Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողականի տեղը օգտագործել եմ իմ BMW X5-ը, լրացուցիչ բենզին է պետք եղել, կոնդիցիոներ եմ միացրել, «Պրեմիում» եմ լցրել. Թունյանի ցուցմունքը՝ վառելիքի հափշտակության մասին

Ապրիլ 04,2024 17:44

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստն էր:

Հրապարակվեց Ոստիկանության մշակույթի կենտրոնը ղեկավարած Արմեն Գեւորգյանի մահվան վկայականն ու նախաքննական ցուցմունքը: Ըստ գործի նյութերի, Վլադիմիր Գասպարյանն այս պաշտոնյային «Արևիկ» մանկապատանեկան միջոցառումների ընթացքից սկսած դարձրել է իր աղջկա՝ Անգելինա Գասպարյանի պրոդյուսերը: Նիստերից մեկի ժամանակ այս առնչությամբ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ դա աբսուրդ է. «Պրոդյուսեր հասկացությունը ընդհանրապես չեմ հասկանում։ Իմ էրեխուն էլ պետք չէր գովազդել, պրոդյուսերներ պետք չէին։ Ինձնից ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր, ինչ ուզենայի, ինչ ասեի, ում ասեի՝ անելու էին։ Կներեք։ Պետք չէր Գևորգյան կամ Սասունյան։ Աբսուրդ է։ Իմ էրեխեն երգչուհի չի։ Մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, այսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում։ Այն էլ քաղաքագիտություն»։

Արմեն Գեւորգյանն իր ցուցմունքում սակայն նշել է, որ Վլադիմիր Գասպարյանին ճանաչում է շուրջ 30 տարի, հանդիպել է նրան հազվադեպ՝ կարեւոր մեծ միջոցառումների կազմակերպչական հարցերի համար, բայց «Արեւիկ» երգչախմբի ղեկավար լինելու ժամանակներից ճանաչել է նրա դստերը՝ Անգելինա Գասպարյանին, որը հաճախել է այդ խումբ. «Եղել եմ նրա պրոդյուսերը, ճանաչել եմ նաև Անգելինայի մայրիկին՝ տիկին Սուսաննային: Տեսել եմ համերգներին, նրան ճանաչել եմ որպես Անգելինայի մայր»: Նա ասել է, որ ոստիկանապետի կնոջը չի տեսել մշակույթի կենտրոնում, այնտեղ չի աշխատել իր ղեկավարման տարիներին:

Նիստում նաեւ Վարդան Թունյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն ասաց, որ իրենք հարցումներ են արել տարբեր պետական մարմիններին, որոնց պատասխանները գործի համար էական են: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, գնդապետ, գլխավոր ֆինանսիստ Արա Ասլիկյանին հարցում են արել, թե ոստիկանության ներքին աուդիտի վարչությունն ունի՞ հաշվեկշիռ, թե՞ ոչ, 2014-ի հուլիս ամսից 2018-ի հունիս ամիսը «Գազ 3102» մակնիշի մեքենա եղե՞լ է, ի՞նչ ավտոմեքենաներ են եղել:

Ասլիկյանը պատասխանել է, որ վարչությունը հաշվեկշիռ չի ունեցել, քանի որ ոստիկանության կենտրոնական ապարատը բյուջետային հիմնարկ չի հանդիսացել: Ըստ պատասխանի, «Գազ 3102» մակնիշի այդ ավտոմեքենան ամրակցված է եղել ոստիկանության մեքենաների հաշվեկշռում, բացի այդ, ամրակցված են եղել Նիսսան և այլ մակնիշի մեքենաներ: Խաչիկյանն ասաց, որ մեղադրանքում փաստվում է, թե ոստիկանության ներքին աուդիտի հաշվեկշռում մեքենա կա: Մինչդեռ չի եղել, քանի որ չի եղել հաշվեկշիռ:

Հաջորդ փաստաթուղթն այն մասին է, որ ոստիկանության Տնտեսական վարչության պետ Արշամ Ներսիսյանին հարցրել են՝ ոստիկանության ստորաբաժանումներում այս կամ այն ծառայողական ավտոմեքենային հատկացված, սակայն այդ մեքենայի որեւէ խնդրի առկայության պայմաններում անձնական օգտագործման մեքենայի մեջ այդ վառելիքը լիցքավորելու դեպքում այդ վառելիքի ծախսը կհամարվի խախտո՞ւմ, արդյոք այդ վառելիքը ենթակա է վերադարձմա՞ն, եղե՞լ է վերադարձման նախադեպ:

Ներսիսյանը պատասխանել է, որ վառելիքը ամսական ուղեգրով է հատկացվում յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ուղեգրով եւ կապի միջոցով՝ տվյալ ստորաբաժանման ծառայողական պարտականությունների կատարման համար: Իսկ վերադարձման ընթացակարգ գոյություն չունի:

Խաչիկյանն ասաց, որ մեղադրանքի մեջ նշված է, որ իբրև թե վառելիքի ծառայողական նպատակով չօգտագործված մասը ենթակա է եղել վերադարձման: Մինչդեռ վերադարձման որևէ կանոն, կարգ չի գործել ու հափշտակություն համարվել չի կարող: Ոստիկանության իրավաբանական վարչության պետին նույնպես հարցում են արել՝ չծախսված բենզինի վերադարձման ընթացակարգ առկա եղե՞լ է, նա պատասխանել է, որ ոչ:

Խաչիկյանն ասաց, որ Թունյանը, բացի ծառայությունից, մասնակցել է Ֆիզիկական պատրաստվածության դասերին եւ բենզին է ծախսել այդ պարապմունքներին գնալ- գալուց նաև: Շաբաթական մեկ օր «Դինամոյում» մասնակցել են պարապմունքի՝ ոստիկանապետի ցուցումով:

Դատարանում հրապարակվեց Վարդան Թունյանի՝ նախաքննական ցուցմունքը, որտեղ նա ասում է՝ «Ինձ ներկայացված մեղադրանքները ապօրինի են, բացարձակ չեմ ընդունում, մեկ առերեսում է եղել, որը բացարձակ անօրինական էր»:

2020-ի հարցաքննության ժամանակ Թունյանը մանրամասն հաշվարկ է ներկայացրել, թե քանի լիտր բենզին է ծախսել ու ինչի համար, ավելին՝ նշել է, որ ձմռան ամիսներին օգտագործել է իր անձնական BMW X5 մակնիշի մեքենան, որը ծախսել է լրացուցիչ բենզին: Հաշվարկել է նաեւ ամռանը կոնդիցիոների միացման համար վառելիքի ծախսը, որի պատճառով ամսական 25 լիտր ավել է ծախսվել: Նրա վարորդին հատկացվել է 210 լիտր բենզին. «Միայն ծառայության ներկայանալու, ընդմիջման ու տուն գնալու համար ծախսվում էր 150-200 լիտր բենզին… Աուդիտի արդյունքների ամփոփումներ են անցկացվել մարզերում ու գործուղումներ երբեւիցե չեն ձեւակերպվել, ուստի լրացուցիչ բենզին չենք ստացել, ծախսվել է 720 լիտր բենզին, 12 քննարկում է եղել մարզերում, միջինը՝ 60 լիտր: Ընդգծեմ, որ ծառայողական նպատակով մարզեր եմ մեկնել իմ անձնական ավտոմեքենայով, քանի որ իմ ծառայողական մեքենան հին էր եւ շահագործման տեսանկյունից անհուսալի: Որպես աուդիտոր մասնակցել եմ 30-ժամյա վերապատրաստման ֆիննախի ուսումական կենտրոնում՝ Զեյթունում, մեկնել ու վերադարձել եմ: Ծառայողական նպատակով օգտագործել եմ իմ անձնական BMW X5 ավտոմեքենան, ուստի անհրաժեշտաբար օգտագործել եմ լրացուցիչ բենզին, ստացվում է՝ 12 ամիս x 200 լիտր = 2400 լիտր»:

Թունյանը հորդորել է հաշվի առնել, որ շարժիչը միացած պետին սպասելը առավոտյան, երեկոյան, ընդմիջմանը, օրվա ընթացքում ծառայողական հանդիպումներին, երեւանյան խցանումները եւ այլ հանգամանքներ լրացուցիչ բենզին է պահանջում:

Բացի այդ, նշել է, որ ինքը լիցքավորել է «Պրեմիում» տեսակի բենզին, իսկ ոստիկանության տվածը «ռեգուլյար» բենզինի կտրոն է եղել, մոտ 10% գնային տարբերություն է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930