Մ6 եւ Մ4 ճանապարհներն արդեն աշխատում են, վնասված հատվածներ կան, կահավորում ենք, խնդրում ենք վարորդներին զգուշությամբ ճանապարհն անցնել՝ հաշվի առնելով, որ վնասված հատվածներ կան, այդ հատվածներում միակողմանի է երթեւեկությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Լոռու մարզում հեղեղումների հետեւանքով ավերածությունների վերացման աշխատանքները։
Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ավոտերթեւեկությունը վերականգնված է․ «Ավերված հատվածները դարձել են անցանելի: Միջնաժամկետում դրանք կբերենք վերջնական տեսքի։ Ավերված հատվածները պարզ է, որ դեռեւս ասֆալտապատած չեն, գրունտային են»։
Նա նաեւ նշեց, որ մյուս կարեւոր խնդիրը կտրված բնակավայրերն էին․ «Քարկոփ, Ախթալա, Ճոճկան եւ այլ բնակավայրերը կտրած էին։ Կարողացել ենք ապահովել հետիոտնային անցուդարձը։ Գործնականում չենք ունեցել իրավիճակ, որ կտրված բնակավայրերի խանութներում ապրանքներ չլինեն կամ պակաս լինեն»։
Փաշինյանի խոսքով՝ հիմա մենք ավտոմոբիլային երթեւեկությունը վերականգնելու որոշակի աշխատանքներ են անում, հույս ունեն, որ մեկ-երկու օրվա ընթացքում կհաջողվի դա նույնպես վերականգնել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Մայիսի 25-26-ին առատ տեղումները Լոռի մարզում հսկայական ավերածություններ են առաջացրել։ Վնասվել են կամուրջներ, ինչի հետեւանքով մի շարք բնակավայրեր կտրված էին կենտրոնից։ Աղստեի գոտում վնասվել էին այգիներ, երկաթուղին, տներ։ Հեղեղումների հետեւանքով չորս մարդ է զոհվել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ՖԲ էջից


















































