Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ տունն եմ քանդել, ումի՞ց եմ կաշառք վերցրել, ո՞ւմ ունեցվածքն եմ խլել, ի՞նչ եք ընկել հետեւիցս…Սատանե՛ք, հեռու մնացեք, էլի». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 05,2024 15:47

«Իմ՝ քաղաքապետ եղած ժամանակահատվածում ոստիկանության ստատիստիկան տալիս է, որ ամենակարգապահ քաղաքն եղել է Գյումրի քաղաքը, բայց դուք ներկայացրել եք ամենահանցագործ քաղաքը, ձեր տերերը: Արա, ասում եմ ոստիկանության բանը, գնացեք նայեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր նրա ու նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը:

Ըստ մեղադրանքի, 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ: Բացի այդ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վարդան Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին, հետո տվյալ հողամասը փոխանցել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին:

Վարդան Ղուկասյանը հարցին՝ օտարման ոչ ենթակա համայնքային հողերն օտարելու իրավունք ունեի՞ք, պատմամշակութային հուշարձան վնասելու իրավունք ունեի՞ք, կողքը ավտոլվացման կետ կառուցելու իրավունք ունեի՞ք՝ պատասխանեց. «Այո: Ինչ պատկանում է Գյումրու քաղաքապետարանին, ավագանին իրավունք ունի օտարելու: Այսօր հազարավոր այդպիսի շենք-շինություններ կան, որոնք օտարվել են եւ օրենքի տառով է արվել: Հլը մի բան էլ պտի խնդրեինք, որ գային, օտարեին, ներդրում անեին, որ դրանք չփլվի, չվերանա: Հիմա էլ կան այդպիսի շենք-շինություններ, երեկ էլ են մի հատ օտարել: Դատախազության շենքը, ԿԳԲ-ի շենքը, բաղնիսները, էդ բոլորն օտարված են: Օրինակ, հիմա «Տեխնոպարկը» ո՞ւմն է, Մանկավարժական ինստիտուտի շենքը՝ պապիս պապի կառուցած շենքը, օտարել են եւ այդպես շարունակական, գնացեք դրանց տերերին ասեք: Օրենքն ասում է, որ իրավունք ունենք միանշանակ օտարել: Մենք պատմամշակութային հուշարձան չենք վնասել, մի բան էլ վերակառուցել ենք»:

Ավտոլվացման կետի հետ կապված ասաց. «Ես չեմ կառուցել, բայց իրավունք ունենք: Հլը գնա տես՝ բերանդ բաց կմնա, էնքան գեղեցիկ բան է կառուցված, զուգարանը դարձրել ենք մի հոյակապ կառույց, որ մարդիկ տեսնում, ուրախանում են»:

Հարցրեցինք՝ ճի՞շտ ենք հասկանում, որ համայնքային հողը՝ օտարման ոչ ենթակա, որը 60 հոդվածի սահմանափակումների տակ է, ձեզնով եք արել՝ լավագույն նպատակներից ելնելո՞վ՝ նա պատասխանեց. «Փլված քաղաքի մասին է խոսքը, հասկացե՛ք: Դուք էդպես հեշտ ու հանգիստ եկել կանգնել, խոսում եք: Էդ ամեն ինչը կյանքի գնով եմ կառուցել: Կյանքս եմ դրել, արյունս է թափված էդ հողերի ու ամեն ինչի մեջ: Ի՞նչ վատ բան եմ արել, ո՞ւմ տունն եմ քանդել, ումի՞ց եմ կաշառք վերցրել, ո՞ւմ ունեցվածքն եմ խլել, բացի ժողովրդին լավություն ու բարություն անելուց: Հիմա, որ մտնում եք, բերաններդ բաց է՝ էս տղու շնորհիվ է, ի՞նչ եք ընկել հետեւիցս: Սատանե՛ք, հեռու մնացեք, էլի: Ի՞նչ կուզեք մեզնից, էս տեսակը դուրներդ չի՞ գալիս, Աստծու ստեղծածն է, չեք կա դրա դեմը, որովհետեւ մեր տերն Աստված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930