Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ նույնիսկ ասեմ՝ քանի կրակոց է եղել, շատ փոքր թիվ… գնդակը աչքեր չունի, ինքը գնում է, ինչ ընկավ դեմը՝ կպնում է». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 09,2024 13:54

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վերջին օրերի ինտենսիվ կրակոցներով հոգեբանորեն բնակչությանը պատրաստում են զիջումների: Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տիգրան Աբրահամյանին ես տարի ու կես է չեմ տեսել: Տիգրան Աբրահամյանը լավ կլինի հոգեբանորեն պատրաստվելու համար գա մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Ես վաղուց փնտրում եմ իրեն՝ չեմ գտնում»:

Անդրանիկ Քոչարյան

Խոսելով կրակոցների մասին՝ նա ասաց, որ ինտենսիվ կրակոցներ չկան. «Հիմա ձեզ լսողները կասեն՝ ուրեմն վաղը պատերազմ է լինելու: Ես կարող եմ նույնիսկ ասեմ՝ քանի կրակոց է եղել, բայց ես էդ թիվը չեմ ասի, շատ փոքր է»:

Երբ փոխանցեցին, որ բնակելի տներ են վնասել, ավտոտնակ եւ այլն՝ Քոչարյանը պատասխանեց, որ քրեական գործեր են հարուցվել. «Կրակում են, գնդակը աչքեր չունի, ինքը գնում է, ինչ ընկավ դեմը…բայց փառք Աստծո, մարդկային կյանքերի չի առնչվել»:

Հարցրեցինք՝ ընդդիմությունն ասում է՝ եթե նույն ինտենսիվությամբ կառավարական ամառանոցների, ձեր տների վրա կրակեին, նորից այսպիսի հանգստությո՞ւն կունենայիք՝ նա պատասխանեց. «Ոչ մի տեղ պետք չի կրակեն՝ ո՛չ ամառանոցների վրա, ոչ մեր բնակավայրերի ուղղությամբ եւ անհանգստությունները պետք է փարատվեն ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ մեր կատարվելիք եւ կատարվող աշխատանքներով»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել էր, որ այս կրակոցները հնարավոր է վերածվեն լայնամասշտաբ պատերազմի: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է, բայց այս կրակոցները նման հիմք չեն տալիս. «Եթե լայնամասշտաբի ինչ-որ բան լինի, մենք պետք է ամեն օր ամեն ինչ անենք, որ դիմակայենք նման ցանկություններին»:

Դիտարկմանը, որ գուցե կրակոցին կրակոցով պատասխանենք՝ դադարեն՝ նա պատասխանեց. «Եթե կարիքը լինի, դրան էլ ականատես կլինեք: Կպատասխանենք, երբ զգանք, որ այդ կրակոցներն այնպիսին են, որ արդեն նրանց լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնենք: Եթե մեր պաշտպանական գերատեսչությունը չի կրակել, նշանակում է դրա կարիքը չի եղել:

Հայաստանից հերթական փախած ՊՆ նախարարը խոսում է չկրակելու հրաման տալու մասին, Արշակ Կարապետյանի մասին է խոսքը: Չկրակելու որեւէ հրաման գոյություն չունի: Եթե հրամանատարը գնահատում է, որ պետք է պատասխանի, ինքը պատասխանը կտա: Եթե հիշում եք, մենք ունեցել ենք հետպատերազմյան իրողություններ, երբ առաջին անգամ ծավալուն պատասխան տվեցինք Վարդենիսի ուղղությամբ, հետո եղավ Ջերմուկը, Վարդենիսում կիրառվեցին զինատեսակներ նաեւ մեր արտադրության, հետո հասկացան…»:

Հարցին՝ բա ոնց Ջերմուկում ամրացան, ԳՇ պետն ասաց՝ կսովածանան, կգնան, այդպես էլ չսովածացա՞ն՝ Քոչարյանը պատասխանեց. «Շատ լավ, առայժմ ամրացան: Այդ առայժմ բառը լուծում է բոլոր հարցերը: Ժամանակին մենք էլ շատ բան անտեսում էինք ու դա բերեց նրան, որ արձանագրվեց ձեռքբերումների կորուստ 44-օրյա պատերազմի տեսքով»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամեն օր մեր զինված ուժերի կարողություններն ավելացնում ենք:

Հարցին՝ Գեղամ Մանուկյանի մտահոգությունները տեղի՞ն են, որ այն տարածքները, որոնք արդեն ադրբեջանական են համարվում ու պետք է տաք, այնտեղ մեր առաջնագծի կահավորված դիրքերն են, այնպես չի՞ ստացվում, որ մենք կահավորել ենք ու պատրաստի տալիս ենք Ադրբեջանին՝ նա պատասխանեց. «Գեղամ Մանուկյանն ի պաշտոնե մեծ տեղեկատվության է հիմա տիրապետում, ինքը այն, ինչին տիրապետում է, չի հանրայնացնում եւ ճիշտ է անում: Փակ նիստի ժամանակ նրանք տեղեկատվության մասնակից եղան եւ Գեղամ Մանուկյանը այդ հավաքից հետո դուրս էր եկել ու ասել՝ իմ լացը եկել է: Ես հասկացա, որ նա այպիսի կարեւոր տեղեկատվության է արդեն տիրապետում, որ շատերի մոտ հպարտության արցունքներ կարող էին բերել»:

Նախորդ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշից, այսօր սրբագրեց ասածը ու նշեց, որ շփոթվել է. «Բնականաբար, այդպիսի խնդիրները քննարկվում են հանձնաժողովում: Ես ուզում էի երեւի ասել, որ ԳՇ-ի կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքներ կազմակերպելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930