Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Էմին Երիցյանն ինձ եւ Վալոդյա Գրիգորյանին հայտնել է, որ իր հանդեպ կան ճնշումներ, որոնք ինքն ի զորու չէ հաղթահարել». «Հրապարակ»

Հունիս 06,2024 11:46 Share

Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական կրքեր են եռում՝ իմպիչմենթ, հրաժարական, ընտրություններ, զոռբայություն։ Նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին փոխարինեց նրա տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ ՔՊ-ից, իշխանափոխություն փաստացի տեղի չունեցավ։ Ֆուտբոլի գնդակի նման համայնքն իրար պաս տվեցին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին հարցրինք՝ ի վերջո, ի՞նչ կատարվեց, ի՞նչ գնահատական կտա նա չկայացած իշխանափոխությանը։ «Իշխանության գործելաոճն է, այս անգամ՝ ակնհայտ։ Նախաձեռնել էինք իմպիչմենթի գործընթաց, որին միացել էր ավագանու անկախ, այս պահին նախկին անկախ Էմին Երիցյանը։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, Երիցյանի հետ հանդիպել է մեր թիմը, մեր գրասենյակում։ Պարոն Երիցյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վալոդյա Գրիգորյանին, նաեւ իր պոտենցիալը ծառայեցնել համայնքի զարգացմանը։ Կարելի է ասել՝ նախաձեռնությունը նաեւ Երիցյանինն է եղել, որն ունեցել է մեծ դժգոհություն համայնքի կառավարումից։ Ներկայանալով որպես մտահոգ անձ՝ նա կողմ էր, որ այս տարբերակով խնդիրը լուծվեր, որ Վալոդյա Գրիգորյանի ղեկավարումը կփարատի այն խնդիրները, որ կան համայնքում։ Արդեն պետք է լիներ համայնքի ղեկավարի ընտրություն ավագանիների կողմից, ինչը զուտ արդեն տեխնիկական հարց էր, եւ Գրիգորյանի ընտրությունն Էմին Երիցյանի հավանության տիրույթում էր։ Վերջին պահին` ընտրությունների նախորդ երեկո, Էմին Երիցյանն ինձ եւ Վալոդյա Գրիգորյանին հայտնել է, որ իր հանդեպ կան ճնշումներ, որոնք ինքն ի զորու չէ հաղթահարել, եւ ստիպված է ընտրել ՔՊ-ի թեկնածուին։ Ես առաջին անգամ եմ ասում՝ ես  իրեն ասել եմ, որ այս տեղեկությունը ես փոխանցելու եմ իրավապահ մարմիններին։ Նախ՝ իրեն եմ խորհուրդ տվել դիմել իրավապահներին, որովհետեւ տեսականորեն կա երկու տարբերակ. կա՛մ ճնշումների տակ է եղել պարոն Երիցյանը, կա՛մ շահագրգռել են նրան։ Ես նրան ասացի, որ եթե եղել են ճնշումներ, թող հայտնի իրավապահ մարմիններին եւ թող բացահայտի այդ բարձր պաշտոնյաների անունները, որովհետեւ ժողովրդավարության բաստիոնից անընդհատ խոսող  իշխանությունը պետք է բացահայտի, թե ինչպես է լինում, որ մարդը  հրապարակային աջակցում է մի թեկնածուի ու հանկարծ մի գիշերում կարծիքը փոխում է»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Բայց Երիցյանն ասում է, որ իր մասնակցությունն իմպիչմենթին ու ՔՊ ընտրելն իրար հետ կապ չունեն, որ այդտեղ քաղաքական հարց չկա։ «Այս պարագայում նա դեմագոգիայով է զբաղվում, որովհետեւ իմպիչմենթի գործընթացը ենթադրում է համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն՝ իմպիչմենթի նախագծում հստակ նշված է՝ անվստահություն հայտնել համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին եւ համայնքի ղեկավար ընտրել Վալոդյա Գրիգորյանին, որի տակ կա պարոն Երիցյանի ստորագրությունը»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության իրավական թիմն այս պահին աշխատում է եւ ներկայացնելու է նյութեր իրավապահներին։ Էմին Երիցյանը պետք է բացատրի, թե ինչպես եղավ, որ վերջին պահին ընտրեց ՔՊ-ին, որից դժգոհելով՝ անցել էր «Ապրելու երկրի» կողմը։ Ո՞վ է ճնշումներ իրականացրել Երիցյանի նկատմամբ՝ հարց, որին դժվար թե իրավապահները ցանկանան պատասխանել։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրությունից հետո Փարաքարի ավագանու անդրանիկ նիստին, երբ ընտրվում էր համայնքապետ, ներկա են եղել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Սարգսյանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նրանք ցուցումներ են տվել ավագանու անդամներին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930