Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ոսկեպարցիներին․ «Ես խի՞ եմ էս օրակարգերը բերում, էսքան հայհոյանք, էսքան անեծք ինչի՞ համար, ես մազոխի՞ստ եմ»

Մարտ 19,2024 17:02

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում էր, հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի եւ հարակից այլ գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն էին, Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։

Ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը՝ Հարություն Ալավերդյանը դիմեց Փաշինյանին՝ ողջ կյանքս այստեղ եմ ապրել, այս գյուղը հազարամյա պատմություն ունի, պայքարի բովով անցել ենք, հասել էս օրը։ Էսօր խոսում եք միջազգային իրավունքից, մարդու իրավունքների միջազգային հռչակագրով ես, իմ էրեխեն իրավունք ունե՞նք ապրելու այս հողի վրա՝ անվտանգ, պետությունը մինչ օրս չի կարողացել ապահովել անվտանգությունը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ այո, այս ամեն ինչն արվում է, որպեսզի այդ դե յուրե պարիսպը կառուցվի․ «Այս բոլոր հարցերի պատասխանները ժողովրդին պիտի տանք, ասենք՝ էդ չի լինելու, որովհետեւ ընդեղ կանգնելու է մեր կողմից սահմանապահ, իրենց կողմից սահմանապահ, ամեն կողմից որոշակի սահմանափակումներ են լինելու, սահմանի գիծը հստակ է լինելու, դա ոչ մեկը հատելու իրավունք չի ունենալու, դա ապահովելու ենք այսինչ երաշխիքներով»։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ Հայաստանի տարածքի որեւէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է հանրաքվե․ «Այսինքն, ես որ ուզենամ էլ, Հայաստանի Հանրապետությանը պատկանող ոչ մի միլիմետր տարածք չենք կարող տալ։ Ձեր նշածից ոչ մի հարց չկա, որ լուծելի չի։ Ոսկապարով պետք է անցնի միջպետական ճանապարհ։ Սա շատ կարեւոր է ե՛ւ գյուղի, ե՛ւ ՀՀ-ի համար։ Բայց մի բան եկեք նայենք, օրինակ՝ ձեր մոտ հարց չի՞ ծագում՝ ես խի՞ եմ էս բանը անում, խի՞ եմ էս օրակարգերը բերում, էսքան հայհոյանք, էսքան անեծք, էսքան լուտանք, ինչի՞ համար, ես մազոխի՞ստ եմ, հա՞։ Մի բանի համար՝ ձեզանից յուրաքանչյուրին, ձեր ընտանիքները, էրեխեքին սիրում եմ»։

Փաշինյանն ասաց, որ իրեն մեղավոր է զգում, որ այս խոսակցությունը 2018-2019 –ին չի ունեցել․ «Ես էլ ձեզանից մեկն եմ, իմ ընտանիքը ձեր ընտանիքներից ինչո՞վ ա տարբերվում, տարբերվել։ Ընդեղ, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, դպրոց եմ գնացել, ընդեղ, որտեղ ես եկել եմ՝ էս քոլերում հաց եմ կերել, կարա՞ք ասեք՝ ինչո՞վ եմ ես ձեզանից տարբերվում։ Մենակ մի բանով, որ ձեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ձեր ուսերին ա, ձեր բոլորի պատասխանատվությունն՝ իմ ուսերին»։

Մեկ այլ ոսկեպարցի էլ ասաց՝ այն 31 բնակավայրերը, որ մեկնաբանում են, թե կենսական նշանակություն չունեն, իրականում ունեն կենսական նշանակություն, բայց այնտեղ ապրող չկա․ «Ադրբեջանի չորս գյուղը գետից էն կողմ են, այսինքն, որտեղ բուն բնակավայրն ա, գետից էս կողմ դառնում է կենսական նշանակության, որը համարժեք է մեր 31 գյուղի հետ։ Ասենք՝ ինչն է խանգարում, որ եթե ասում են՝ բուն բնակավայրն ենք ուզում, դա լինի փոխադարձ։ Եթե բնակավայրն է պատճառը, չորսը խնդիր չէ, իրենց սիրած գետով վերցնեն, բայց ոչ ավելին, փոխադարձ լինի»։

Ի պատասխան Փաշինյանը կրկին հիշեցրեց Ալմա-Աթիի հռչակագիրը, ասաց, որ դրա իմաստն այն է, որ զրոյից չեն սահման գծելու․ «Պետք է գոյություն ունեցող սահմանները հողի վրա գնանք, մեր լեզվով ասած՝ կորուշկեքը տնկենք, ասենք՝ ստեղ ա սահմանը, որովհետեւ եթե մենք հանկարծ մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք բոլոր սահմանները կկորցնենք»։

Փաշինյանը վստահեցրեց՝ բնակիչների բոլոր հարցերը համակարգված կքննարկվեն, ու զգուշացրեց՝ ռուսերեն մի բան կա՝ հուսա լավագույնին, սպասիր վատթարագույնին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեսնենք թե Նիկոլը խեղճացած հայ մարդուն ոնց է մշակում:
    Սկզբում շահում է վստահություն` տեղական բարբառով ներշնչում է, որ իր ուղն ու ծուծով իրենցից մեկն է, հետևաբար և ծանր աշխատանք անել գիտի և հայրենիքը սիրել-պաշտպանելուն պատրաստ է. «Ես էլ ձեզանից մեկն եմ, իմ ընտանիքը ձեր ընտանիքներից ինչո՞վ ա տարբերվում, տարբերվել։ Ընդեղ, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, դպրոց եմ գնացել, ընդեղ, որտեղ ես եկել եմ՝ էս քոլերում հաց եմ կերել, կարա՞ք ասեք՝ ինչո՞վ եմ ես ձեզանից տարբերվում։»
    Ապա, տեսնելով աչքերում մարդու շիվարած լինելը, ասում է թե ինչով է տարբեր: Նա չի խոսի նրա մասին, որ այդ գյուղացիներից և ոչ մեկը, լինելով թերգրագետ ու անպատրաստ, չի հանդգնի վտանգի ենթարկել սիրած հայրենիքը այն կառավարելով ու նրա պաշտպանությունը կազմակերպելով: Նիկոլը գյուղացու այս ազնիվ կողմը չի բացահայտում: Հեշտ ու հանգիստ անցնում է սրտաճմլիկ ու անհնար ստուգվող ուսերի մասին հայտարարության. «Մենակ մի բանով, որ ձեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ձեր ուսերին ա, ձեր բոլորի պատասխանատվությունն՝ իմ ուսերին»: Նա չի բացահայտում, որ իր ուսերին վրա դրած մի պատասխանատվության (44-օրյա պատերազմ) ձախողման համար նա չի կրել-կրում անհրաժեշտ պատիժը: Այլ շարունակում է բարեկեցիկ կյանք: Նա ժողովներում ընդունել է իր մեղավորությունը ու ձախողված պատասխանատվությունը, բայց արդեն 4 տարի է խորամանկորեն ու մանիպուլացիաներով նավարկում է իշխանության գահին նստած: 6 տարի է իշանությանն է, բայց երկիրը պաշտպանելու չկա խոսք` ռազմական դոկտրինա է դարձրել ‘տանք հողեր, չլինի պատերազմ…’:
    Մի՞թե այս շիվարած գյուղացիները չեն մերժի այս պստլիկ ուսերով ստասանի ու անբարոյականի խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031