Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողն ընդդեմ Փաշինյանի աջակցի գործով նիստից 40 րոպե առաջ Խաժակ Թանանյանը փորձել է նոր «անակնկալ» մատուցել

Մարտ 19,2024 21:36

Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Խաժակ Թանանյանի գործով նիստն էր:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:

Փաշինյանի աջակիցներից մեկը՝ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը, ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որտեղ մի մեծահասակ կնոջ հետ լրագրողի լուսանկարն էր, վրան գրված՝ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել էս պոռնիկին»:
Լրագրողը հայց էր ներկայացրել դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պահանջել ներողություն եւ 400 հազար դրամի բռնագանձում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հայտնի է, որ Փաշինյանի վերը նշված ասուլիսը տեղի է ունեցել 2023-ի հուլիսի 25-ին, Խաժակ Թանանյանը վիճելի գրառումը կատարել էր հուլիսի 26-ին, այսինքն՝ ասուլիսի հաջորդ օրը: Օգոստոսի 24-ին լրագրողը հայց է ներկայացրել դատարան՝ պահպանելով օրենքով նախատեսված 1 ամսվա ժամկետները, բայց Խաժակ Թանանյանը միջնորդություն է ներկայացրել, թե հայցադիմումի վաղեմության ժամկետն անցել է: Այսօրվա դատական նիստում պետք է քննվեր հայցային վաղեմության հարցը ու անցնեին ապացուցման բեռի բաշխմանը: Բայց այսօր էլ Թանանյանը նոր պատրվակ է գտել՝ նիստերը ձգձգելու:

Aravot.am-ի հետ զրույցում լրագրողի փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանն ասաց. «Այսօրվա նշանակված նիստից 40 րոպե առաջ դատարանը ստացել էր դիմում պատասխանող կողմից, որով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածով բացարկ էր ներկայացվել դատավորին: Բացարկի հիմքում դրել էին կանխակալ վերաբերմունքը դատավորի կողմից սույն գործով պատասխանողի նկատմամբ: Կանխակալ վերաբերմունքը, ըստ նրանց, արտահայտվել էր նրանով, որ դատավորը նախորդ դատական նիստի ժամանակ արձանագրել էր պատասխանողի հասցեի շահարկումը»:

Բանն այն է, որ նախորդ դատական նիստում ոչ Խաժակ Թանանյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը չէին եկել, տեւական ժամանակ դատարանի կողմից ուղարկված ծանուցումները չեն վերցրել, դատարանը մեծ ջանք էր գործադրել՝ համայնքապետարանի միջոցով փորձելով գտնել եւ ծանուցել Թանանյանին: Ավելի ուշ հայցադիմումի պատասխան էին ուղարկել՝ նշելով, թե նախորդ ծանուցումները չեն ստացել, որովհետեւ բնակության եւ հաշվառման հասցեները տարբեր են, բայց ուշագրավ է, որ դատարանին ուղարկված գրության, այդ պատասխանի մեջ որպես իրենց ծանուցման պատշաճ հասցե նշել էին նույն հասցեն, որի հետ թվացյալ կապ չունեին: Հենց դա էր արձանագրել դատարանը, որ հայցադիմումի պատասխանն ուղարկել են այն հասցեով, որն ի սկզբանե համարել էին խնդրահարույց:

Փաստաբանի խոսքով՝ «Թանանյանը պարբերաբար շարունակել էր հայեցողական գործելաոճ  դրսեւորել ու ստանալ այն ծանուցագրերը, դատավարական այն փաստաթղթերը, որոնք իրեն անհրաժեշտ են: Այս փաստն արձանագրվել է: Այդ հիմքով ներկայացվել է դատավորին բացարկի միջնորդություն: Սա հետապնդում է մեկ նպատակ՝ քանի դեռ բացարկի կամ ինքնաբացարկի հարցը քննված չի, գործի քննությունը դադարեցվում է, մինչեւ դրա վերաբերյալ որոշում կայացվի: Մենք հանդես եկանք դիրքորոշմամբ, որ այստեղ ունենք Քաղաքացիական դատավարությամբ սահմանված սկզբունքների խախտում, մասնավորապես, 14-րդ հոդվածով դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության սկզբունքը: Գործ ունենք պատասխանողի հետ, ով ամեն կերպ փորձում է ձեւական իմաստով դատական նիստերը հետաձգել: Նախորդ ժամանակ իրավունքի չարաշահում արեցին՝ ներկայացրեցին հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն՝ ուղղակի անհիմն պատճառաբանությամբ՝ ինչ-որ ժամկետներից կախվելով ու մեջբերումներ անելով, որը իրականության հետ աղերս չուներ: Երբ տեսան, որ սահմանված դատավարական ժամկետում ներկայացրեցինք մեր կողմից ապացուցման բեռով սահմանված ապացույցները, հաջորդ քայլով կատարեցին նախագահող դատավորին բացարկի միջնորդություն: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս անձինք ներկայացնում են միջնորդություն դատարան առձեռն, կցում դատարանի միջնորդությանը հացվոր կողմին ուղարկած լինելու վերաբերյալ փոստային առաքանու անդորրագիր 14:40-ի սահմաններում՝ դատական բուն նիստը սկսելուց 40 րոպե առաջ: Սա դատավարական իրավունքների չարաշահման վառ օրինակ է, որովհետեւ լինելով դատավարության մասնակիցներ, իրենք իրենց իրավունքներից օգտվում են ոչ բարեխղճորեն, չարաշահում են իրենց իրավունքները, հետապնդում են նպատակ՝ դատավարական պրոցեսը հետաձգելու»:

Թե ինչի՞ են ուզում հասնել ձգձգելով՝ փաստաբանն ասաց. «Ըստ իս, քանի որ դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի դատարանում՝ Իջեւանի նստավայրում, իսկ իրենք քաջատեղյակ են, որ Հռիփսիմե Ջեբեջանը, նաեւ վերջինիս ներկայացուցիչները Երեւան քաղաքից են գալիս, երեւի փորձում են ամսվա ընթացքում 2-3 անգամ Երեւան-Իջեւան ճանապարհային ուղղությամբ տանել-բերելով մեզ նյարդայնացնել, հունից հանել: Բայց միանգամից ասեմ, որ դա չի ստացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031