Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում»․ ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Տավուշում Նիկոլ Փաշինյանին սուր հարցեր են տվել

Մարտ 19,2024 13:51

«Գնացել էին պատկեր ստանալու, բայց դա իրենց չի հաջողվել, որովհետեւ բացի այն, որ այստեղից-այնտեղից ՔՊ-ականներ են հավաքել եւ բերել դահլիճը լցրել, որ ֆոն ստեղծվի, թե մարդիկ ինչքան գոհ են, որ այդ տարածքները հանձնվում են, այդտեղ մարդիկ իմացել են, որ հանդիպում կա, գնացել են, մասնակցել են եւ Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղել: Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում, էդ տարածքների վրա դու ամագ ունե՞ս, որեւէ մի պատերազմի, կռիվների այդ տարածքներում մասնակցած կա՞ս, քրտինք, արյուն թափած կա՞ս, որ այդ տարածքները տալիս ես, թուրքին էլ մոտեցնում ես գյուղի բերան»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ կատարած այցին եւ հանդիպումներին։

Գառնիկ Դանիելյանը մանրամասնեց՝ ինքը տավուշցի է, բազմաթիվ հարազատներ ունի այնտեղ բնակվող․ «Առավոտյան ինֆորմացիա ստացա, որ անսպասելի այց է կատարվում Ոսկեպար: Դրա մասին վերջին պահին են զգուշացրել, որի նպատակը բեմականացված շոու սարքելն էր, որ տեսեք՝ մարդիկ ինչ լավ են ընդունում կապիտուլյանտին»:

Պատգամավորը կրկին խոսեց այն իրողությունների մասին, որոնց առնչվելու ենք, եթե այդ գյուղերը հանձնվեն․ «Դա դեպի Վրաստան տանող ճանապարհն է, կոմունիկացիաներն են, գազն է, որ մտնում է Հայաստան, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Անմիջապես ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվելու են ճանապարհին, 5 կետում հատում կա: Ադրբեջանի «Յաշմա» եւ «Կոմանդո» ջոկատները Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն բերում և կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա: Գալու են գյուղի մեջ կանգնեն, այդտեղ ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ պետական հաստատություն չի կարող աշխատել, ուղիղ նշանառության տակ են լինելու: Այդ տարածաշրջանն ամբողջությամբ դատարկվելու է, մարդ չի մնալու, որի մասին փաստել են նաեւ գյուղացիները այդ հանդիպման ժամանակ»։

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ «Թշնամին Ջերմուկի մատույցներում է: 31 գյուղի մասին, որ խոսում են, թշնամին այդ տարածքներից դո՞ւրս է եկել: Ոչ: Թշնամին ասում է՝ ժամանակ եմ քեզ տալիս, էդ 4 գյուղը ազատի: Այդ գյուղերից մեկում 8-րդ դարի եկեղեցի կա, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան: Դրանք ադրբեջանական կոչել կարող են միայն ադրբեջանցիները եւ այստեղ ապրող թրքահպատակ հայերը: Դրանք բուն հայկական տարածքներ են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031