«Մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից ի վեր իշխանությունները հանդես են գալիս ներքին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու լրջագույն խոստումներով, ինչը ստանձնել ենք նաեւ CEPA-ով (ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ): Այդ պայմանագրում ամրագրված է՝ ՀՀ իշխանությունը պետք է հետամուտ լինի ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ապահովմանը»,- ԵՄ-ը միանալու համար ստորագրահավաք սկսելուն վերաբերող պանելային քննարկման ժամանակ այսօր ասաց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը:
Ըստ նրա՝ ստանձնած պարտավորությունների չկատարումը կամ թերի կատարումը հիմք է պայմանագրի խզման համար: Նրա խոսքով այս տարվա փետրվարին տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի նիստ, պայմանավորվածություն է ձեռքբվերվել աշխատանք տանել նոր օրակարգի շուրջ, որի մոնիտորինգի դերը վերապահվելու է ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմին.
«Եթե չլինի այսպիսի մի կարեւոր ձգտում՝ ԵՄ անդամակցության ձգտումը, իշխանություններն այդպես էլ մեր բարեփոխումների լուրջ քայլերի ձեռնամուխ չեն լինի: Պետք է ներքեւից լուրջ պահանջ ձեւավորվի ԵՄ անդամակցության, որ այդ բարեփոխումներն իրականացնելու մոտիվացիան էլ ձեւավորվի»:
Հիշեցնենք, որ Եվրամիություն ձգտող հայաստանյան արտախորհրդարանական 4 ուժ սեպտեմբերի 4-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Այդ ուժերն են «Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































