Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալերի Օսիպյանին ասացի՝ ես ազատվում եմ պաշտոնից, ասաց՝ խնդրում եմ, մի բան արեք, լոլո, լոլո, լոլո…». Վլադիմիր Գասպարյանի գործով հարցաքննվեց Թունյանը

Փետրվար 15,2024 13:48

Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով դատական նիստին հարցաքննվեց ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել:  Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Թունյանը նախաքննական մարմիններին ցուցմունք չի տվել, ասաց՝ սպասում էի այն օրվան, որ դատարանում մանրակրկիտ տայի: Նրա գնահատմամբ՝ սա կանխամտածված քրեական հետապնդում է, դրա համար չի վստահել նախաքննության մարմնին ու ճիշտ է արել. «Նյութերը կարդում եմ, նույնիսկ իմ մասին տարրական տվյալներ չկար: Խիստ ջանացել են, որ ապրիորի, իրենց կողմից նշած առերեւույթ հանցագործությանը ինչ-որ մի ձեւով այլ դրվագներ բերեն, փորփրեն, սարքեն, որպեսզի վսյո տակի Թունյանին բերեն հասցնեն դատարան ու ինձ նստեցնեն մեղադրյալի աթոռին»:

Նա ներկայացրեց իր կենսագրությունը՝ ասելով, որ դպրոցը, ինստիտուտները գերազանցությամբ է ավարտել, բիզնես է ունեցել, պատերազմից հետո մեկնել է ՌԴ, այնտեղ նշանակվել մի մեծ կազմակերպության գլխավոր տնօրեն, խորհրդի նախագահ, առեւտրային մեկ այլ ընկերությունում է աշխատել, բայց տեղափոխվել է ՀՀ, որովհետեւ եղբոր ընտանիքի հետ դժբախտություն է եղել, նա ու կինը ավտովթարից մահացել են, երկու մանկահասակ երեխաների խնամքի կարիք է եղել: Այդ ընթացքում ՊՆ-ից առաջարկ է ստացել՝ վարչության պետ լինել: Այնտեղից էլ տեղափոխվել է ոստիկանություն:

Նա վստահեցրեց, որ միշտ օրենքի սահմաններում է աշխատել ու երբեւէ որեւէ խնդիր չի եղել, նույնիսկ այսօր ՊՆ-ում իր աշխատած տարիների հետ կապված ոչինչ չեն գտել: Ինչ վերաբերում է մեղադրանքին, Թունյանը վստահեցրեց, որ հեռուստատեսությամբ ու մամուլից է իմացել, թե տեղի են ունեցել չարաշահումներ, յուրացումներ: Ասաց, որ մեղադրանքն իր համար անհասկանալի է, ինչպե՞ս կարող էր պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տալ. «Ինձ համար աբսուրդի ժանրից է մեղադրանքի պնդումը: Բացարձակ անհասկանալի է վառելիքի հափշտակության դրվագը նույնպես»: Նա նշեց, որ մանրամասն հիմնավորել է 4 տարվա ընթացքում 7445 լիտր բենզինի օրինական ծախսի հանգամանքները:

Քննիչը նշում է, որ դա հերքվել է ձեռք բերված ապացույցներով, սակայն ըստ Թունյանի, մեղադրական եզրակացության մեջ մեկ տող անգամ չկա իր հիմնավորումները հերքող:

Թունյանը պատմեց, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի օր իրեն հարցրել է, թե ի՞նչ կա-չկա. «Ասեցի՝ ի՞նչ լավ բան կա, քրեական հետապնդում է հարուցված ամբողջ անձնակազմին, ես ինքս ինձ եմ հարգում, այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ որտեղից է ծագել գործը, ասացի՝ ես ազատվում եմ պաշտոնից: Ասաց՝ խնդրում եմ, մի բան արեք, լոլո, լոլո, լոլո… Ես ասել եմ՝ վսյո, որպեսզի կաշկանդում չլինի, իմ նախաձեռնությամբ ազատվել եմ պաշտոնից ու մնացել եմ ոստիկանության կադրերի ռեզերվում: Քրեական գործը հարուցել էին առերեւույթ ներքին աուդիտի, գործուղումների, եւ այլնի հետ կապված, որ այլաբանություն էր ինձ համար, հետո հանկարծ պարզվեց, որ վարորդի հետ կապված հարց է: Ես այդտեղ որեւէ գործառույթ չունեմ՝ վարորդ, հավաքարար կամ էլէկտրիկ՝ կենտրոնական ապարատը ամբողջությամբ սպասարկման տակ է: Կենտրոնական ապարատում վարչության պետը, այդ թվում՝ ես որեւէ իրավասություն չունի, առնչություն չեմ կարող ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829