Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ժամ տվեք, գնամ, ճառս վերցնեմ, գամ»․ Հրայր Թովմասյանը՝ նախագահող դատավորին

Սեպտեմբեր 09,2024 18:30 Share

ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց հանրային պաշտպան Զոյա Սակովային ներկայացնել միջնորդություն։ Նախագահող դատավորն ասաց՝ ճառը ներկայացրեք, դրանից հետո, եթե կունենաք միջնորդություն դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ, կարող եք ներկայացնել։ Նաև պաշտպանին զգուշացրեց՝ եթե ճառում կրկնվող հանգամանքներ լինեն, դատարանն ընդհատելու է։ Զոյա Սակովան ասաց՝ ի՞նչ կրկնվող հանգամանքների մասին է խոսքը։ Չգիտեմ՝ ինչ է ներկայացվել։ Դատավորն ասաց՝ քննարկեիք, ինչո՞ւ չեք քննարկել։

Հանրային պաշտպանի ճառից հետո դատարանը որոշեց նիստը հեռաձգել և հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերի 11-ին, որի ժամանակ Հրայր Թովմասյանը հանդես կգա իր ճառով։ Հրայր Թովմասյանը նշեց․ «Դուք հեռացրել եք ինձ միջնորդությունների իրականացման փուլում, և այդ ընթացքում մենք չենք կարողացել մեր միջնորդությունները շարունակել։ Մեր բացակայությամբ քննել եք մեր միջնորդությունները, հետո էլ անցել ավարտական ճառերին։ Հիմա ասում ենք՝ բա մեր միջնորդություննե՞րը, ասում եք՝ ճառերից հետո։ Իմ ճառի մեծ մասը վերաբերում է դրան․ 4,5 տարի եկել, հասել ենք մի հանգրվանի, էն պարագայում, երբ մեր միջնորդությունները, եթե քննարկվեին, էս 4,5 տարին ընդհանրապես չէինք գալու։ Ինձ երկու աշխատանքային օր տվեք ավարտական ճառը պատրաստելու համար։ Վաղը, խնդրում եմ, չհաշվեք, քանի որ վաղը ՍԴ-ն 7 հարց է քննարկելու»։ Դատարանը որոշեց դատական նիստը նշանակել սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10․00-ին։ Հրայր Թովմասյանն ասաց՝ ես ի վիճակի չեմ 4 ժամից ավելի խոսել և խնդրեց՝ ոչ թե ժամը 10-ից, այլ ժամը 13․00-ից սկսել, քանի որ նախորդ ամբողջ օրը զբաղված է լինելու, գոնե առավոտյան հնարավորություն ունենա ճառին պատրաստվել։ Դատավորն ասաց, որ դատարանը բավականին ժամանակ, հնարավորություն տրամադրել է ճառին նախապատրաստվելու համար։ Հրայր Թովմասյանը հարցրեց՝ ո՞րն է այդ հնարավորությունը, նախագահողը պատասխանեց՝ որ հիմա նիստը հետաձգում ենք։ Հրայր Թովմասյանը բարկացավ ու ասաց՝ դե եկեք նիստը շարունակենք՝ ի պատասխան դատավորի ջանքերի հնարավորինս շուտ նշանակել դատական նիստը։

Հանրային պաշտպանին ևս հարմար չէր սեպտեմբերի 11-ը։ Նախագահող դատավորը հորդորեց՝ սեպտեմբերի 11-ի՝ իր նիստերը հետաձգել և գալ, մասնակցել այս նիստին։ Զոյա Սակովան ասաց՝ չեմ  կարող․ ես 6 դատական նիստ ունեմ։ Հրայր Թովմասյանը միջամտեց․ «Իմ պատճառով էս երկրում ով ասես տուժել է, ինչի՞ եք ցանկանում, որ հիմա էլ տիկին Սակովայի մյուս պաշտպանները տուժեն, թույլատրեք, որ չգա։ Եղել է, որ իմ մի պաշտպանի մասնակցությունը բավարար է եղել, որ նիստը շարունակվի, ինչո՞ւ որոշեցիք, որ էդ մեկ հոգին լինի Սակովան։ Ես վերին արտի ցորե՞նն եմ, որ իմ համար պիտի գա, եթե ես երկու պաշտպան ունեմ»։

Հրայր Թովմասյանը նախագահող դատավորին միջնորդեց մեկ ժամ տրամադրել, որ գնա, ճառը տպի, գա։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30