Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում պարող խմբերին առաջարկում եմ մնալ այնտեղ, եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 15,2024 14:33

«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետեւ իրենք են ապրում այնտեղ եւ հասկանում են, որ այս գործընթացներն ինչքան էլ ներկայացնենք ցավոտ, դա խիստ անհրաժեշտ է։ Առանց պետական սահմանի արձանագրման, մենք տեւական խաղաղության մասին երազել սկի չենք կարող»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելեց․ «Տավուշ գնում են բոլորը, պարի խմբերն այնտեղ պարում էին։ Ես այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Երբ պաշտպանական գերատեսչությունն անձնակազմեր է պատրաստում, նաեւ այդ երիտասարդներն անելիք ունեն՝ 25-օրյա հավաքի տեսքով կլինի, թե Տավուշում իրենց գործունեությունը ներառական դարձնելու մեր անվտանգային համակարգի հետ։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք, եւ այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չէ»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին, որ Փաշինյանը խաբել է տավուշցիներին եւ 10 օր անց նորից չի մեկնել Տավուշ։ «Փաշինյանը 10 օրից կգնա, թե 15 օրից կգնա, դա էլ խնդիր չէ։ Դուք շատ լավ գիտեք, որ հանրապետության վարչապետը չի խուսափում որեւէ ծանր հանդիպումից։ Ուրիշ բան,որ ժամկետները կարող են խախտվել»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ վարչապետը գնա Տավուշ, վարչապետից ներքեւ բազմաթիվ պաշտոնյաներ կան։

Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հայտարարություններին՝ Քոչարյանն ասաց․ «Բագրատ սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար, իսկ դա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները նաեւ Աստծո ձեռքով կլինեն շատ ավելի անվտանգ՝ իրենց աշխատանքը կատարելու համար»։

Քոչարյանի խոսքով՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը միտված է խաղաղության հասնելուն։ Ըստ նրա՝ պետական սահմանի արձանագրումը միակողմանի չի կարող լինել։

«Այդպիսի հարց չի առաջանում հայ-թուրքական սահմանի հետ կապված, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան սահմանի հետ կապված։ Բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, որպեսզի առաջ գնանք խաղաղության տեսանկյունից, դա սկսել է անհանգստացնել բոլորին։ Իրավական հիմքերը որտե՞ղ են։ Բազմաթիվ իրավական հիմքերի հասցեների մասին խոսվել է, եւ ամեն օր ենք խոսում։ Այդ խնդիրները պետք է լուծենք, ընդ որում, դրանք չշահարկվող խնդիրներ են։ Այդ շահարկումները մեզ ստիպում են, որպեսզի խնդիրների լուծումից հեռանանք, իսկ խնդիրների լուծումից հեռանալը սահմանային լարվածությունը չի թուլացնելու»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Ներքին Խնձորեսկի տարածքում օրերս տեղի ունեցած միջադեպին․ «Մի քանի օր առաջ սահմանապահ զորքերի հետ կապված խնդիր առաջացավ հարավում։ Մեր հովիվը մոլորվել էր, եւ երբ մեր ԱԱԾ-ն հայտարարություն արեց,  բոլորը սկսեցին անհանգստանալ՝ ինչո՞ւ արվեց այդ հայտարարությունը։ Պետք է արվեր այդ հայտարարությունը, որովհետեւ եթե այդ հայտարարությունը բացակայում է, սկսվում են փոխհրաձգություններն ու մեղադրանքները։ Եթե մենք ունենք մեր մեղքի բաժինը, պետք է ընդունենք դա, որպեսզի դա լրացուցիչ լարվածության տեղիք չտա։ Մութ սենյակում սեւ կատու ման մի եկեք, ամեն ինչ շատ թափանցիկ է ու պարզ, այդ թափանցիկությունը միտված է յուրաքանչյուրիս եւ նրա ընտանիքի անվտանգությանը։ Որպեսզի պատմական Հայաստանի մասին երազեք, պետք է իրական Հայաստանը լինի անվտանգ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930