Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ Մարաղայի կոտորածը, թե՛ արդեն 21-րդ դարում ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն արձանագրվել և իրենց գնահատականն են ստացել միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, բազմաթիվ հրապարակումներում և անվիճարկելի են»

Ապրիլ 10,2024 20:40

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված կոտորածի զոհերի հիշատակին. 32 տարի առաջ այս օրը Մարաղայում դաժանաբար սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ բռնի տեղահանվեց և արդյունքում հայաթափվեց:

Ադրբեջանի կողմից ծրագրված և ազգային պատկանելիության հիմքով իրականացված այս գործողությունները մաս էին կազմում էթնիկ զտման ընդհանուր քաղաքականության, որի դրսևրումներն էին նաև ավելի վաղ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Նախիջևանի ամբողջական հայաթափումը:

Պետք է արձանագրել, որ չնայած նշյալ իրադարձություններից անցել է ավելի քան երեք տասնամյակ, դրանց հետևանքով բռնի տեղահանված հայերը մինչ օրս զրկված են եղել իրենց բնակավայրեր վերադառնալու, կորցրած սեփականությունը տնօրինելու և այլ իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ավելին, իրականացված ոճրագործությունների համար անպատժելիությունը, մարդու իրավունքների շարունակական խախտումները և դրանց անտեսումը, իսկ հաճախ նաև պետության կողմից բացահայտ խրախուսման քաղաքականությունը հանգեցրել են նոր զանգվածային ոճրագործությունների և ագրեսիայի:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման, իսկ 2020թ. սեպտեմբերից ի վեր լայնածավալ պատերազմի, ԼՂ հայերին շարունակաբար ահաբեկելու, ԼՂ-ն աշխարհին կապող միակ միջանցքի լիակատար արգելափակման, բնակչությանը սովամահության մատնելու, իսկ 2023թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ԼՂ-ն ևս ենթարկվեց ամբողջական էթնիկ զտման:

Հատկանշական է, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

Թե՛ Մարաղայի կոտորածը, թե՛ արդեն 21-րդ դարում ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն արձանագրվել և իրենց գնահատականն են ստացել միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, բազմաթիվ հրապարակումներում և անվիճարկելի են:

Չնայած դրան, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթած հայերիս, այնպես էլ Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների բնական իրավունքները մնում են չիրացված: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին, միջազգային հանրությանը ապահովել նախկինում ԱԽՍՀ տարածքում բնակված հայերի անվտանգ և ապահով վերադարձն իրենց հայրենի բնակավայրեր, անվերապահ և լիարժեք փոխհատուցել կորսված գույքի դիմաց և պատժի ու պատասխանատվության ենթարկել հայ բնակչության դեմ պատերազմական հանցանքներ գործած բոլոր մեղավորներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930