսօր եկել, փաստի առաջ է կանգնել։ Մենք էլ ասում ենք՝ հիմք ընդունեք 2021-ի չափագրումները և դիմումները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031